Իլհամ Ալիև. «Հայաստանը ցանկանում է ձգձգել գործընթացը…»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | April 8, 2010 1:35
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էստոնացի իր գործընկերոջ` Թումաս Իլվեսի հետ հանդիպումից հետո լրագրողների ներկայությամբ հանդես է եկել հայտարարություններով:
Ալիևի` Ղարաբաղյան հարցի վերաբերյալ արած հայտարարության անհեթեթության հանգամանքը հաշվի առնելով, զերծ ենք մնում նկատառում անելուց և այն ներկայացնում ամբողջությամբ.
«Մեր հողերի` գրեթե 20 տարի օկուպացիայի տակ մնալու փաստը վկայում է այն մասին, որ չնայած միջազգային նորմերի ու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի խաղաղ լուծման ուղղությամբ մեր ջանքերին, Հայաստանի դեռևս շարունակվող ապակառուցողական դիրքորոշումը և խաղաղ գործընթացը ձգձգելու քաղաքականությունը մեծ խոչընդոտներ են ստեղծում հակամարտության կարգավորման ճանապարհին:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կողմերին հակամարտության կարգավորման առաջարկ են ներկայացրել. այդ առաջարկը հիմնված է միջազգային նորմերի, բանաձևերի ու միջազգային կազմակերպությունների որոշումների վրա: Ընդհանուր առմամբ, այդ առաջարկը ոչ շատ մեծ բացառություններով 3 ամիս առաջ պաշտոնապես ու հրապարակավ ընդունվել է Ադրբեջանի կողմից: Այդուամենայնիվ և ցավոք, մենք չտեսանք նույնական մոտեցում Հայաստանի կողմից: Ադրբեջանը պատրաստ է ասռաջ ընթանալ այդ առաջարկություններով. բայց մենք չտեսանք Հայաստանի կողմից նույնական պատասխան, որն էլ ավելի է մեծացնում մեր ենթադրությունը, որ Հայաստանը սոսկ միոտւմ ունի` պահպանելու ստատուս-քվոն, չի ուզում իր զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից, ցանկանում է ձգձգել գործընթացը և մի որոշակի ժամանակում կնախընտրի հեռանալ:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը և տվյալ հարցով անմիջականորեն զբաղվող շրջանները, այդ թվում եվրոպական կառույցները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը, որպեսզի համոզեն ինքնիշխան երկրի տարածքի 20 տոկոսը անօրինական օկուպացիայի տակ պահող Հայաստանին` չեզոքացնել Ադրբեջանի դեմ էթնիկական զտումների քաղաքականության հետևանքները, թույլ տալ 1 միլիոն ադրբեջանցի փախստականներին ու ներքին տեղահանված անձանց վերադառնալ իրենց հայրենական հողերը և վերջ դնել օկուպացիային: Դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատվել»:






Facebook
Tweet This
Email This Post
