«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի գործունեությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 14, 2013 12:57

«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը ներկայացրեց իր գործունեությունը` հիմնադրամի մինչ օրս իրականացրած և առաջիկա ծրագրերը։
«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվ.-ին, նրա հիմնական առաքելությունն է հոգևոր -մշակութային արժեքների պահպանումն ու վերածնունդը Հայաստանում և սփյուռքում: Հիմնադրամն մինչ օրս իրականացրել է մի շարք ուշագրավ մշակութային նախագծեր, ծրագրեր:
Մեծ ուշադրություն է դարձնում հատկապես «խոնարհված» պատմամշակութային հուշարձաններին և եկեղեցիներին: Նկարահանել է «Խոյակ» ֆիլմը, որտեղ պատմվում է Արագածոտնի մարզի Աղցք գյուղի Արշակունյաց դամբարանի / 5-րդ դար/, Բյուրականի սբ. Հովհաննես /10-րդ դար/ և Արտավազիկ/7-րդ դար/ եկեղեցիների մասին:
Հիմնադրամը Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ իրականացնում է հայ դասական, հոգևոր և ժողովրդական երգի քարոզմանն ու պահպանմանն ուղղված ծրագրեր. դրանցից է` «Զվարթնոց» հայ երգի մրցույթ- փառատոնի անցկացումը Հայաստանում և Սփյուռքում: 2012թվ.-ին մրցույթ- փառատոնի լսումները մեկնարկել են Մոսկվա և Սանկտ-Պետեբուրգ քաղաքներում և շարունակվել ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Մրցույթին ՀՀ –ից հայտագրվել ու մասնակցել են 15-30 տարեկան շուրջ 3000 երիտասարդ։ Ժյուրիի կազմում` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսորներ են:
– Եթե մենք ունենք Կոմիտաս, մենք իրավունք չունենք թրքա- արաբական կլկլոցներով երգեր երգել, – ասում է «Զվարթնոց վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր` Սուսաննա Բաղդասարյանը:
Հիմնադրամը գործում է Բաղդասարյան ամուսինների անձնական ֆինանսներով և այսօր իր առաքելությունը շարունակելու համար ֆինանսական աջակցության կարիք ունի:
Հիմնադրամն իր առաքելությունն իրականացնելու համար ստեղծել է ճանաչողական հուշանվեր` նկարազարդ քարտեզ- ուղեցույց , որտեղ նշված են Երևանի կենտրոնում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների, շենքերի, այգիների լուսանկարները, որոնց համապատասխան դասավորության դեպքում ստացվում է Երևանի կենտրոնի քարտեզը: Հիմնադրամը նախատեսում է քարտեզ- ուղեցույցի վաճառքից ստացված գումարը ծառայեցնել իր հիմնական առաքելությանը:

«Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply