Կոշտուկներ կամ «ոսկրեր». ժողովրդական միջոցներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 16, 2013 7:19

Կոշտուկներ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոսկրեր». թե ինչքան անհարամարություն ու տանջանք են պատճառում` գիտի ունեցողը, սակայն քչերը գիտեն, որ այդ խնդիրը հնարավոր է վերացնել ու մեկընդմիշտ մոռանալ տանջանքի մասին:

Շատ շուտով  ձմեռային կոշիկները գարնանայինով փոխարինելու ժամանակը կգա. ոմանց դա անսահման ուրախություն կպատճառի, քանի որ վերջապես ձմեռվա «լուծից» կազատվեն, իսկ ոմանց համար էլ մտահոգության նոր առիթ կստեղծվի, քանի որ նոր կոշիկը նոր անհարմարություն ու  գլխացավանք կդառնա ոտքերի «ոսկրերի» կամ կոշտուկների պատճառով: Սովորաբար այդ կոշտուկները  ժամանակի ընթացքում մեծանում են ու կարմրում, կոշիկը սկսում է հարել ու  կոշտությունը վերածվում է վերքի, իսկ եթե այդ  վիճակն աչքաթող է արվում, ապա վերջիվերջո հանգեցնում է նրան, որ կոշիկ հագնելը վերածվում է տառապագին փորձության, որից լավագույն լուծումը պարզապես կոշիկից հրաժարումն է:

Ոտքի մատների ձևախախտումը  հաճախ է հանդիպում  45-55 տարեկան կանանց շրջանում, բայց եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև ավելի վաղ տարիքում: Տղամարդկանց մոտ նման շեղումներ նկատվում են վնասվածքի կամ հոդերի հիվանդության դեպքում: Իսկ ընդհանրապես, ըստ վիճակագրության, մարդկանց ընդամենը 30 տոկոսն ունի նորմալ ոտնաթաթ, մնացածի մոտ  լինում է այս կամ այն շեղումը` տարբեր աստիճանի:

Հնում կոշտուկները պարզապես կտրել են: Սակայն կանայք երբեմն նման վիրահատություններից հետո ավելի էին տանջվում, քանի որ դրանք նորից էին առաջանում: Այդ դեպքում վիրահատությունը կրկնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր: Դրա համար էլ այդ խնդիրը պետք է լուծել այլ կերպ ու հիմնովին:

Սակայն մինչ այդ պետք է սկսել կանխարգելումից`  հարթաթաթության շտկումից: Ի դեպ, յուրաքանչյուր մայր կվկայի, որ մանուկ հասակում երեխաների հարթաթաթության խնդրին մասնագետները լուրջ ուշադրություն են դարձնում.  պոլիկլինիկաների մանկական բաժանմունքում փորձում են մերսումներով ու զանազան վարժություններով շտկել թերությունները և անհրաժեշտ խորհուրդներ են տալիս: Սակայն մենք` ծնողներս, այդքան էլ լուրջ չենք վերաբերվում երեխայի հարթաթաթությանը` կարծելով, որ  երեխայի հասունանալուն զուգընթաց ամեն ինչ ինքն իրեն կշտկվի, բայց հայտնի բան է, որ չբուժված  հարթաթաթությունը մի շարք խնդիրների պատճառ է դառնում, ընդհուպ` միջողնային ճողվածքի:

Հարթաթաթությունը  մատների ձևախախտման հիմնական պատճառն է, որը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն, եթե մայրիկն ունի նման խնդիր, ապա դստեր մոտ այդ շեղումը ժառանգելու հավանականությունը մեծ է: Կարծիք կա, որ մատների ձևախախտումը  2 ոտքի վրա քայլելու հետևանք է, քանի որ կենդանիների մոտ նման խնդիր չի հանդիպում:

Նեղ, բարձրակրունկ կոշիկներ. թաթը կազմված է ավելի քան 20 ոսկրից ու հոդերից, որոնք քայլելու ժամանակ աշխատում են  զսպանակի նման: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ թաթն արգելափակվում է նեղ կոշիկի մեջ: Բնականաբար, խախտվում է կենսամեխանիկան, թաթի ֆունկցիան:

Ավելորդ քաշ. որքան թաթի վրա ծանրաբեռնվածությունը շատ է, այնքան ձևախախտումը մեծ է:

Սպորտային կոշիկներ կրելը նույնպես հղի է  թաթի ձևախախտման վտանգով:

Դրա համար ճիշտ է տարբեր կոշիկների հերթագայությունը և ժամանակ առ ժամանակ ոտաբոբիկ քայլելը:

Մարդկանց 70%-ը տառապում է թաթի այս կամ այն ձևախախտման հետևանքներից, նրանց 90%-ը կանայք են (այստեղ չի կարելի չնշել բարձրակրունկների գործոնը):

Կոշտուկներից ազատվելու խնդիրը մարդկությանը հետաքրքրել է անհիշելի ժամանակներից: Հին եգիպտական բուրգերում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ` ոտքի առաջին մատները հատված ու դրա փոխարեն փայտյա պրոթեզներ դրած:

Ճապոնացի գիտնականները պեղումների արդյունքում հայտնաբերել են, որ  հին մարդիկ, որոնք ոտաբոբիկ էին քայլում, նման խնդիրներ չեն ունեցել: Ներկայում նման խնդիր չունի Աֆրիկայի բնակչության այն հատվածը, որը ոտաբոբիկ է քայլում:

Մարդկանց աջ ու ձախ ոտնաթաթերը, ինչպես և ձեռքի ափերը, տարբերվում են:

Նորմայում թաթի առաջին հոդը կարող է  ծանրության 35 %-ը կրել, իսկ ձևախախտման դեպքում այդ ծանրաբեռնվածությունն ավելանում է:

Ժողովրդական միջոցներ

– սոխը քերել, քերուկը լցնել երկտակ թանզիֆի մեջ ու դնել կոշտուկի վրա, ամրացնել կպչուն ժապավենով, վրայից պոլիէթիլենե տոպրակ հագցնել, որ գուլպաները և անկողինը չկեղտոտվեն, քանի որ նպատակահարմար է այս միջոցը կիրառել գիշերը: Առավոտյան պետք է ոտքերը լվանալ ու 10%-անոց յոդ քսել կոշտուկներին: Կրկնել ամեն օր, մեկ ամիս:

– խատուտիկի դեղին ծաղիկները (100 գ) մանրացնել. ապա վրան այնքան յոդ լցնել, որ ծաղիկները ծածկվեն, ու թողնել 4 օր: Դրանից հետո ոտքերը տաք ջրում փափկացնել, ապա լավ չորացնել ու յոդային թուրմով վանդակներ անել խնդրահարույց հատվածում. ամեն օր` 2 շաբաթ:

Աղ-յոդային լոգանքները հանգստացնում են ոտնաթաթերի ցավը: Դրա համար հարկավոր է 2 ճ/գդալ խոշոր  աղ և 10 կաթիլ յոդ ավելացնել այն ջրի մեջ, որում ոտքերը պետք է փափկացնեք: 15 րոպե պահելուց հետո ոտքերը հանել ու լավ չորացնել: Այս միջոցը ևս պետք է կիրառել  պարբերաբար:

 

Դիտվել է 4360 անգամ:
Print Friendly

Leave a Reply