«Ռուսաստանը չպետք է կանգնի կեղծված ընտրությունների կրող թեկնածուի կողքին». Ր. Հովհաննիսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2013 18:45

“Ազատությունը մեր պայքարի հիմքն է, և դա իրացնելու ենք սիրով,-այսօր հերթական բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախօրեին արված իր հայտարարությունը, թե Ռուսաստանը շտապել է` շնորհավորելով Սերժ Սարգսյանին և այդ երկիրը դեռ պետք է ժողովրդավարություն հաստատի իր երկրում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր նկատողությունը եղել է համահավասար. “Ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել և շնորհավորել կեղծված ընտրությունների արդյունքում նշանակված հարգելի թեկնածուին, պետք է վերանայեն այդ որոշումը: Դա ես ասել եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ում դեսպանատան ներկայացուցիչը մի տասը րոպե առաջ մոտեցավ ինձ, առողջություն մաղթեց, այդ պահանջը վերաբերում է նաև Ֆրանսիային, Բրյուսելին և այո` Ռուսաստանին”:

Նա կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պետք է դառնա Հայաստանի նման ավելի ժողովրդավար երկիր, և որպես ավագ գործընկեր, կանգնի հայ ժողովրդի ազատության, անկախության և սահմանադրական ընտրության կողքին և ոչ թե կեղծված ընտրությունը կրող թեկնածուի:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ ինքը չունի “հակաեվրոպականություն, հակաասիականություն, հակաամերիկյանություն”. “Ես Հայաստանի ազգային շահն ու պետության ինքնիշխանությունն եմ գնահատում` որպես բացարձակ արժեքներ: Եվ աշխարհի մեծերն ու փոքրերը, ովքեր կճանաչեն մեր շահն ու ինքնիշխանությունը և որ մինչև հիմա ուղղահայաց են մեզ հետ վերաբերվել, կդառնան հորիզոնական, իրական ռազմավարական գործընկերներ”

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալուն` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեմ է այդ կառույցին, ինչպես նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց. “Դա չի նշանակում, որ Հայաստանի չպետք է երկկողմանի, ամուր հարաբերություններ ունենա ասիական պետությունների, Արևելքի հետ, ինչպես նաև դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին”:

Նա գտնում է, որ Հայաստանը, որպես արևմտյան քաղաքակրթության հիմնաղբյուր, իր ապագան պիտի տեսնի այդ ուղղությամբ, եթե իհարկե Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ինքը ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքնիշխանությունն ու մեր երկրի քաղաքացիների իրավունքները:

Միաժամանակ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին կամ հավաքական ցանկացած կազմակերպության, Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է անհրաժեշտություն և հրամայական: “Եթե մենք ունենանք ստեղծագործական, նորարար, ոչ հավաքական անվտանգության վրա հիմնված, այլ երկկողմանի, ցանցավորված անվտանգություն, ես վստահ եմ, որ այլևս երբեք որևէ տերություն մեզ հետ վերևից չի խոսի: Հայ-ռուսական, հայ-եվրոպական, ինչպես նաև հայ-ամերիկյան աստեղային ժամը դեռ առջևում է, որովհետև առջևում է ժողովրդի իշխանությունը, որ 95 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետությունում չի եղել”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Եթե Սերժ Սարգսյանն այցելի իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա՞ հացադուլից” հարցին նա պատասխանեց, որ որպես սկզբունք, “եթե”-ները չի ընդունում: Բայց. “Ես կողջունեմ, եթե պարոն Սարգսյանը գա հրապարակ Սահմանադրական դատարանից առաջ: Ես երեկ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, որ Սահմանադրական դատարանն ունի եզակի և թերևս վերջին հնարավորությունը՝ իր հետագիծը մաքրելու և ներկայացնելու իրական պատկերը: Կսպասեմ դատարանի վճռին և հույս ունենանք, որ չի արդարացնի ակնհայտորեն կեղծված, գողացված ընտրությունների արդյունքները”:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այցին, ապա նա սիրով կլսի նրա՝ “այս տագնապի հանգուցալուծման վերաբերյալ առաջարկները”, իսկ ինքը ավելացնելու բան չունի, քանի որ ինչ որ առաջարկելու էր, առաջարկել է:

Կդիտարկի հացդուլից դուրս գալու հնարավորությունը, եթե դատարանից ու Սերժ Սարգսյանից ստանա այդ երաշխավորված լուծումը, որը թույլ կտա ճանաչել ժողովրդի սահմանադրական իրավունքը: “Իսկ եթե ոչ մեկը եղավ, ոչ մյուսը, և եթե մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն իր մեջ ինքնաբացարկի ուժ չգտավ, ապա այստեղ միասին կտոնենք թե՛ որակով և թե քանակով համազգային տարողությամբ նոր Հայաստանի երդմնակալությունը,-հայտարարեց նա:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply