Հուշարձանի պահպանություն` հետագայում այն վերականգնելու նպատակով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 8, 2010 17:39

Այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը պատասխան է ստացել կառավարությանն ուղղած իր նամակին, որտեղ պարզաբանումններ էր խնդրել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկից հանելու վերաբերյալ:

Ի սկզբանե, նամակն ուղղված է եղել Մշակույթի նախարարությանը, սակայն նրանք պատասխանել էին, որ խնդիրն ուսումնասիրվում է վարչապետի վերահսկողական ծառայության կողմից և նրանց է փոխանցվել «Մոսկվա» կինոթատրոնի վերաբերյալ Մշակույթի նախարարությունում գտնվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Կառավարության պատասխան նամակում գրված է, որ հուշարձանների ցանկում փոփոխություններ կատարելու համար հիմք է հանդիսացել Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքի քաղաքապետի և Արդարադատության նախարարության իրավական փորձաքննության եզրակացությունները:

Մշակույթի նախարարի եզրակացությունում գրված է. «Մենք կարծում ենք, որ հուշարձանը հանրապետության լավագույն կառույցներից է: Այն արժանացել է մրցանակների: Հուշարձանն անհրաժեշտ է պահպանել`  նրա նախկին տեսքը հետագայում վերականգնելու համար»:

Այվազյանն ասում է , որ հասկանալի է Մշակույթի նախարարի այն եզրակացությունը, որ պետք է պահպանել հուշարձանը. «բայց «հետագայում այն վերականգնելու նպատակով» արված արտահայտությունը տարակուսանք է առաջացնում և շատ լղոզված եզրակացություն է»:

Նա ասաց, որ Հայաստանի պետական կառույցների համար սա շատ սովորական գործելակերպ է.« ես շատ կզարմանայի, եթե ինչ-որ հստակ ու կոնկրետ ձևակերպում լիներ»:

Միաժամանակ, կառավարության պատասխան նամակում կցված է կաթողիկոսի նամակը կառավարությանը, որտեղ ասված է, որ «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերերը առաջարկել են անհատույց սեփականության իրավունքով Մայր Աթոռին օտարել ամառային կինոդահլիճի տարածքը:

«Սուրբ Պողոս-Պետրոս քանդված եկեղու տեղում նախկին եկեղեցին կառուցելու խոչընդոտ է հանդիսանում շենքի քանդման թույլտվություն ստանալը, քանի որ այն համարվում է տեղական նշանակության պահպանվող հուշարձան»,- գրված է կառավարությանն ուղղված նամակում:

Իսկ ամառային կինոդահլիճի քանդման դեմ ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը մեկ շաբաթում հավաքվել էր 23 338 ստորագրություն, որոնք ուղարկվել էին նախագահին, ԱԺ նախագահին, կաթողիկոսին և վարչապետին:

Խմբի ստեղծող, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասում է, որ իրենց հիմնական պահանջն այն է, որպեսզի դահլիճը վերականգնվի հուշարձանների ցանկում, որովհետև դրա հանելը եղել է օրենքի կոպիտ խախտումով:

«Գտնում ենք, որ քաղաքային միջավայրի ձևավորումը չպետք է հիմնված լինի քանդելու սկզբունքի վրա: Այն պետք է տեղի ունենա մշակութային շերտերի կուտակման և համադրման միջոցով:

Ամառային դահլիճը միակ բացօթյա կինոդահլիճն է (այն նաև ամենատարողունակն է Երևան քաղաքում), ինչի շնորհիվ այդ կառույցը կարևոր դեր ունի քաղաքային մշակույթում:

Լիահույս ենք, որ Ձեր անմիջական մասնակցությունը կբերեք այս խնդրի լուծմանը եւ չեք մերժի ավելի քան 23.000 Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների եւ ՀՀ քաղաքացների պահանջը»,- ասված է դիմումի մեջ:

Խմբի ակտիվիստներից Քրիստինե Ասատրյանն ասում է, որ, թեպետ ինքը ճարտարապետ չէ, սակայն հավատում է խմբի ճարտարապետ ընկերներին, որոնք պնդում են, որ կառույցն իր տեսակի մեջ եզակի է ու ճարտարապետության գոհար: «Ես ամեն օր փողոցում կանգնած՝ ժամերով ստորագրություններ եմ հավաքել,- ասում է Քրիստինեն,- այժմ էլ Ֆեյսբուքում ֆլեշ-մոբեր ենք կազմակերպում՝ «Չի՜ քանդվի» նշանաբանով»:

Քրիստինեն ասում է, որ պատրաստ է գնալ ու պառկել բուլդոզերի տակ, եթե հանկարծ որոշվի, որ շենքը քանդվելու է:

Սարհատ Պետրոսյանը «Անկախին» ներկայացրեց Մայր Աթոռի հրատարակած «Էջմիածին» ամսագրի 2008թ.տպագրված` Ճարտարապետության դոլտոր Լոլա Դոլուխանյանի «Մի հուշարձանի քանդման պատմությունը» վերնագրով մի աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու քանդման պատմությունը` համապատասխան փաստաթղթերի պատճեններով: Այնտեղ կան բազմաթիվ նամակներ` ուղղված պատկան մարմիններին եկեղեցին չքանդելու և կինոյի շենքը չկառուցելու մասին:
Կա նաև ճարտարապետ Թամանյանի նամակը:

«06.02.1930թ. Լուսավորության ժողովրդական կոմիսար Եղիազարյանին հղված նամակը Հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանից. նրա(Պողոս-Պետրոս եկեղեցու) կործանումը մի զգալի բաց պիտի առաջացնի Երևան քաղաքի պատմության համար:Ուստի կոմիտեն խնդրում է ձեզ միջնորդել ժողկոմխորհի առջև` թույլ չտալ այդ հուշարձանի քանդումը, մանավանդ որ եկեղեցու կանգուն մնալը չի խանգարում նրա շուրջ քաղաքացիական շենքներ կառուցելուն Աբովյան փողոցի և հրապարակի կողմից»:

ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից «Անկախին» տեղեկացրին, որ խնդիրը գտնվում է մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի ուշադրության կենտրոնում:

Դիտվել է 2372 անգամ:
Print Friendly

Leave a Reply