Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 12, 2013 11:30

 Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ  ունեցավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է «Կանանց եւ աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը»:

Գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ` դեսպան Նազարյանը վստահություն հայտնեց, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու եւ դրանց լուծման ուղիները գտնելու համար: Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները` դեսպանը կարեւորեց «Կանանց կարգավիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները եւ հիմնական թիրախները: Նա նաեւ նշեց, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում` ամրապնդելով քաղաքական, իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտը, բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը: Դեսպան Նազարյանը նկատեց, որ չնայած այդ ջանքերի, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են` ստանալով նոր ձեւեր ու դրսեւորումներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ` խթանելու եւ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը: Նա իր ելույթը եզրափակեց` նշելով, որ «Անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները` նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաեւ կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»:

 

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply