Վետերանների դրամական ավանդները կփոխհատուցվեն արտահերթ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 8, 2010 20:44

Ապրիլի 8-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՙՀՀ 2010 թ.-ի պետական բյուջեի մասին՚ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առիթով վետերաններին արտահերթ կտրամադրվի նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը:

ՙՀՅԴ՚ խմբակցության անդամները քվեարկեցին ՙձեռնպահ՚, իսկ ՙԺառանգություն՚ը քվեարկությանը չմասնակցեց: Պատճառը ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջարկությունների անտեսումն էր: Նրանք նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել էին, որ

վետերաններին արտահերթ փոխհատուցելու գաղափարն ինքնին ընդունելի, ողջունելի է, սակայն առաջարկվող լուծումները` ոչ: Մասնավորապես, մտավախություն էր հայտնվել, որ պետական բյուջեում այդ նպատակով լրացուցիչ գումարներ չնախատեսելու դեպքում կարող է որոշակի հակադրություն, լարվածություն ստեղծվել սոցիալական երկու խավերի` վետերանների եւ նպաստառուների միջեւ, քանի որ վետերանների ավանդները փոխհատուցվելու են նպաստառուների ավանդների փոխհատուցման համար 2010թ.-ի պետբյուջեով նախատեսված գումարներից:

Դաշնակցականները կառավարությանն առաջարկել էին նաեւ ներկայացնել նոր մոտեցումներ, վերլուծություններ, հստակեցնել փոխհատուցման գործընթացի ժամկետները, որպեսզի ՙհնարավոր լինի իսկապես նպատակային դարձնել այս կարեւոր գաղափարը՚: ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ մտավախություն էր հայտնել վետերանների իրական թվաքանակի հնարավոր ուռճացման կապակցությամբ: Նման կասկածների հիմք նրան տվել էր այն փաստը, որ վերջին 5 տարիներին ի հայտ էր եկել վետերանների թվաքանակի աճ, ինչն անբնական է: Նա հորդորեց կառավարությանը ճշգրտել վետերանների ցուցակները, անհրաժեշտության դեպքում համագործակցելով Վետերանների միության հետ:

Նախագիծն երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց, որ կառավարությունն աննպատակահարմար է համարել վետերանների ավանդների փոխհատուցման նպատակով պետական բյուջեում լրացուցիչ գումարներ նախատեսելը: Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ մշակվել են համապասխան կարգեր, որոնք կառավարությունը կարճ ժամկետում կհաստատի եւ օրենքում առաջարկվող լրացման ընդունումից անմիջապես հետո փոխհատուցումը կկատարվի այդ կարգերի հիման վրա: Նա նշել էր նաեւ, որ կառավարությունը դեռեւս չունի դրամական գումարներ ավանդադրած վետերանների հստակ թվաքանակը, հետեւաբար` նաեւ փոխհատուցման ենթակա գումարների չափը: Կառավարության մոտավոր հաշվարկների համաձայն, պատերազմի շուրջ 3 700 մասնակիցների ավանդների առաջնահերթ փոխհատուցմանը նախատեսվում է ուղղել 700-900 մլն. դրամ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply