Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շարունակվում է,լուսանկարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2013 8:21

Երեկ Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան, որտեղ կեսօրին մամլո ասուլիս տվեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ՀՅԴ ղեկավարներից Վահան Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, այլ գործիչներ:

Օրվա երկրորդ կեսին մամլո ասուլիս տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արտաքին քաղաքական կողմնորոշումների առնչությամբ հայտնեց. «Ես դեմ եմ Մաքսային միությանը անդամակցելուն, դեմ եմ նաեւ Եվրասիական միությանը անդամակցելուն: Ասածս չի նշանակում, թե Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացնի Ասիական երկրների, Արեւելքի հետ, սակայն երկիրը պետք է ինտեգրման այլ ուղղության հետեւի»:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու Արամ Սարգսյանի առաջարկի առնչությամբ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ընդունելի առաջարկ է, բայց կարող է նման անհրաժեշտություն չլինի, որովհետեւ երկրում կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սերժ Սարգսյանի Ազատության հրապարակ այցելելու հնարավորության մասին արվող ակնարկներին ի պատասխան Հովհաննիսյանը հայտարարեց, որ անձամբ ասելիք չունի, բայց «հարգանքով կհանդիպի եւ կլսի պարոն Սարգսյանին»:
Իսկ Սահմանադրական դատարանում շարունակվեց ԿԸՀ հայտարարած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատավարությունը, որը կշարունակվի վաղը:
Տեղեկացնենք, որ վաղը՝ կեսօրին ասուլիս կտա «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ ժ.17:00-ին լրագրողների հարցերին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Դիտվել է 2185 անգամ:
Print Friendly

Leave a Reply