Մեծ Բրիտանիան ուզում է աջակցել սիրիացի ընդդիմադիրներին

Օրվա լուր | | March 13, 2013 17:09

    Մեծ Բրիտանիան կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը Սիրիային զենք մատակարարելու վերաբերյալ Եվրամիության սահմանած էմբարգոյի երկարաձգման քվեարկության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ այդ մասին այսօր հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախատեսում է համոզել եվրոպացի գործընկերներին, որպեսզի նրանք աջակցեն Միացյալ թագավորության դիրքորոշմանը, հակառակ դեպքում չի բացառվում, որ Լոնդոնը իր ցանկությամբ կշարժվի:

Միևնույն ժամանակ Քեմերոնը ընդգծել է, որ միգուցե էմբարգոյի վերացման կարիք չլինի: Նրա խոսքերով՝ Բրիտանիան շարունակում է անկախ արտաքին քաղաքականություն վարել, սակայն դեռ չի որոշել օգտվել վետոյի իր իրավունքից էմբարգոյի հարցի շուրջ: Ավելի վաղ Լոնդոնը արդեն հայտարարել էր սիրիական ընդդիմադիրներին զրահամեքենաներ և զրահաբաճկոններ տրամադրելու իր մտադրության մասին:

Եվրամիությունը, որը իրադարձությունների սկզբից էլ հանդես է գալիս որպես Սիրիայում կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից, նախատեսում է մայիսին երկարաձգել զենքի մատակարարման էմբարգոն: Այս որոշման հետ համակարծիք է Գերմանիան, իսկ Ֆրանսիան հակված է պաշտպանելու բրիտանական դիրքորոշումը:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply