«Նարնջագույն բարև» Ազատության հրապարակից

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 14, 2013 13:55

Մարտի 10-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց հատուկ հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջի և հացադուլի դիմելու որոշման մասին:

«Սա հացադուլ չէ` կեղծիքադուլ է, վախադուլ է, ստադուլ է»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն և զգուշացրեց. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սուրբ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը օրհնի նրան, դա իրենք կանեն իմ դիակի վրա»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, եթե ոչ, ուրեմն անլուրջ է: Նման կերպ տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»:

Նա խոցելի համարեց այն, որ նույն հարթակում Արցախը կարող են գավառ անվանել կամ ժողովրդի մեջ թուրքեր որոնել: Ինչ վերաբերում է «դիակներին», ըստ Գալուստ Սահակյանի, Սերժ Սարգսյանն ու իր թիմը երբեք յուրայինների դիակների վրայով չեն անցնի: «Սերժ Սարգսյանը բավական շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է յուրայինների համար ցավել ու պատերազմը տանել այնպես, որ քիչ զոհեր ունենանք: Մենք զոհերի կողմնակից չենք»:

Հաջորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, հերթական բացօթյա ասուլիսում անդրադառնալով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, ասաց. «Այդ մարդն իմ զրուցակիցը չէ: Իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է: Գալուստ Սահակյանը, երբ խոսում է դիակների մասին, թող զգույշ լինի»:

Շաբաթվա սկզբին քննարկման բուռն թեմա դարձավ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը. «Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ մի առաջարկ հանդիպման կամ հաղորդակցության: Ձեր նստավայրը ստում է»,-հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը` ասելով, որ ինքը բաց է հաղորդակցության և երկխոսության համար բոլորի հետ անխտիր, եթե երկխոսությունը կարող է հարց լուծել:

Նա Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ հրավիրեց Ազատության հրապարակ` բաց կամ փակ քննարկման. բաց` նստարանի վրա, փակ` կողքի սրճարանում: Անձամբ ինքը կողմնակից է բաց քննարկման, սակայն որոշումը թողնում է Սերժ Սարգսյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ մինչև ապրիլի 9-ը Հայաստանում բեկումնային փոփոխություններ են լինելու: «Դուք իմացեք, որ ես լուրջ եմ, ես իմ խոսքերին լուրջ եմ վերաբերվում: Սրանից հետո` պայքար մինչև հաղթանակ»,-հայտարարեց նա:

«Անկախի» հարցին, թե Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի դեպքում ի՞նչ քայլեր է նախատեսում, Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ամենակարճ ճանապարհն այն է, որ պիտի ճանաչվի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հաղթանակը: Դատարանն ունի հնարավորություն մինչև իր կազմի փոփոխությունը մեկ անգամ իրավական, սահմանադրական վճիռ կայացնել. թող բացի 1900 ընտրատեղամասերի ընտրատրցակները, կտեսնեք, որ ժողովուրդը հաղթել է. սա առաջին ճանապարհն է: Մյուս ճանապարհը երկրորդ փուլ նշանակելն է. երկուսով բանավիճենք` ես և Սերժ Սարգսյանը, թող ժողովուրդը որոշի»:

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական ասուլիսն էր տալիս Ազատության հրապարակում, Մոսկվայում ընթանում էր Պուտին-Սարգսյան հանդիպումը: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այդ հանդիպմանը և հայտարարեց, որ դեմ է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն, ինչպես որ դեմ է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը:

Նա գտնում է, որ Հայաստանը, որպես արևմտյան քաղաքակրթության հիմնաղբյուր, իր ապագան պիտի տեսնի այդ ուղղությամբ, եթե իհարկե Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքնիշխանությունն ու մեր երկրի քաղաքացիների իրավունքները: «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է երկկողմ, ամուր հարաբերություններ ունենա ասիական պետությունների, Արևելքի հետ, ինչպես նաև դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին»:

Հայ-ռուսական, հայ-եվրոպական, ինչպես նաև հայ-ամերիկյան աստեղային ժամը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, դեռ առջևում է, որովհետև առջևում է ժողովրդի իշխանությունը, որ 95 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետությունում չի եղել:

Նշենք, որ հացադուլի առաջին օրվանից սկսած` Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, որոնց մի մասը հորդորում է հրաժարվել հացադուլից, մի մասն էլ քննարկում է ստեղծված իրավիճակը: Սակայն այդ հանդիպումներն առայժմ զուտ խորհրդակցական բնույթի են:

Խիստ խորհրդավոր էր ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի այցը Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ այն այդպես էլ չլուսաբանվեց Վարդան Օսկանյանի խնդրանքով:

Րաֆֆի Հովհաննիսյանին էին այցելել նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, հայտարարել էր, որ այցը զուտ քաղաքավարական բնույթ է ունեցել, խոսվել է առաջիկա հնարավոր զարգացումների, այդ թվում` Երևանի ավագանու ընտրությունների մասին, բայց զրույցը մակերեսային է եղել:

Ի՞նչ կարծիք ունեն Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները «Բարևի հեղափոխության» մասին: Շատերը կարծում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միակն է, որ «կփրկի ժողովրդին», որ նա ուղարկված է Աստծո կողմից: Նրանք պահանջում են նաև հետ վերադարձնել «ժողովրդից գողացված քվեն»:

Քաղաքացիներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներն անակնկալ էին բոլորի, այդ թվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համար, և վերջինս հայտնվել է մի իրավիճակում, որից դուրս գալը շատ դժվար է: Նա կարծում է, որ «Ժառանգության» առաջնորդն ինքը լավ չի պատկերացնում իր հետագա քայլերը և սխալ սխալի հետևից է թույլ տալիս:

Մեկ այլ քաղաքացի էլ հայտնեց, որ թեև ինքն ընտրություններին չի մասնակցել և չի ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այսօր Ազատության հրապարակում է, քանի որ վստահում է նրան: Նա նաև նշեց, որ իր համար այս ամենի մեջ ամենակարևորը քաղաքացիական շարժումն է և այն երիտասարդները, որոնք այսօր Ազատության հրապարակում են:

Դիտվել է 2329 անգամ:
Print Friendly

Leave a Reply