Մեծահարուստ Սամվել Կարապետյանը կփոխի՞ վերաբերմունքը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 17, 2013 7:52

Ըմբշամարտն անսպասելիորեն 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից հանելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանում: Աշխատանքը կկորցնե՞ն ըմբշամարտի մասնագետները, կպակասե՞ն մարզաձևին հատկացվող փողերը, առաջիկա ի՞նչ անելիքներ են լինելու: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին:

– Ինչ խոսք, անակնկալի ենք եկել ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհի ըմբշամարտի ներկայացուցիչները: Բնականաբար, դա աշխատանքի վրա չի կարող չանդրադառնալ: Շատ բաներ կարող են փոխվել: Տարբեր երկրների ըմբշամարտի ֆեդերացիաների հետ մեկտեղ Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնապես դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը: Անհասկանալի է, թե ինչպես կարող է ըմբշամարտը չլինել օլիմպիական խաղերի ծրագրում: Բայց այդ ամենը դեռևս նախագիծ է: ՄՕԿ-ի սեպտեմբերին կայանալիք համաժողովում վերջնականապես կորոշվի` լինելո՞ւ է ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրում, թե՞ ոչ:

 Ինչպիսի՞ն են ըմբշամարտի` մրցակից մի շարք մարզաձևերի հետ պայքարելու և օլիմպիական խաղերի ծրագրում կրկին ընդգրկվելու հնարավորությունները:

– Ըմբշամարտը դիտարժան մարզաձև էր, սակայն, մրցումների կանոններում քանիցս կատարված փոփոխությունները հանգեցնում են նրան, որ այն դառնա անհետաքրքիր: Ինքս մասնագետ լինելով` նույնպես այն կարծիքին եմ, որ այն իրոք դիտարժան չէ: Մասնավորապես, մրցակից հունահռոմեական ոճի ըմբիշները  մրցագորգի վրա 1,5 րոպե դեմ դիմաց են կանգնում. գործողություն չկա: Հետո նրանցից մեկը չորեքթաթ դիրք է ընդունում, մյուսը փորձում է նրան գլորել: Այնուհետև  մրցակիցները դիրքերը փոխում են: Գործողություններ չկան, բայց հաղթող լինում է: Հանդիսականի համար դա է անհասկանալի:

 Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերում տարբերություններ կան ոչ միայն մրցաձևերի, այլև միավորների հաշվարկի, նույնատիպ հարցերի նկատմամբ դրսևորվող մոտեցումների միջև: Ընդ որում, երկու մրցաձևերն էլ սպասարկում են նույն մրցավարները: Այս ամենը չի՞ զարմացնում:

– Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն է բերել և դրան հասցրել: Բայց առաջ այդպես չէր: Այս խնդիրը լուծելի է: Միայն պետք է բարձր կանգնել,  չմտածել, թե որ երկրների ներկայացուցիչները պետք է մրցումների ժամանակ տիրանան մեդալների, մրցավարների դաշտը մաքրել անազնիվներից:

 Բացահայտ խոսվում է, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը կոռումպացված է: Լուրեր են շրջում, որ անգամ համակարգչով կատարվող վիճակահանության ժամանակ կարելի է այնպես անել, որ ցանկալի տարբերակը ստացվի: Իրո՞ք այդպես է:

– Մրցումների կանոնակարգն այժմ այնպիսին է, որ մեծ կախվածություն կա մրցումների կազմակերպիչներից: Մինչդեռ նախկինում մարզիկները վիճակահանության ժամանակ մոտենում էին և սեղանից վերցնում իրենց համարը: Ամեն ինչ արվում էր պարզ և թափանցիկ, ոչ մի կասկած չէր առաջանում: Դա  մեր օրերում ձեռնտու չէր: Պնդում էին, թե զարգացել ենք, անհրաժեշտ է նոր մեթոդներ կիրառել: Եվ տարբերակներ էին  մշակվել, որոնք կասկածների տեղիք  էին տալիս: Նույնիսկ պարկից վիճակահանության ժամանակ կողմնակալությունը, ստվերային գործարքները չեն բացառվում:

 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին հրաժարական է տվել: Իսկ նրա թիմը մնո՞ւմ է: Այդ կառույցում է երկար ժամանակ Հունաստանում բնակվող, սակայն Հայաստանը ներկայացնող Ստեփան Ղազարյանը:

– Բացի կազմակերպության նախագահից, ոչ ոք չի հեռացել: Նրան բյուրոն է անվստահություն հայտնել: Ժամանակավորապես ֆեդերացիայի ղեկը ստանձնել է սերբ Նենադ Լալովիչը: Ըմբշամարտի միջազգային համաժողով է հրավիրվելու, որին մասնակցելու է նաև Հայաստանի ներկայացուցիչը, և այդ ժամանակ էլ կհստակեցվեն անելիքները:

 Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան գլխավորում է մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Դեպքերի այս ընթացքը կարո՞ղ է առիթ դառնալ, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցը փոխի վերաբերմունքը, հետ կանգնի:

– Ներկայացված ամեն խնդիր այժմ լուծվում է: Թե ինչ կլինի հետո, դժվար է կանխատեսել: Բայց եթե ըմբշամարտն այլևս օլիմպիական մարզաձև չհամարվի, ոչ միայն կազմակերպության նախագահի, այլև մեր երկրի սպորտի ոլորտի ղեկավարության վերաբերմունքը կարող է փոխվել, տրամադրվածությունն այն չլինել: Գաղտնիք չէ, որ այն մարզաձևերը, որոնք օլիմպիական չեն, դրանց նկատմամբ մոտեցումը տարբերվում է: Մասսայականության խնդիր էլ կառաջանա: Առանց այդ էլ արդեն նվազել են ըմբշամարտով կանոնավոր զբաղվողները: Մեծամասնությունը նախապատվությունը տալիս է արևելյան մարտարվեստի ձևերին: Եթե հաստատվի, որ ըմբշամարտն այլևս օլիմպիական մարզաձև չէ, ծնողները չեն ցանկանա, որ իրենց երեխաները հմտանան այդ մարզաձևում:

 Ստեղծված իրավիճակից հետո ըմբշամարտի խմբեր երեխաների հոսքի նվազում նկատվե՞լ է:

– Դեռևս ոչ: Հայաստանում ըմբշամարտով զբաղվում է շուրջ 6 հազար մարդ:

 Իսկ հնարավո՞ր է, որ մասնագետներն աշխատանքից զրկվեն, կորցնեն ապրուստի միջոցը:

– Մի քանի հարյուր մարզիչ, մրցավար ունենք, և անկասկած նրանց թիվն առնվազն կիսով չափ կնվազի:

 – 2013-ին որո՞նք են լինելու մեր ըմբիշների գլխավոր փորձությունները:

– Ներկայումս Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն Ավանում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաբազայում նախապատրաստվում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարտի 18-ին և 21-ին կմեկնարկեն ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունները: Սեպտեմբերի 10-17-ը Հունգարիայում կայանալու է աշխարհի առաջնությունը:

 Մերոնք մարտակա՞ն կազմերով են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

– Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը մեր փորձառուներից չեն մասնակցի Ռոման Ամոյանը (55 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): Նրանք նախապատրաստվելու են աշխարհի առաջնությանը:

 Գերծանրքաշային Յուրի Պատրիկեևի հարցը լուծվե՞լ է:

– Դեռևս պարզ չէ` նա ընդհանրապես շարունակելո՞ւ է մրցելույթները, թե՞ ոչ:

 Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում լեգեոնականներ կա՞ն:

– Նրանցից թիմում է մնացել միայն 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը:

 Մեր ըմբիշներից ակնկալիքներ կլինե՞ն:

– Անպայման: Եվրոպայի առաջնությունում մեդալներ կունենանք:

 

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply