Աշխատողների աշխատավարձերը բարձրացրեցին. մե՞ջն ինչ կա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 15, 2013 12:56

Հունվարի 1-ից  բյուջետային մի շարք աշխատողների աշխատավարձերը բարձրացան: Ու թեև այդ աշխատողները մեծ հույսեր էին կապում իրենց աշխատավարձերի բարձրացման հետ, շատշատերը հուսախաբ եղան, քանի որ դրանից իրենց ստացած մաքուր աշխատավարձը որևէ փոփոխություն չկրեց:

 Թե ինչու փոփոխվեցին խաղի կանոնները

Նախորդ տարեվերջին որոշ աղմուկ հանեց  և դժգոհությունների տեղիք տվեց կառավարության` մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը, որոնք բիզնես միջավայրում, հարկա-բյուջետային քաղաքականության մեջ փոխեցին խաղի կանոնները: Խոսքը մասնավորապես 2012 թ. դեկտեմբերին հապճեպորեն ընդունված մի շարք նախագծերի մասին է, որոնք վերաբերում էին «Շրջանառության հարկի մասին» օրենքին, մաքսային օրենսգրքին, «Արտոնագրային վճարների մասին» օրենքին, «Եկամտային հարկի մասին» օրենքին և այլն: Օրենքների փոփոխությունների նախագծերի քննարկման ժամանակ, երբ դրանք ներկայացվել էին ԱԺ, ընդդիմության ներկայացուցիչները նշում էին, որ սրանք փոփոխություններ են, որոնք ավելի խառնաշփոթ և ծանր վիճակ կստեղծեն տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսի համար, գործատուների համար և այլն, փոխանակ հակառակը լիներ:

Ընդդիմության ներկայացուցիչների կանխատեսումները շատ արագ իրականացան: Նախ` բողոքի մեծ ալիք բարձրացավ ստոմատոլոգների կողմից` հարկային բեռը մեծացնելու և հարկային քաղաքականությունն այս ոլորտում փոփոխելու կապակցությամբ, այնուհետև` անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվողների դժգոհության ալիքը բարձրացավ և այլն:

Այս օրենքների ընդունման ժամանակ կառավարության հիմնավորումն այն էր, թե իբր այս քայլերով ստվերային տնտեսության դեմ պայքարն է ուժեղանում, ինչպես նաև հեշտանում են գործատուների կողմից վարվող հաշվապահությունն ու հարկային վարչարարությունը:

Բայց օրենքներում փոփոխություններն ու լրացումները կատարվեցին հապճեպ ու նորմերի խախտմամբ: Օրինակ` միջազգային փորձը հստակ ասում է, որ չի կարելի, և պրակտիկայում ընդունված չէ, որ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք հանգեցնում են հարկ վճարողների գործունեության պայմանների բարդացման, նման արագընթաց կարգով քննարկվեն և ուժի մեջ մտնեն: Հարկ է, որ դրանց նախորդեն շատ լուրջ քննարկումներ թե՛ օրենսդրական նախաձեռնության հեղինակների, և թե՛ նաև  խորհրդարանի անդամների կողմից: Որպեսզի խաղի կանոնները, մինչև ընդունումը, ընկալելի և հասկանալի լինեն հատկապես մասնագիտական շրջանակների համար:

«Ցավոք, այս  կարգի նախաձեռնություններն այդպես էլ չեն ձևակերպում, թե ի վերջո ինչի են միտված ու ինչ նպատակ ունեն: Եթե անգամ դիտարկում ենք օրենքի նախագծի հիմնավորումները, տեսնում ենք, որ չկա հստակ ձևակերպված նպատակ` ի վերջո սա ի՞նչ նպատակ է հետապնդում, բյուջեն հավելյալ գումարներ լցնելո՞ւ, թե՞ ստվերային տնտեսությունը կրճատելու, թե՞ խաղի կանոնները հեշտացնելու և փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացման տեսակետից»,- այս կապակցությամբ նշել էր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա ենթադրություններով` այս օրինագծերի ընդունումը մի շարք, հիմնականում քաղաքական ենթատեքստ ուներ: Այն է` սրանով փորձ է արվում ոչ միայն տարբեր ոլորտներ մենաշնորհացնել, այլև իրականում կտրել հիմքից այն մարդկանց վարքագծի առավել անկախ դրսևորումները, որոնք ինքնուրույն էին իրենց եկամուտներն ապահովում: Այսպիսի քայլերով իշխանությունները, որքան հնարավոր է փորձում են իրենից կախվածության մեջ պահել անգամ այնպիսի  բարձրորակ ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող աշխատանքները, ինչպիսիք ստոմատոլոգներն են:

«Այս նոր օրենքների հապճեպ ընդունումով կառավարությունը մեկ այլ հարց էլ էր լուծում: Մասնավորապես` բյուջեի քննարկման ժամանակ որպես թիրախ նպատակադրված բյուջետայի մուտքերը մեծացնելու հարցը»,- մեզ հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը: Այդ զրույցի ժամանակ դեռևս չէինք կարողանում հասկանալ, թե ինչ նկատի ուներ տնտեսագետ-պատգամավորը: Նա նշում էր, որ բյուջետային մուտքերը մեծացնելու նպատակով են եկամտային հարկի մասին օրենքը տարածելու նաև բյուջետային աշխատողների, զինծառայողների, քաղծառայողների և այլոց վրա:

 «Ֆոկուսներով» վիճակագրությունը օպտիմալացնելու քաղաքականություն

Օրեր առաջ զրուցում էի ազգականուհիներիցս մեկի հետ, որն աշխատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո գործող ինչ-որ կազմակերպությունում: Նա  պատմում էր, որ իր աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացվել է, նախկին 49 հազարից այժմ դարձել է 65 հազար, բայց ինքը շարունակում է նույն չափով աշխատավարձ ստանալ: Իսկ իմ հարցին, թե իսկ ավելացված աշխատավարձն ուր է կորչում, ասաց. «Նոր օրենքով եկամտահարկի տեղ են պահում: Սկզբում ասացին, որ մեր աշխատավարձերը բարձրանալու են. ուրախացանք: Բայց հետո տեսանք, որ բարձրացրել են այնքան, ինչքան որ եկամտային հարկ պետք է մեզնից գանձեին»:

Տրամաբանությունը պարզ է, հարկային քաղաքականության մեջ ամրագրվում են խաղի նոր կանոններ: Եվ առաջին հերթին սկսում են հենց իրենցից: Այս սկզբունքով բյուջետային աշխատողների աշխատավարձերը բարձրացվում են այնքանով, որքանով պետք է ավելանան նրանց կողմից հարկային պարտավորությունների չափերը: Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է ավելի աշխատավարձ, մյուսով այն հարկերի տեսքով վերցնում է: Արդյունքում իր գումարները չեն փոփոխվում, աշխատողների աշխատավարձերի վրա ավելացումները ոչ մի կերպ չեն ազդում, կամ արդարության համար նշենք, որ որոշ դեպքերում  ազդում են ամենաչնչին` 1000-2000 դրամ ավելանալով:

Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ այսպիսի էժանագին վարչարարական մանիպուլյացիայի միջոցով փոխվում է վիճակագրությունը: Նախ` հարկային մուտքերն են ավելանում, երկրորդ` իբրև թե աշխատավարձերն են բարձրանում: Եվ զուտ փաստաթղթերով ու վիճակագրորեն ստացվում է, որ կառավարությունը կարողանում է հասնել իր նպատակադրած հարկային մուտքերի ավելացմանը, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացմանը:

«Ըստ էության` այս օրենքների նպատակը եղել է պարզեցումը, այսինքն` երկու հարկի փոխարեն  մեկի կիրառումը, և այդպիսի մեծ օգուտներ չպետք է սպասել դրանից:

Ես չեմ կարծում, որ վիճակագրությունն ավելի լավ ցույց տալու համար է այդպես արվում: Ես կարծում եմ` այն, ինչի մասին խոսվել է ի սկզբանե, այսինքն` ուղղակի պետք է ավելի պարզեցվեն հաշվարկները թե՛ գործատուի համար, թե՛ ցուցանիշների հաշվարկման առումով` ներկայացվող մակրոտնտեսական ցուցանիշների տեսքով:

Ես կարծում եմ, որ չպետք է այս գործողություննեը կապ ունենան կառավարության թիրախի` բյուջետային մուտքերի ավելացման հետ: Այն, ինչ նպատակադրված է հարկային տուրքերի ավելացման մասով, հիմնականում ստվերային տնտեսության  կրճատման և հարկային վարչարարության բարելավման հաշվին է»,- այս առիթով ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Եթե կառավարությունն իր բոլոր թիրախներին հասնի այսպիսի «հնարամիտ» եղանակներով, իսկ իրականում` թվերի էժանագին մանիպուլյացիայով, ապա շատ վատ պատկեր է ստացվում: Առաջին հերթին այն, որ այսպիսով կառավարությունը հայտնում է իր անկարողությունն ու ապաշնորհությունը լուրջ քայլեր ծրագրելու և դրանց իրականացման ուղղությամբ  ընտրում է ամենաանպատվաբեր տարբերակը` թվանկարչությունը,  եթե չասենք` աճպարարությունը: Երկրորդ` այսպիսի «ֆոկուսները» ո՛չ խաղի կանոններն են հեշտացնում տնտեսության մեջ, ո՛չ դրական արդյունք են ունենում, ու ո՛չ էլ ինչ-որ լուրջ հետևանքներ են ենթադրում, էլ չասենք արդյունքների մասին: Սա ամենահասարակ աչքկապություն է, քանի որ իր «լուրջ» ծրագրերին հավատում է միայն կառավարությունը, իսկ մարդիկ տեսնում են իրականությունը:

Դիտվել է 2462 անգամ:
Print Friendly

Leave a Reply