Հոգեբան. Արտագաղթելն ազգային բնավորության առանձնահատկության է վերածվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2013 12:50

Խոսելով արտագաղթի տեմպերի  մասին` հոգեբան Սամվել Խուդոյանն ասում է, որ հայերի հարևան ազգերը բնավ ավելի լավ վիճակում չեն ապրում, դեռ մի բան էլ ավելի վատ: Սակայն արտագաղթի խնդիրը սուր է Հայաստանում, քանի որ այն վերածվել է հայկական բնավորության առանձնահատկության:

Խուդոյանն ասում է, որ արտագաղթի պատճառները տարբեր են` հայրենասիրության պակաս, արտագաղթ երևույթի դրական ընկալում: «Արտագաղթի դրական պատկերը պետք է վերացվի: Փորի համար ապրելը հայրենադավություն է, նույնն է, որ եթե ընտանիքում մի օր կռիվ լինի, բաժանվեն»,- ասում է Խուդոյանը:

Հոգեբանն ասում է, որ արտագաղթը հեշտացնում է նաև այն, որ գրեթե ամեն հայ ընտանիք արտերկրում ծանոթ կամ բարեկամ ունի, որը կարող է օգնել նոր միջավայրում հաստատվել: Նաև  ամենուրեք կան հայկական համայնքներ, որոնք ևս օգնում են նորեկներին հաստատվել:

Արտագաղթի պատճառների թվում Խուդոյանն առանձնացնում է  անօրինականության և կեղծիքների համակարգը: Նրա խոսքով` արտագաղթողների թվում ստվար զանգված են կազմում մարդիկ, որվքեր փախչում են «անարդարությունից և աբսուրդ միջանձնային հարաբերություններից»:

«Մարդը կարող է գժվել անարդարության զգացումից: Մարդը չի կարող գժանոցում ապրել, կամ պիտի դու էլ գժվես, կամ փախչես: Այս առումով այդքան էլ մեղադրելի չէ այդ մարդկանց հեռանալը»:

Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանն էլ արտագաղթի պատճառների  թվում նշում է ինքնառեալիզացման անհրաժեշտությունը: Երբեմն արտերկիրը մարդկանց համար ինքնառեալիզացման նոր հնարավորություններ է բացում: Մյուս կողմից էլ` զարգացած երկրները իրենց ծրագրերով (օրինակ ամերիկյան Գրին քարտը, ռուսական Հայրենակիցները) դեպի իրենց են ձգում մասնագետներին, որակյալ կադրերին:

Գալստյանն ասում է, որ արտագաղթը զգալի է հատկապես լեռնային, նախալեռնային և սահմանամերձ գյուղերից.  այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, աշխատատեղեր չկան, մարդիկ ստիպված հեռանում են:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով` այստեղ պետական քաղաքականություն է անհրաժեշտ, պետական մակարդակով պետք է քարոզեն հայրենասիրությունը, հայրենիքում ապրելու , նաև  հայրենիք վերադառնալու գաղափարը:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply