[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 14, 2013 12:23

Սկիզբը եւ Իգոր Մուրադյանը

«1988 թվականը» ինձ համար սկսվեց 1987-ին, երբ ավարտելով ուսումս Լենինգրադում, աշխատանքի անցա Երեւանի Պետպլանի գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հետազոտությունների վարչությունում: Աշխատում էի Իգոր Մուրադյանի հետ նույն բաժնում եւ նույն սենյակում: Այդ ժամանակ նա արդեն ամբողջությամբ ներքաշված էր Ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ եւ, բնականաբար, այդ ամենը չէր կարող իմ կողքով անցնել:

Ղարաբաղյան շարժման հիմքերը դրվեցին Իգոր Մուրադյանի ակտիվ գործունեությամբ: Առաջին փուլում` 1987-ին, ես տեսնում էի, որ իր գործունեության հանդեպ շրջապատի մարդկանց կողմից բավականին բացասական, նույնիսկ` ծաղրական վերաբերմունք կար: Բայց այն պահից սկսած, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ հրապարակներ եւ միավորեց մարդկանց, այդ նույն մարդիկ միանգամից փոխվեցին եւ սկսեցին Իգոր Մուրադյանին ընկալել որպես ազգային շարժման առաջնորդ: Զարմանալի էր տեսնել մարդկանց վերաբերմունքի նման կտրուկ փոփոխությունը:

Շարժման առաջին փուլում Իգորը մշտական հանդիպումներ էր անցկացնում Ղարաբաղից ժամանող մարդկանց հետ: Մի օր էլ ես մեկնեցի Ղարաբաղ` թռուցիկներով լի միճամպրուկով` Իգորի կողմից թողարկվող “Голос Арцаха” թռուցիկներն էին: Ստեփանակերտում հենց ինքնաթիռի մոտ ինձ դիմավորեց Արկադի Մանուչարովը: Ճամպրուկը հանձնեցի իրեն, որպեսզի թռուցիկները տարածեն իրենց կառույցների միջոցով:

Իգորի միջոցով ծանոթացա Արթուր Մկրտչյանի հետ, ով հետագայում դարձավ ԼՂՀ Ազգային Ժողովի առաջին նախագահը: Մեր ինստիտուտում ծանոթացա նաեւ Վազգեն Մանուկյանի հետ:

Հայաստանի բնակչության մի զգալի մասը պատկերացում չուներ Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ Իգոր Մուրադյանն իր ողջ կյանքը նվիրել էր այդ պայքարին: Նա գաղափարին վիրյալ է եւ մեծագույն հարգանքի արժանի մարդ: Նրա աշխարհընկալումն յուրովի է, մարդկանց հետ հարաբերությունները եւս յուրովի է կառուցում: Դա է պատճառը, որ մինչեւ Շարժման ծավալումը նա տարօրինակ մարդու համբավ ուներ: Ինստիտուտում յուրաքանչյուր սենյակում 4 հոգի էր աշխատում, իսկ Իգորը սենյակում մենակ էր: Երբ աշխատանքի ընդունվեցի, ինձ ասացին` կնստես Իգոր Մուրադյանի հետ. բոլորը ծիծաղում էին, ես էլ չէի հասկանում պատճառը: Ասում էին, որ «նրա հետ ոչ մեկ յոլա չի գնում», բայց ես, անկեղծ ասած, նրա հետ երբեք մարդկային շփումների խնդիր չունեցա: Իմ վերաբերմունքը Իգոր Մուրադյանի հանդեպ երբեք չփոխվեց: Այսօր, ցավոք, շփումներ չունեմ իր հետ` նա իր համար աշխատանքի նոր ոճ է ընտրել եւ հիմնականում զբաղվում է աշխարհաքաղաքական վերլուծական հոդվածներ գրելով: Այդ ձեւը, երեւի, ամենահարմարն է իր ներքին աշխարհի հետ համերաշխ ապրելու համար:

Իգոր Մուրադյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում, խոսքը գնում էր շարժման մասին` ինչպե՞ս այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել: Այդ հանդիպումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց. «Տիգրան, դու գիտե՞ս` ով է Իգորը», ասացի «ո՞վ է», նա էլ պատասխանեց. «Նա ազգային հերոս է»:

Շարունակությունը կարդալու համար հետևեք հղմանը

Մեդիամաքս

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply