«Պարոն Սարգսյան, Ձեր նստավայրը ստում է». Րաֆֆի Հովհաննիսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2013 19:53

«Ես կրկնում եմ` սա էլ վերջին անգամ. ապրիլի 9-ին այս երկարատև երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստանը: Ժողովուրդը` իր երդմնակալությամբ իրացնելու է սահմանադրական պահանջը, որ ժողովուրդը իշխանավորն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հերթական սուտ ու կեղծիք համարեց նախագահական նստավայրից տարածված հայտարարությունը, թե ինքը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը. «Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ մի առաջարկ հանդիպման կամ հաղորդակցության: Ձեր նստավայրը ստում է»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով`  ինքը բաց է հաղորդակցության համար բոլորի հետ անխտիր` անգամ նրանց հետ, ովքեր իրեն հարվածել են, պախարակել կամ ընտանիքին նեղել: Պատրաստ է, եթե երկխոսությունը կարող է հարց լուծել:

Նա Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ հրավիրեց Ազատության հրապարակ բաց կամ փակ քննարկման. բաց` նստարանի վրա, փակ` կողքի սրճարանում: Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է բաց քննարկման, սակայն որոշումը թողնում է Սերժ Սարգսյանին:  «Բայց խաղ ու պար չլինի,-զգուշացնում է նա,-ես բաց եմ հաղորդակցության, բայց ոչ ժողովրդին հեգնելու, ծաղրելու և սուտ տեղեկություն տարածելու»:

Միաժամանակ նա նշեց, որ կարևորը ոչ թե հանդիպման ձևն է, այլ բովանդակությունը:

Ինչ վերաբերում է իր կողմից նախագահական նստավայր գնալուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` դա կլինի միայն այն դեպքում, երբ նա գնա այնտեղ որպես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ իրենց վերջին ծրագրերին` վաղը ժամը 12:00-ին մամլո ասուլիս կտա ԱԺ «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ժամը 17:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա կարճ հայտարարությամբ և տեղի կունենա մամլո ասուլիս:

Չորեքշաբթի և հինգշաբթի օրը նույնպես կլինի նույն գրաֆիկը, իսկ ուրբաթ օրը ժամը 17:00-ին տեղի կունենա հերթական հանրահավաքը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևակերպմամբ «հաղթահավաքը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագրային առումով պատրաստելու են գործադիր, օրենսդիր և դատական իշխանության նոր մանրակերտը, նոր սահմանադրությունը, որը ծնվելու է ապրիլի 9-ից հետո:

Այս ամենը, ըստ նրա, լավ հնարավորություն է Սերժ Սարգսյանի համար սթափ գնահատելու իրավիճակը և իր դե ֆակտո իշխանությունը փոխարինել դե յուրե առաջին նախագահությամբ:

Նա նաև վստահեցրեց մինչև ապրիլի 9-ը Հայաստանում համար բեկումնային փոփոխություններ են լինելու: «Դուք իմացեք, որ ես լուրջ եմ, ես իմ խոսքերին լուրջ եմ վերաբերում: Սրանից հետո պայքար մինչև հաղթանակ»,-իր խոսքն ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը` անցնելով լրագրողների հարցերին:

«Անկախ»-ի հարցին, թե Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի դեպքում ի՞նչ քայլեր է նախատեսում Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս պարզաբանեց. «Ամենակարճ ճանապարհն այն է, որ պիտի ճանաչվի հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հաղթանակը: Դատարանն ունի հնարավորություն մինչև իր կազմի փոփոխությունը մեի անգամ իրավական, սահմանադրական վճիռ կայացնել. թող բացի 1900 ընտրատեղամասերի ընտրատրցակները, կտեսնեք, որ ժողովուրդը հաղթել է. սա առաջին ճանապարհն է: Մյուս ճանապարհը երկրորդ փուլ նշանակելն է. երկուսով բանավիճենք` ես և Սերժ Սարգսյանը, թող ժողովուրդը որոշի»:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply