Մեղադրվում են մուրացկանին կողոպտելու մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 12, 2013 10:46

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, մարտի 14-ին տեղի կունենա բնակարան մուտք գործելով կողոպուտի հետաքրքրական մի գործով դատական առաջին նիստը:

Ամբաստանյալներ Արա Դիլանյանն ու Խաչիկ Հակոբյանը մեղադրվում են «նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք գործելով Գորիս քաղաքի Յոլյան 7 հասցեում գտնվող առանձնատուն, տանտիրոջ և նրա որդու նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Գեորգի Հայրապետյանի ու նրա որդու գրպանից համապատասխանաբար 45.700 և 181.000 ՀՀ դրամ գումար բացահայտ հափշտակելու» մեջ:

Գործով ամբաստանյալները համակուրսեցիներ են, ավարտել են Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, Գորիս քաղաքի բնակիչ Արա Դիլանյանը Գորիսի պետհամալսարանի դասախոս է եղել: Նա որոշել է կրպակ աշխատեցնել, իսկ նրա ընկերը՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանը մերթ ընդ մերթ գալիս էր Գորիս՝ կրպակի վերանորոգման աշխատանքներում ընկերոջն օգնելու համար:

Արա Դիլանյանի հարևանությամբ բնակվում է Հայրապետյանների ընտանիքը՝ 86-ամյա հայրը՝ Գեորգի Հայրապետյանը և նրա որդիներ Սպարտակ ու Սուրեն Հայրապետյանները, նրանք շատ ծանր սոցիալական պայմաններում են գտնվում և մի քանի տարի բնակվում են հոսանքազրկված բնակարանում:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ընտանիքն ունի լուրջ առողջական խնդիրներ, Հայրապետյան հայրը ծերունական խնդիրներ ունեցող անձ է՝ բազմիցս կասկածանքներ ու մեղադրանքներ է ուղղել մարդկանց, ասելով՝ «գումար գողացաք, բակից ինչ-որ բան տարաք» և այլն: Հենց նա էլ անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին «հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել» ոստիկանություն առ այն, որ իրենց բնակարանում գիշերը կողոպուտ է կատարվել:

Նշանակված դատաբժշկական ու դատահոգեբուժական փորձաքննությունները պարզել են, որ նրա որդիներից մեկը՝ Սուրեն Հայրապետյանը տառապում է շիզոֆրենիա, իսկ մուրացկանությամբ զբաղվող մյուս որդին՝ Սպարտակ Հայրապետյանը՝ օլիգոֆրենիա հիվանդությամբ: Վերջինս, ըստ պաշտպանի, Ա.Դիլանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, որ Դիլանյանն իրենից կատարել է կողոպուտ և ասել է՝ «հայրս է սովորեցրել»: Բացի այդ, սկզբում, երբ կողոպուտի մասին հաղորդում էր տրվել, նշվում էր, որ տնից կորել է նաև 463 հազար դրամ գումար, սակայն նախաքննությամբ պարզվել է, որ այդ գումարը Սպարտակից վերցրել է հայրը: «Այսինքն՝ միջանձնային, ընտանեկան լուրջ խնդիրներ ունեն, ու այդ պայմաններում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասաց Ի.Պետրոսյանը:

Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործով ընդամենը մեկ ապացույց կա՝ Արա Դիլանյանի մատնահետքը Հայրապետյանի դռան վրա, ինչը բացատրելի է՝ վերջիններս ամբաստանյալի հարևաններն են եղել, ուստի նրանց տուն մտել-դուրս է եկել, իսկ Խ.Հակոբյանից «ոչ մատնահետք, ոչ ոտնահետք, որևէ ապացույց չկա»:

Պաշտպանական կողմն անհիմն ու դատական նախադեպերին հակասող է համարում օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, կայացված որոշումը, որով բավարարվել էր Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հ. Պետրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը: Դատախազը միջնորդում էր բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, կայացված որոշումը, որով մերժվել էր մեղադրյալների կալանքի ժամկետը 20 օրով երկարացնելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Պաշտպանական կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված, իսկ դրա դեմ բերված բողոքը՝ անհիմն: «Ներկայացված միջնորդության մեջ որպես հիմք նշվել է, որ Ա. Դիլանյանի և Խ.Հակոբյանի կալանքի ժամկետն անհրաժեշտ է երկարացնել, քանի որ գործն ուղարկվում է դատարան և անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Պաշտպանական կողմը գտնում է, որ քրեական գործը դատարան ուղարկելու համար` ժամկետը երկարացնելու վերաբերյալ հիմնավորումը չի կարող հիմք հանդիսանալ` անձին կալանքի տակ պահելու համար»,- վերաքննիչ բողոքի դեմ հայտնած իր առարկություններում նշել է պաշտպանը:

Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ հույս ունենալով, որ իրարամերժ դատական ակտերի առկայության պարագայում Վճռաբեկ դատարանը բողոքը կընդունի վարույթ:

Ինեսսա Պետրոսյանը նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել գործով նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանին՝ պարզվել է, որ նրա փեսան՝ դստեր ամուսինն է հաստատել մեղադրական եզրակացությունը:

Հեղինակ:

«Փաստինֆո»

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply