Գյուլը Շվեդիայում հանդիպել է Հայոց ցեղասպանության մասին օրինագծին աջակցած թուրք պատգամավորի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 22:55

2010 թվականի մարտի 11-ին շվեդական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման գործում ծագումով թուրք երեք պատգամավոր մեծ դեր էին խաղացել՝ աջակցելով օրինագծին: Թուրք պատգամավոր Մեհմեդ Քափլանը, ով ծագումով Գազիանթեփից է, օրինագծի ուսումնասիրման ժամանակ ելույթով էր հանդես եկել, սակայն վավերացմանը չէր մասնակցել: Այդ պատճառով նա քննադատության էր արժանացել Շվեդիայում բնակվող թուրքերի կողմից: «Եթե Քափլանը, մասնակցելով վավերացմանը, դեմ քվեարկեր օրինագծին, ապա այն չէր օրինականացվի»,-ասում էին Քափլանի քննադատները: Այս դեպքից հետո Շվեդիայում թուրքական դեսպան Զերգուն Քորություրքը կանչվել էր Անկարա, իսկ վարչապետ Էրդողանը չեղյալ էր համարել նույն ամսին Շվեդիա կատարելիք իր այցը:

Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ երեկ նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում էր Ստոկհոլմում: Ահա «Internet ajans» կայքը հաղորդում է, որ Գյուլի հետ զրույցում շվեդ լրագրող Պետեր Վոլոդարսկին նրան հիշեցրել է երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին: «Այն ժամանակներից ի վեր ի՞նչ է փոխվել: Հիմա դուք ելույթ եք ունենալու այդ նույն խորհրդարանում»,-հարցրել է լրագրողը: Ի պատասխան Գյուլը նշել է, որ խորհրդարանի որոշումը չի ընդունվել կառավարության կողմից, ինչը շատ կարևոր է Թուրքիայի համար: «Հուսով եմ՝ իմ ելույթը կազդի խորհրդարանի անդամների վրա:»,-նշել է Գյուլը:
Այնուհանդերձ հետաքրքրական է, որ այցի շրջանակներում նախագահ Գյուլը հանդիպել է վերոհիշյալ պատգամավոր Մեհմեդ Քափլանի հետ և սեղմել նրա ձեռքը:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply