Դիմումում ներկայացված են հիմնազուրկ դատողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2013 14:35

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ՍԴ ներկայացրած 16 էջից բաղկացած դիմումի մեջ ներկայացված են հիմնազուրկ դատողություններ, մեջբերումներ Սահմանադրության 5 հոդվածներից և Ընտրական օրենսգրքի 7 հոդվածներից, արված է ընտրանքային, անհաջող ծաղկաքաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից, իսկ մնացածը վերաբերում է Վարչական դատարանում վիճարկված դիմումին, որի վերաբերյալ կայացված է վճիռ, որը վերջնական իրավական ակտ է: Այս մասին ՍԴ-ի այսօրվա նիստում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով ՍԴ-ում քննարկվող գործի վերաբերյալ բացատրություններ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն երեկվանից քննում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործը, որով վիճարկվում է ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը:

ԿԸՀ-ի նախագահն իր ելույթում ընդգծեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը նշանակված անդամներ ուներ 1884 ընտրատեղամասերում կամ ընտրատեղամասերի ընդհանուր թվի 94,7%-ում: Կուսակցությունը նաև ուներ բավարար թվով վստահված անձինք և կարող էր սահմանված ժամկետում բողոքարկել ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները՝ ներկայացնելով համապատասխան դիմումներ, ինչից չի օգտվել կամ գրեթե չի օգտվել: Տ. Մուկուչյանն ընդգծեց, որ անընդունելի է համարում նման մոտեցումը և գտնում է, որ Հովհաննիսյանի կողմնակիցները ներկայացնում են «սին դատողություններ սեփական անգործությունը փարատելու համար»:

Ընդմիջումից հետո՝ ժամը 14:30-ին շարունակվող նիստում Տ. Մուկուչյանը կշարունակի ելույթը: Նա դեռևս չի անդրադարձել Անդրիաս Ղուկասյանի դիմումին:

Հեղինակ: 

«Փաստինֆո»

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply