Պատմական հուշարձաններն «արդիականացնելու, մոդեռնիզացնելու» քաղաքականությունը նոր թափ է առնում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 18, 2013 7:08

«Արդիականացման» օրինակները բազմաթիվ են: Օրերս հայտնի դարձավ, որ այդ ցանկը ևս մեկով համալրվեց: Թեև վերականգնման քողի տակ Գառնիի պատմական կամրջին «արդիական  նոր շունչ» պարգևելու զարգացումները, համոզված եմ, դեռ նորնոր  պիտի թափ առնեն, փորձենք հասկանել, թե ինչ «փորձանք» են այս անգամ բերել պատմական այս կամրջի գլխին: Զրուցակիցս այս «արդիականացման» խնդիրներով ոչ միայն մտահոգ, այլև  աննկուն պայքարողի անուն հանած Սամվել Կարապետյանն է` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահըԻ՞նչ է նրան հայտնի:

– Ես գիտեի,որ կամուրջը վերականգնվում է, բայց թե ինչպես են ընթանում աշխատանքները, տեղյակ չէի: Օրերս «Արմնյուզի» թղթակիցը մի քանի լուսանկարներով եկավ մեր գրասենյակ: Լուսանկարներից էլ հասկացա, թե իրականում ինչ է կատարվել. նոր կամուրջ են կառուցել: Եթե ցանկանում էին Գեղարդ գետի վրա մի նոր կամուրջ կառուցել, ապա մի քիչ վերև կամ ներքև` կարող էին դա անել, բայց նման ձևով պատմական հուշարձանին մոտենալու իրավունք չունեին: Ծայրահեղ կամայական, չհիմնավորված, չպատճառաբանված, որևէ կերպ չարդարացված աշխատանքներ են իրականացվել, ինչի հետևանքով պատմական հուշարձանը պղծվել, ոչնչացվել է բառիս  բուն իմաստով: Ամեն ինչ հորինված է, քանի որ կամրջի երկու ճակատները` ինչպես հոսքընթաց, այնպես էլ`հոսքընդդեմ,  երբևէ սրբատաշ չեն եղել: Նման շատ շատ կամուրջներ ունենք, որոնք հենց ճիշտ այդ ձևով են  լուծված:

 Ո՞ր թվականի կառույց է:

– Ենթադրելի է, որ 11-13-րդ դարերի միջակայքում է կառուցվել: Վստահ չեմ, քանի որ շինարարական արձանագրություն չունի: Համանման կառույցներ շատ կան, որոնք հենց այդ դարաշրջանով են  թվագրված, ինչն էլ օգնում  է հասկանալու այս կամրջի մոտավոր տարեթիվը` 11-13-րդ դդ.:  Որպես կանոն, մեր կամուրջների  առավել պատասխանատու հատվածներն են միայն սրբատաշով կառուցված: Եվ ոչ միայն կամուրջները: Շատ եկեղեցիներ էլ ունենք, որ անմշակ քարով են կառուցված, բայց սյուները, թաղակիր կամարները սրբատաշ են: Այսինքն` սրբատաշը երբևէ չի շռայլվել: Տվյալ դեպքում այս կամրջի խելերից մեկը բարձր ժայռի վրա է, մյուսը` գետին մոտ: Եվ այդ գետին մոտ եղած խելը, որի տակ էլ հիմնականում ջուր էր մտել, միայն  պետք է ամրակայվեր, որպեսզի վտանգ չառաջանար, որովհետև ջուրը դարերի ընթացքում քանդելով մտել էր խելի տակ: Դա պետք է ամրակայվեր, ինչն էլ արել են: Դրանից ավելի անելիք չկար, մինչդեռ ողջ երեսապատը, որ անմշակ քարով էր, քանդել են և սրբատաշը դրել ցեմենտով: Գոնե կրով անեին, ինչպես կառուցված է կամուրջը: Ցեմենտն էլ սպիտակում,աղակալում է, տհաճ տեսարան ստեղծում: Բայց խնդիրը ոչ այնքան ցեմենտն ու կիրն են, այլ` սրբատաշ երեսապատումը. չպետք է անեին, որովհետև այդպիսին չի եղել այդ կառույցը:

  – Կարելի՞ է ենթադրել, որ հինը նորով են փոխարինել:

– Այո, տեղի է ունեցել ոչ թե վերականգնում, մանավանդ գիտական իմաստով հիմնավորված, այլ վերակառուցում: Բոլորովին նոր կամուրջ են կառուցել: Քարե բազրիքներ են երկու կողմում կառուցել, որ իբր ապահովեն անցուդարձը, այն դեպքում, երբ կամրջով  երբևէ անգամ սայլ չի անցել: Դա հետիոտնի կամ հեծյալի համար նախատեսված կամուրջ է եղել: Կամուրջն անցնելուց հետո կտրուկ վերելքով, զիգզագ բարձրացող, տեղ-տեղ վտանգավոր մի կածան է սկսվում: Եվ եթե ապահովել են կամրջով անցնելիք հատվածը, ուրեմն ամբողջ կածանը նաև պիտի բազրիքապատեին, որպեսզի մարդիկ ապահով վեր բարձրանային:  Ի դեպ, այդ կածանի ամենաապահով հատվածը 3մ 90 սմ լայնություն ունեցող կամրջի հատվածն է, քան դրանից հետո սկսվող և դեպի վեր տանող կածանը:

 Ձեր խոսքից հասկացա, որ անիմաստ, անհեթեթ մոտեցում է դրսևորվել:

– Ծայրահեղ անիմաստ: Ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է միջնադարյան հուշարձանը երեսպատել սրբատաշ քարով: Նման մի դեպք էլ տարիներ առաջ եղավ, երբ Գանձասարի վանքի շրջապարիսպն էին  ուզում երեսապատել նորից չհիմնավորված, կամայական ձևով: Սակայն այդ պարագայում մշակույթի երկու նախարարությունները` Հայաստանի և Արցախի, իրենց բացասական կարծիքը հայտնեցին իրողության առիթով:

 Եվ ինչո՞վ ավարտվեց գործընթացը:

– Դադարեցրին, հետո նորից վերսկսեցին: Հովանավորը, արհամարhելով երկու պետական կառույցների կարծիքները, իր գործը շարունակեց: Բայց հարցն այն է, որ այսօր մեր նախարարության թողտվությամբ տեղի ունեցավ արդեն մեկ այլ հուշարձանի սրբատաշ քարով երեսապատում, երբ Գանձասարի դեպքում իր բացասական կարծիքն արդեն հայտնել էր:

 Այսինքն` մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը:

– Եվ ցավալին այն է, որ Գառնին մշակույթի նախարարության «գիտխորհուրդ» անցած նախագծով է իրականացվել: Մենք այլևս չունենք Գառնիի միջնադարյան կամուրջը: Փոխարենը` XXI դարի մի նորաշեն  կամուրջ: Եթե շատ էին ուզում նման կամուրջ ունենալ, մի փոքր ներքև, ձորի մեջ թող կառուցեին, բայց չպղծեին միջնադարյան հուշարձանը:

 Կարելի՞ է ենթադրել, որ հարմար առիթը` ամերիկյան դեսպանատան տրամադրած 100-110 հազար ամերկյան դոլարը ծախսելու հնարավորությունը ձեռքներից բաց չեն թողել...

–  Մենք օրհասական վիճակում գտնվող, դրամի կարիք ունեցող շատ հուշարձաններ ունենք վերականգնման իմաստով: Եվ այնպես չէր, որ արդեն այնքան գումար ունենք, ու չգիտենք, թե որտեղ ծախսենք:  2-3 հազար դոլարով կարելի էր հուշարձանի խելի տակն ամրակայել և ջրահեռացման աշխատանքներն իրականացնել,  բայց հիմա փորձում են ուռճացնել, ցույց տալ, որ իբր գործ են արել: Պետք էր գոնե հավատարիմ մնալ նախկինում կառուցված ոճին, ընդամենը նույն անմշակ քարերով լրացնել թափված երեսպատի քարերի վերին շարվածքը, որպեսզի շարունակական քայքայում տեղի չունենար: Ընդամենը: Նոր կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը չկար: Խայտառակվեցինք միջազգայնորեն: Ես ենթադրում եմ, որ մշակույթի նախարարության հովանու ներքո խցկվել են ոլորտի մաֆիոզներ, որոնք էլ իրենց ուզած ձևով`  մատների վրա խաղացնում են նախարարությանը, ըստ էության:

 Ձեր այս տեսակետը ի՞նչ հիմք ունի:

– Միայն Գառնիից ենք խոսում: Ասօր Բուժական գյուղի մոտ ունենք Թեղանյաց վանքը, որի բակում 1500 ճարտարապետական բեկորները թողած` նոր տաշուշար են անում: Կամ ասենք` Իրինդ գյուղի եկեղեցու վերականգնման ժամանակ, եկեղեցու 250 ճարտարապետական բեկորները նույնպես  աչքաթող անելով, նոր տաշուշար են անում: Չգիտեմ, թե այդ կերպ վարվելու շահագրգռվածությունը որն է: Գուցե ավելի են վճարվում: Հուշարձանը վերականգնել ու հնավայրի տարածքում նրա քարերը  թափած թողնելն ինձ համար անընդունելի է: Չէ՞ որ վերականգնում նշանակում է վերստին կանգնեցնել: Եթե հուշարձանի բեկորը  կա: Ուրիշ հարց է, երբ բեկորն այն  աստիճան փշրված է, որ գործածելն անհնար է: Բայց այս երկու դեպքում էլ համալիրների տարածքներում ճարտարապետական բեկորներ մնացել են, մեկում` շուրջ 250, իսկ մյուսում` 1500: Յուրաքանչյուր բեկոր, ըստ նախագծի, պետք է իր տեղում հայտնվի: Մարդիկ մեկ ամսվա մեջ մի քանի նախագիծ են անում: Մի քանի մարդ, լավ մասնագետներին դուրս թողնելով, ոլորտը սեփականաշնորհել են,  ու իրենց ուզածն անում են: Զարմանում եմ, շատ եմ զարմանում և որևէ բացատրություն չեմ կարող տալ, երբ  այսօր դրանք միջնադարյան հուշարձանները վերականգնելու անվան տակ ոչնչացնող մարդիկ երբեմնի նախագծային գրասենյակի աշխատակիցներ են, վերականգնող ճարտարապետներ: Մեր մասնագետներն  ի՞նչ աստիճան ընկան: Առավել ցավալի է, որ գործի գլուխ են կանգնած հատկապես այն մարդիկ, որոնք լավ գիտեն` ինչ ասել է գիտական վերականգնում:

 Լավ, հավատացա՞ծ եք, որ Գառնիի թնջուկը, այնուամենայնիվ,  3 հազար դոլարով կարելի էր լուծել: Իրականությունն այլ բան է  ասում:

– Չգիտեմ, իմ մտահոգությունը ոչ այնքան գումարը մսխելն է, որքան պատմական հուշարձանն իր անաղարտ վիճակում տեսնելը: Ավելի լավ էր ողջ գումարն ուտեին, բայց քարուքանդ չանեին մեր միջնադարյան հուշարձանը:

 Այդ դեպքում ո՞ւր էր նայում խնդրով մտահոգ մարմինը` մշակույթի նախարարությունը:

– Նախարարն իր ֆունկցիան գերազանց կատարեց: Գտավ հովանավոր: Շնորհակալություն ամերիկյան կառավարությանը` հանձին դեսպանի, որ Հայաստանում ներդրում արեց, որպեսզի մի  պատմական հուշարձան վերականգնվի: Նախարարը ճարտարապետ չէ, նա իր գործի վարչական կողմն ապահովեց: Մենք փոխնախարար Սամուելյան ունենք, որը բարեբախտաբար մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա պարտավոր էր ավելին հասկանալ ու նման այլանդակություն թույլ չտալ: Մինչդեռ նրա գիտությամբ  հուշարձանի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Մենք կորցրինք միջնադարյան մի կամուրջ:

 Ուրեմն ո՞րն էր նախընտրելին, վերականգնե՞լը, թե՞ չվերականգնելը:

– Ինչպես «վերականգնեցինք» Գառնիի կամուրջը կամ «վերականգնում» ենք Թանահատը կամ Թեղենյաց վանքը, նմանօրինակ «վերականգնումների» դեմ մենք միշտ  մեր ձայնն ենք բարձրացնում: Միշտ տեսել ենք կամ տեսնում ենք Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքերի ձեռքով իրականացված «վերականգնումները»: Շատ կցանկանայի, որ մեր վերականգնող ճարտարապետների ձեռագիրն էապես տարբերվեր  թուրքերի` մեր հուշարձանների նկատմամբ դրսևորվող վերականգնողական ձեռագրից: Չենք կարող նրանցից պահանջել, որ Անիում իրենց սրտի ուզած աշխատանքը չանեն, երբ դրանից ավելի վատ մենք ենք անում մեր հուշարձանների նկատմամբ: Դրանով լավ հաղթաթուղթ ենք տալիս թուրքերին:

Իսկ ինչ վերաբերում է վերականգնելուն կամ չվերականգնելուն, կարծում եմ, որ եթե դա է մեր հնարավորությունը (բայց լավ գիտեմ, որ դա չէ), լավ է հուշարձանին մոտիկ չգանք. ընդհանրապես: Եթե մի բան էլ անենք, ուրեմն ամրակայման շրջանակից ընդհանրապես  դուրս չգանք: Այսինքն` վերականգնման փուլ չմտնենք:

Որովհետև ունենք մի մաֆիոզ խումբ, որը պատրատ է իր գրպանի համար պղծել Հայաստանի  բոլոր հուշարձանները, խումբ, որը կերել է մշակույթի նախարարության խելքը, ըստ էության, ու իր տեղն այդ համակարգում լավ տաքացրել: Եվ զարմանալի է, որ մեր պատմական հուշարձանները հերթականությամբ փչացնող, շարքից հանող այդ խումբը մշակույթի նախարարությունում կարող է հովանավորություն ունենալ:

 Լավ, այդ դեպքում, չասեմ սրտացավ, գործից հասկացող մի մասնագետ, վերահսկող չկա՞:

– Հիշում եմ` 1980-83 թթ., երբ նախագծային գրասենյակում էի աշխատում, տասնյակ վերականգնող մասնագետներ կային, ըստ մարզերի: Յուրաքանչյուր նախագիծ գիտխորհրդում քննարկվում էր: Չկար մի նախագիծ, որը գլխավոր խորհրդական Հրաչյա Գասպարյանի խորհուրդներից հետո վերջին փուլում չշահեր: Նրանից անվերջ սովորելիք կար: Այսօր Հրաչյա Գասպարյանի նման մասնագետը ընդհանրապես դուրս է մնացել այդ աշխատանքներից: Փոխարենը կան մարդիկ, որոնք կարող են մեկ ամսում երեք հուշարձանի նախագիծ անել, այն դեպքում, երբ իրականում մեկ հուշարձանի նախագիծը առնվազն  5-6 ամսվա աշխատանք է պահանջում, որպեսզի յուրաքանչյուր քար  նախագծում իր տեղն ունենա: Մեր ընդհանուր ողբերգությունն է, որ նման մարդիկ այսօր բարգավաճում են: Նախարարությունն իր մեջ ուժ պիտի գտնի, մանավանդ որ փոխնախարարը ճարտարապետ է, հեռու մնալ այդ մաֆիոզներից և իր շուրջը հավաքել սրտացավ մասնագետների, ինչպիսին Հրաչյա Գասպարյանն է: Այդ մարդը ողջ է, ինչպե՞ս կարող ենք չօգտվել նման մարդու ծառայությունից: Մեր բոլոր աշխատանքները ծուռ են գնում, և ծուռ են գնում մեր անկախ պետականության օրոք: Սա ողբերգություն է:

 Իսկ Սանահինի թնջո՞ւկն ինչպես հանգուցալուծվեց:

– Չգիտեմ: Հետո կիմանանք: Անցյալ տարի` ուշ աշնանը, ծածկասալերն էին հանում, որ փոխեին, երբ դիմացը ձմեռն էր ու ձնհալով գարունը: Լավ թե վատ, այդ քայքայված սալերն իրենց գործն անում էին: Ծածկերը փոխելու նման աշխատանքը պետք է գարնանային անձրևից հետո` ամռան սկզբին արվի: Մինչդեռ մարդիկ աշնանն էին այն սկսել: Թե  խելքներին ինչ էր փչել, դժվարանում եմ ասել: Այդ պատճառով եմ ասում, որ Սանահինից փչող «քամիների» շունչը դեռ նոր պիտի զգանք…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply