Վ.Պուտինը` Ս.Սարգսյանին. Մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է, դա վկայում է ժողովրդի վստահության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2013 17:08

Քիչ առաջ ՌԴ մերձմոսկովյան «Նովոյե Օգարեվո» նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Մոսկվայից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Դիմավորելով հայ գործընկերոջը` ՌԴ նախագահ Վ. Պուտինը մեկ անգամ ևս շնորհավորեց Ս. Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ և ընդգծեց, որ գործող նախագահի ստացած մոտ 60 տոկոս քվեն լավ արդյունք է, ինչը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել նախընտրական շրջանում նախատեսված ծրագրերը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` նախագահ Պուտինը անդրադարձավ տնտեսական ոլորոտում համագործակցությանը և նշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը, և չնայած համաշխարհային տնտեսության անբարենպաստ վիճակին, նախորդ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալան ավելացել է 20 տոկոսով:

Վ. Պուտինի խոսքով, ներդրումների ոլորտում ևս Ռուսաստանն առաջինն է: Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը, ըստ Պուտինի, հասնում է 3 մլրդ դոլարի:

ՌԴ նախագահի խոսքով, երկկողմ քաղաքական համագործակցությունը զարգանում է բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում, լավ նախադրյալներ կան առկա հարաբերությունները ամրապնդելու համար` հատկապես հումանիտար ոլորտում:
Նա նաև կարևորեց երկու երկրներում ապրող մարդկանց միջև հարաբերություններն ու հատկապես Ռուսաստանում ապրող հայերի առնչությունը պատմական հայրենիքին: Նա ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին անվանեց «օրինապահ և արդյունավետ աշխատող քաղաքացիներ»:

Ավարտելով խոսքը, նախագահ Պուտինը ևս մեկ անգամ ողջունեց Սերժ Սարգսյանին:
Իր հերթին Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և պարզաբանեց, որ վերընտրվելուց հետո իր առաջին օտարերկրյա այցի երկիրը պատահական չի ընտրված, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը:

Նախագահ Ս. Սարգսյանը հայ-ռուսական համագործակցության արդյունքները գնահատեց բացառիկ` կարևորելով հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը:

Հիշեցնելով, որ իրենց վերջին հանդիպումից հետո Հայաստան են այցելել ՌԴ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը, Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին տեղեկացրեց, որ հայ հանրությունը հատկապես բարձր է գնահատել այն փաստը, որ ՌԴ ՊՆ-ն Հայաստան է այցելել Հայական բանակի օրը:

Խոսելով տնտեսության ոլորտում համագործակցության մասին, նախագահ Սարգսյանը կարևորեց դրա հետագա խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ առանձին հարցերում Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերոջ աջակցությունը:

Իր խոսքի վերջում ՀՀ նախագահը վերահաստատեց հրավերը Ռուսաստանի նախագահին` պետական այցով Հայաստան ժամանելու կապակցությամբ:
Այս պահին ընթանում է նախագահների առանձնազրույցը, դրան կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել նախօրեին:

Panorama.am

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply