Բռնցքամարտի երևանյան միջազգային մրցաշարն այս տարի չի կայանա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2013 15:09

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները, նախապատրաստվելով մայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, նաև ստուգողական հանդիպումներ են անցկացնելու:

Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում մարտի 13-16-ը կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանից հանդես կգա  5 մարզիկ` Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ ), Հրայր Մաթևոսյանը (69 կգ),Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Հավաքականի մյուս անդամները  նախապատրաստվում են Ուկրաինայում և Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարերին:

Մարտի 25-30-ը Խերսոնում նախատեսված մրցումներում կարողությունները կփորձեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովնիկյանը (75 կգ), Ռուսլան Իբրահիմյանը (81 կգ):

Իսկ ահա, Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Արթուր Գրիգորյանը (54 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) հանդես կգան մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը  Ուրալսկ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում:

Այդ մրցաշարերի արդյունքներով կընտրվեն այն բռնցքամարտիկները, ովքեր Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հավելենք, որ  բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով մարտի 12-18-ը Երևանում նախատեսված ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի  սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը չի կայանա:  Ի դեպ, Ծառուկյանն առաջարկել է, որ այն այսուհետ նվիրվի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին: Նախատեսվում է  2014-ին միջազգային մրցաշարը կրկին անցկացնել:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply