Պարգևները սպասում են տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 13, 2013 17:24

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկել է մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Այն նվիրված է մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական մարզական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Կազմակերպիչներն այդ իրադարձության կապակցությամբ գեղեցիկ մեդալներ են պատրաստել, որոնց վրա գրված է հոբելյանական տարեթիվը: Պարգևները սպասում են արժանավորներին:Այսօր կայացավ առաջնության հանդիսավոր բացումը, անցկացվեցին առաջին հանդիպումները:

Նախ, խաղահրապարակ դուրս եկան Վանաձորի և Արցախի հավաքականները: Վանաձորցի հանդբոլիստներն առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ անցան (16:12) և, մինչև խաղավարտ պահպանելով առավելությունը, հանդիպումը գրանցեցին իրենց օգտին` 40:35 հաշվով:
Խաղից հետո Վանաձորի հավաքականի գլխավոր մարզիչ Արարարտ Բարսեղյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ գոհ է իր սաների մրցելույթից: Նա նշեց նաև, որ հավասար ուժերով թիմեր են հավաքվել և դժվար է ասել, թե չեմպիոնի կոչման համար մրցավեճում որ հավաքականին կժպտա բախտը:
Իսկ ահա, Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Քոչարյանը հայտնեց, որ արդյունքից գոհ չէ և իր թիմի խաղացողներին պակասում է մրցակցական փորձը: Նա ուրախալի համարեց, որ այս տարիքի հանդբոլիստների առաջնություն է անցկացվում: «Արցախում հանդբոլը սիրված մարզաձև է և թիմեր կարող ենք մրցասպարեզ հանել ավելի բարձր տարիքի խաղացողների, նաև մեծահասակների առաջնություններում»,- ասաց նա:
Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Հայաստանի ուսանողական հավաքականի հանդիպումն անզիջում պայքարում ընթացավ: Բավական է միայն այն փաստը, որ առաջին խաղակեսում առջևում էին ՀՄԴ-ի ներկայացուցիչները` 14:11 հաշվով: Սակայն հանգստից հետո ուսանող հանդբոլիստներն ասես արթնացան նիրհից և կարողացան ոչ միայն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, այլև առաջ անցնել և ի վերջո առավելության հասնել 26:23 հաշվով:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply