Հայկական ինտերնետ` ոչ հայկական բովանդակությամբ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 9, 2010 12:26

Միջին հայ ինտերնետ-սպառողը բավականին տարօրինակ է. նա ցանցում գործնականում չկա: Վերջին երկու տարվա մեջ ինտերնետ-սպառողի թիվը մեծ արագությամբ աճում է: Մյուս կողմից` այցելությունների քանակը հիմնական լրատվական պորտալներ այնքան էլ մեծ չէ, այցելուներն էլ հիմնականում ոչ հայ սպառողներն են:
Այսօր ինտերնետ-այցելությունների թռիչքային աճ ենք նկատում, այն պարագայում, երբ սպառողը մեծ մասամբ չգիտի, թե ինչ կարելի է անել ցանցում: Հիմնականում ինտերնետում են հայտնվում` շրջապատից լսելով, որ կարելի է ծանոթ-անծանոթների հետ շփվել: Ինտերնետը վիրտուալ շփումների անսահմանափակ հնարավորություն է ընձեռում:
Որքա՞ն է հայ ինտերնետ -սպառողների թիվը
Սա կարելի է դարի հարց համարել, քանի որ տարիներ շարունակ մեզ մոտ պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Հայաստանում ինտերնետի թափանցմանը վերաբերող միջազգային վարկանշային տվյալները խիստ նվազեցված են: Հիմնականում ցուցանիշները վերցվում են Internetworldstats-ի հաշվետվությունից, որն էլ իր հերթին հիմնվում է ITU-ի տվյալների վրա: Այսպես, այդ կազմակերպության 2008 թ. տվյալների համաձայն` պատկերը հետևյալն է.
-ինտերնետ -սպառողների թիվը 191 հազար է, այսինքն` բնակչության 6,21 տոկոսը,
-լայնաշերտ ու բարձրարագ ինտերնետ (Broadband Subscribers) սպառողների թիվը 5 հազար է կամ երկրի բնակչության 0,16 տոկոսը:
Խնդիրն այն է, որ այս հարցի հետ կապված լուրջ հետազոտություններ չեն կատարվել: Հաշվետվությունների համար վերցվել են 2005 թ. տվյալներ: Դրանից հետո այդ թվին ավելացվել է միջին աճը, որն այդ պահին բավականին համեստ էր:
Իսկ իրականո՞ւմ: Վերջին երկու տարում մենք սպառողների սրընթաց աճ ենք գրանցել: Ընդ որում, ընդլայնվել է լայնաշերտ ու բջջային ինտերնետը: Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի 2009 թ. տարեվերջի տվյալների համաձայն` ունենք հետևյալ պատկերը.
-Lայնաշերտ ինտերնետի սպառողների թիվը 70-75 հազար է (2008 թ. վերջին եռամսյակի համեմատությամբ աճել է 7 անգամ):
– Dial-up ինտերնետի աբոնենտների թիվը 40-45 հազար է (նվազել է 50 տոկոսով):
-Բջջային ինտերնետի աբոնենտների թիվը 1,5 մլն է:
Նկատենք, որ հանձնաժողովը աբոնենտների թիվը զգալիորեն ավելացրել է: Օրինակ` գրասենյակը, որտեղ աշխատում է ավելի քան 10 մարդ, համարվում է լայնաշերտ կապի մեկ աբոնենտ, իսկ տվյալ բաժանորդի սպառողները շատ են:
Նմանատիպ իրավիճակ է նաև մասնավոր սպառողների դեպքում. մի հարկի տակ, երբեմն լինում է մեկից ավելի սպառող:
Իսկ բջջային ինտերնետին վերաբերող տվյալները թերևս ուռճացրած են: Հանձնաժողովը ներկայացրել է սպառողների ներուժը, մինչդեռ նրանցից շատերը նույնիսկ համապատասխան բջջային հեռախոսներ չունեն, էլ ուր մնաց ցանց մտնեն: Սակայն այս դեպքում ևս մեծ աճ է նկատվում նախորդ տարիների համեմատությամբ:
Ամփոփելով ասենք, որ մեր գնահատականով` ակտիվ սպառողների թիվն այժմ գերազանցում է 12-15 տոկոսի ցուցանիշը, և հնարավոր է, որ շուտով հասնի 20 տոկոսի: Այսինքն` մեր երկրում արդեն սպառողների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Առաջիկայում նույնպես քանակական աճ կդիտվի, քանի որ սպասվում է ինտերնետի էժանացում, մյուս կողմից` երկրի կոմպյուտերիզացում, որը նույնպես առաջընթաց է ապրում: Բերենք թեկուզ «Համակարգիչ յուրաքանչյուրին» ծրագիրը, որի ծառայությունից բնակչությունը սկսել է ակտիվորեն օգտվել:

Odnoklassniki.ru –
հայկական ցանցի հիմքը

Սպառողների մեծ մասն այցելում է սահմանափակ թվով կայքեր:
Այսպես, եթե դիտարկենք հայկական ԶԼՄ-ների օն-լայն այցելությունների քանակը, ապա այստեղ ամենօրյա լսարանը հասնում է օրական 2-3 հազար մարդու: Ամենամասսայական կայքերը մեկ օրվա կտրվածքով ունեն 5-15 հազար այցելու, ընդ որում,լսարանի մեծամասնությունը Հայաստանից չէ:
Ինտերնետի հայկական սեգմենտը հիմնականում բավական պասիվ լսարան ունի: Նույնիսկ ամենավարկանշային կայքերն օրական ունենում են 10-20 հազար այցելու, ու այդ թվի միայն մի փոքր մասն է կազմում Հայաստանը: Մինչդեռ Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում ռուսական Odnoklassniki.ru ցանցը, որն այցելությունների թվով առաջին տեղում է: Այդ կայքի զուտ հայկական լսարանը գերազանցում է 200 հազարը:
Կայքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներգրավված են մարդիկ, ովքեր բացի Odnoklassniki.ru-ից ,այլ կայքեր չեն այցելում: Դրանք հիմնականում միջին տարիքի մարդիկ են, ում համար ինտերնետը արտասահմանում ապրող հարազատների հետ շփվելու էժան միջոց է: Հաճախ կտեսնես մարդկանց, ովքեր էլեկտրոնային փոստից օգտվելու ձևը չգիտեն, նրանց փոխարեն երեխաները կամ էլ թոռներն են գրանցվում: Ինչից հետո Odnoklassniki. ru-ն այդ մարդկանց համար վերածվում է ինտերնետի միակ լուսամուտի: Մեծ թվով երիտասարդության համար կայքը վերածվում է վիրտուալ շփման հնարավորության` ներառյալ բջջային տեխնոլոգիաները: Հիշյալ կայքի աճին նպաստեցին նաև որոշ բջջային օպերատորների կողմից առաջարկված սակագնային պլանները: Դրանցից մեկը, օրինակ, արտոնություններ է սահմանում այդ կաքի սպառողների համար` 1 մեգաբայտի դիմաց գանձելով 1 դրամ, այսինքն` մյուս կայքերից զգալիորեն էժան: Պատկերացնելու համար ասենք, որ բջջային հեռախոսից Opera Mini բրաուզերով ինտերնետ այցելողների թվով Հայաստանը հայտնվել է աշխարհում առաջին տասնյակում: 2008-2009 թթ.` մեկ տարվա ընթացքում, նրանց թիվն աճել է 700 տոկոսով: Ընդ որում, էլի ամենահաճախելի կայքը մնում է Odnoklassniki.ru-ն: Առաջատարի դիրքերում է նաև ռուսական մի ուրիշ սոցիալական կայք` vkontakte.ru-ն, որի այցելուները նույնպես հիմնականում երիտասարդներն են:
Մեկ այլ աղբյուրի` Alexa.com վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում մասսայական են ոչ հայկական կայքերը, սոցիալական ցանցերից` նույն Odnoklassniki.ru-ն, vkontakte.ru-ն և ամերիկյան խոշորագույն Fasebook.com ցանցը:
Մինչդեռ ծանոթությունների հայկական սոցիալական կայքերը` Armenia-online, Hajland, սահմանափակ թվով այցելուներ ունեն, այն էլ հիմնականում Սփյուռքից: Ընդհանրապես Սփյուռքը լուրջ գործոն է ինտերնետի հայկական սեգմենտի համար, քանի որ արտերկրում բնակվող հայերն են հետաքրքրված հայկական կայքերի լրատվությամբ:

Ամփոփելով ասենք, որ
-միջին հայ սպառողը նեղ «հորիզոն» ունի, այսինքն` օգտվում է սահմանափակ կայքերից,
-այցելությունների հիմնական կետերը ծանոթությունների կայքերն են, ընդ որում` ոչ հայկական,
-լրատվական աղբյուրները ինտերնետի հայկական սեգմենտից դուրս են, փաստն ինքնին արդեն նվազ գրավիչ է:
Բուռն աճին վերաբերող մեկ այլ հարց կա, որը պայմանավորված է ցանցից անվտանգ օգտվելու անտեղյակությանը, ինչը սպառողների մեծ թվի դեպքում կհանգեցնի մեծ խնդիրների: Ավելի ճիշտ, խնդիրներ արդեն կան, քանի որ սպառողն առանց գիտակցելու անձնական բնույթի տվյալներ է «հրապարակում», փաստ, որը կարող է ծառայել հենց իր դեմ:
Սա արդեն ուրիշ խոսակցության նյութ է …

Դիտվել է 3649 անգամ:
Print Friendly

Leave a Reply