«Դա ցավ է, որը չի կարելի վիճարկել, կարելի է կիսել». թուրք լուսանկարիչը` Հայոց ցեղասպանության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 13, 2013 20:09

Ալի Սալթանը թուրք լուսանկարիչ է: Ծնվել է Էրզրումում, ապրում է Անկարայում: Նա Հայաստանում է 8-րդ անգամ: Առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թվականին` հայտնի հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի հետ «Կարս-Գյումրի լուսանկարչական կամուրջ» ծրագիրն իրականացնելու ընթացքում: Ռուբեն Մանգասարյանի հետ Ալի Սալթանը իրականացրել է նաև Հայաստան-Թուրքիա սահմանը լուսանկարելու ծրագիրը: 2009 թվականից` Ռուբեն Մանգասարյանի մահվանից հետո, Ալին հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսանկարչական թեման շարունակում է միայնակ:

Մարտի 13-ին ՆՓԱԿ մշակութային կենտրոնում բացվեց Ալի Սալթանի «Գետի մյուս ափը» ցուցահանդեսը, որն իրականացվել է «Սահմանի այն կողմը» նախագծի շրջանակներում: Լուսանկարներում Հայաստանի ու Թուրքիայի սահմանամերձ գյուղերն են` Բագարանն ու Հալիքիսլաքը` իրենց բնակիչներով: Երկուսում էլ կարծես նույն կյանքն է` նույն առօրյայով: Հենց դա էլ լուսանկարչի հիմնական ասելիքն է. մարդիկ ապրում են կողք կողքի` նույն հոգսերով ու երազանքներով, սակայն միաժամանակ չափազանց հեռու են իրարից:

Նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով այս երկու բնակիչներին իրար մոտեցնելը, քանի որ միմյանց չիմանալը, անտեղյակությունը կարող է հանգեցրել  նախապաշարմունքների, վախի և զայրույթի, հետո արդեն` արհամարհանքի, մերժման կամ ավելի վատ հետևանքների:

Նախագծի հեղինակները կարծում են, որ դիմացինի մշակույթի, հավատքի ու ձգտումների ճանաչումը կարող է պակասեցնել վախը և հաղթահարել տարաձայնությունները:

«Այս երկու գյուղերը, որոնք գտնվում են նույն գետի տարբեր մասերում, միաժամանակ շատ մոտ ու հեռու են իրարից, իմ ցանկությունն է ներկայացնել նրաց դիմացինի կյանքը»,-«Անկախ»-ի հետ զրույցում ասաց թուրք լուսանկարիչը:

Մեր հարցին, թե ինչ գիտի Ալին Հայոց ցեղասպանության մասին և իր տեսակետը ո՞րն է այդ հարցում, նա ասաց. «Դա ցավ է, ափսոսանք, որը չի կարելի վիճարկել, դրա հետ համաձայնել կամ չհամաձայնել, դա միայն կարելի է կիսել»:

Նրա խոսքով` Թուրքիայում շատերը, ինչպես և ինքը, ընդունում են ցեղասպանության փաստը, բայց միաժամանակ չեն ցանկանում դրա մասին անընդհատ խոսել, այլ ուզում են գործով ինչ որ բան փոխել:

Ալի Սալթանը հույս ունի, որ այս ցուցահանդեսը մի փոքրիկ քայլ է, որը, միավորվելով այլ քայլերի հետ, կնպաստի հայ և թուրք ժողովուրդների միջև տարաձայնությունների վերացմանը:

Նախագծին աջակցում են Հայաստանում և Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանատները: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, որ նույնպես ներկա էր ցուցահանդեսին, «Անկախ»-ի հետ զրույցում ասաց. «Այս երկու գյուղերի մարդիկ կողք կողքի են ապրում, սակայն իրարից շատ հեռու են: Փակ սահմանները անբնական երևույթ են, նման բան չպետք է լինի և նման բան չպետք է լիներ 20-րդ դարում և հասներ 21-րդ դար: Ճիշտ է` այս ցուցահանդեսը չի կարող աշխարհը փոխել, սակայն այդ մարդիկ, որ ապրում են իրար կողքի` առանց իրար ճանաչելու, գոնե այս լուսանկարների միջոցով կարող են իրար մի փոքր ճանաչել, քանի որ ցուցահանդեսը տեղի է ունենալու նաև այդ երկու գյուղերում»:

Ի դեպ, ցուցահանդեսը անցյալ տարվա նոյեմբերին տեղի է ունեցել նաև Անկարայում, որտեղ, թուրք լուսանկարչի գործընկերուհու խոսքով` շատ բուռն արձագանք է ստացել. ներկաներից ոմանք անգամ արտասվել են:

Ցուցահանդեսը կշարունակվի միչև ուրբաթ:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply