Միջազգային հարաբերությունների բովում ընտրություններից հետո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | March 14, 2013 13:56
Առհասարակ, յուրաքանչյուր երկրում բարձրագույն իշխանությունների ընտրություններից հետո տեղի են ունենում որոշ գործընթացներ միջազգային հարաբերությունների տիրույթում, որոնք կանխորոշում են տվյալ երկրի և միջազգային հարաբերությունների հետագա զարգացումները: Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Վերջին նախագահական ընտրություններից հետո տարբեր երկրների և կառույցների ներկայացուցիչներ այցելեցին Հայաստան, և այդ այցերը որոշակի ազդակներ են պարունակում: Նաև արդեն փաստ է, որ գործող, բայց դեռևս պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար երդմնակալություն չանցած նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարեց:
Ովքե՞ր եկան Հայաստան և ի՞նչ ասացին
Բացի այն, որ տարբեր երկրների ու կառույցների ղեկավարներ, նույնիսկ առանց սպասելու մեր երկրի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփմանը, արդեն հասցրել էին շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու համար, այլ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայաստան:
Դրանցից ամենակարևորներից էր թերևս Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի այցելությունը: Բացի արարողակարգային մի շարք հանդիպումներից ու միջոցառումներից, նա հանդիպում ունեցավ նաև Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Հետաքրքիր է, որ հենց Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը և հնարավոր լուծումները: Նորբերթ Լամմերթը հետաքրքրվեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը` հույս հայտնելով, որ Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ ներկայում ընթացող բանակցություններն այս տարվա ընթացքում կհասցվեն ավարտին, ինչը կամրագրի և անշրջելի կդարձնի Հայաստանի առավել խորքային ներգրավվածությունը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում:
Հետաքրքիրն այն է, որ այսպիսի թեմաներով Գերմանիայի Բունդեսթագի ղեկավարը զրուցում է քաղաքական «այլընտրանքի» ներկայացուցիչ նախկին արտգործնախարարի հետ:
Այնուհետև Հայաստան այցելեց և տարբեր հանդիպումներ ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը: Այս այցը խորհրդանշական էր այնքանով, որ այդ երկիրը կարևոր դերակատարություն ունի Եվրամիության մեջ. նրա խոսքը միշտ էլ լսելի է եղել ԵՄ-ում, նրա բազմաթիվ նախաձեռնություններ հիմք են հանդիսացել ԵՄ-ում այս կամ այն գործընթացը սկսելու համար: Բացի այդ, այս տարի Եվրամիության նախագահությունը ստանձնելու է հենց Լիտվան: Ու երբ այս դիտանկյունից ենք նայում պաշտոնական հաղորդագրության այն հատվածին, որում նշվում է, թե «արձանագրվեց, որ Հայաստանն այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում», կամ «քննարկվեցին 2013 թ. վերջին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները…», ամենը դառնում է առավել հետաքրքրական:
Մեր տարածաշրջանը միշտ էլ հետաքրքրություն է ներկայացրել միջազգային հարաբերությունների շրջանակներում: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասով էլ եվրոպական տարբեր գործիչներ նշել են, որ մեր երկիրը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի` անդամակցում է Եվրամիության ստեղծած ազատ առևտրի համաձայնագրի՞ն, թե՞, այնուամենայնիվ, ընտրում է Ռուսաստանի հեղինակած` Եվրասիական միության և Մաքսային միության հետ քայլելու ճանապարհը: Եվ ընտրություններից հետո Եվրամիության նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի, ինչպես նաև այս կառույցի հիմնական «դրամապանակի»` Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը հուշում են, որ Արևմուտքից թե՛ հետաքրքրությունները, թե՛ ճնշումները Հայաստանի նկատմամբ մտնում են նոր փուլ` հետընտրական:
Բնականաբար, կարևոր է պարզել, թե ընտրություններից հետո Հայաստանի հին ու նոր նախագահն արդյոք առավել հստակեցված արտաքին քաղաքական կողմնորոշում կդրսևորի՞, թե՞ ոչ: Դիտարկելով Օսկանյանի և Նորբերթ Լամմերթի հանդիպումը` ենթադրում ենք, որ դա ազդակ էր իշխանություններին, որ դեպի իրենց կողմ չնայելը հնարավորություն կտա Արևմուտքին նոր «գործընկերներ» գտնելու Հայաստանում:
Օտարերկրյա պաշտոնյաների այցելությունների համատեքստում կարևոր էր նաև Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերի այցելությունը Հայաստան: Հատկապես «Առավոտին» տված հարցազրույցում նա նշել է. «Ես մեծապես աջակցում և սատարում եմ Հայաստանին իր ջանքերում` փորձելու հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և բանակցությունների միջոցով, և որպես այդ բանակցությունների մի մաս` Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում: Կարծում եմ՝ լրջագույն առաջընթաց եք ունեցել, և հուսով եմ, որ էլ ավելի առաջընթաց կունենաք մինչև նոյեմբեր Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը: Հուսով եմ նաև, որ այս ամենը Հայաստանի ներսում կնպաստի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ճիշտ այնպես, ինչպես ներքին բարեփոխումների գործընթացը կօգնի մեզ շարունակելու և առաջ տանելու բանակցությունները: Դրանք փոխազդում են միմյանց, դրանք փոխլրացնող պետք է լինեն»:
Այնուհետև բրիտանացի դիվանագետը շեշտել է, որ թեև Ռուսաստանը հետաքրքրություններ և ազդեցություն ունի այս տարածաշրջանում, և դա կարելի է ընկալել, տարածաշրջանի երկրները, ինչպիսին, օրինակ` Հայաստանն է, պետք է կարողանան ունենալ իրենց ազատությունը` ընտրելու իրենց սեփական ուղին և գործընկերային հարաբերությունները, բայց, իհարկե, պետք է նաև գոյություն ունեցող իրողությունների հետ հաշվի նստել:
Այս ամենը բնական էր, քանի որ ընտրություններից հետո պետք է հստակեցվեն դիրքորոշումները: Իսկ Հայաստանի ներսում, երբ հետընտրական գործընթացները հնարավորություն չեն տալիս գործող նախագահին լիակատար «վայելելու հաղթանակը», այսպիսի դիվանագիտական ակտիվությունը, բնականաբար, պետք է լիներ, մանավանդ որ երկրի ներսում Սերժ Սարգսյանը դարձյալ ներքին լեգիտիմության խնդիր ունեցավ, որը փորձ է արվելու լրացնել արտաքին հարաբերություններում: Իսկ օտար երկրները այս առումով նոր լծակներ ու հնարավորություններ են ստանում իրենց ծրագրերն ու նպատակներն իրագործելու համար:
Իսկ ռազմավարական դաշնակի՞ցը
Ընտրություններից հետո առավել հատկանշական էր Սերժ Սարգսյանի առաջին այցը Ռուսաստան: Սա դիվանագիտական լեզվով որոշակի ժեստ է ու հստակ ազդակներ է պարունակում: Պաշտոնական բոլոր աղբյուրները, ինչպես նաև ոչ պաշտոնական շրջանակները նշեցին, որ սպասելի ու բնական էր, որ Սերժ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցը ընտրություններից հետո հենց դեպի Ռուսաստան պետք է լիներ: Իսկ թե ինչու այսքան շուտ, պատասխանը տրամաբանական է. ընտրություներից հետո դեպի Հայաստան եվրոպացի դիվանագետների այցերի աշխուժություն նկատվեց, ընտրությունները Հայաստանում նոր ներքաղաքական իրավիճակ են ստեղծել, ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ արդյունքը գրանցած թեկնածուն համարվում է արևմտամետ` հաշվի առնելով ծննդավայրը և նախընտրական ծրագիրը, իսկ հետընտրական գործընթացները ռազմավարական դաշնակից Հայաստանում շարունակվում են:
Եվ Սերժ Սարգսյանի այցը հստակ արձանագրում է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին հարաբերություններում շարունակում է համարվել թիվ մեկ գործընկեր, ռազմավարական դաշնակից ու… մի խոսքով, ամեն ինչ: Այդ այցի ժամանակ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հարցեր հնչեցրեց, մասնավորապես` Եվրասիական մաքսային միության վերաբերյալ: Նա մեկ անգամ ևս շնորհավորեց Սերժ Սարգսյանին «համոզիչ հաղթանակի համար», ինչը նշանակում էր, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցում Ռուսաստանում «կանաչ լույս» վառվեց: Բայց դրանից բացի, «հիշեցվեց» նաև, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով Ռուսաստանն առաջին տեղում է, Հայաստանի հետ առևտրով ևս, հիշեցվեց Ռուսաստանի հայ համայնքի մասին և այլն: Իսկ դա կարող է նշանակել, որ առաջիկայում մենք ականատես կլինենք, թե ինչպես է Հայաստանը դառնում Եվրասիական մաքսային միության անդամ:
Հատկանշական է նաև, որ ըստ նախնական պլանների` Սերժ Սարգսյանի հաջորդ այցը կլինի Բելգիա` Բրյուսել: Եվ հետընտրական Հայաստանը պետք է «որոշում կայացնի», թե հաջորդ 5 տարիներին որ ուղղությամբ է նայելու:






Facebook
Tweet This
Email This Post
