Բաց նամակ Էդուարդո Էռնեկյանին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 10, 2013 21:25

Հարգելի պարոն Էռնեկյան,

Ես գրում եմ այս նամակը նախևառաջ որպես ճարտարապետ, ով հպարտությամբ է ներկայացնում իր արտասահմանցի գործընկերներին ու ընկերներին Երևանի նորակառույց ու գերժամանակակից Զվարթոնց օդանավակայնը։ Ես գրում եմ Ձեզ նաև որպես առաջին սերնդի սփյուռքահայ, ով հպարտ է մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրներ ներդրումներով ու նորարարական ծրագրերով։ «Կարաս» գինիները մեկն է այն հաջողված օրինակներից, որը ևս մեկ առիթ է հպարտանալու Ձեզնով ու Հայաստանով։ Եվ վերջապես, գրում եմ Ձեզ որպես քաղաքաշինարար, ով սկսած 2000-ականներից փորձում է ներազդել ու ուղղորդել Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումները ավելի կայուն ու ժառանգության պահպանությանը միտված ուղղությամբ։

Ցավոք՝ մենք չենք ունեցել այս ուղղությամբ շատ հաջողություններ, սակայն վերջին մի քանի տարիներին Հայաստանի կառավարության համեմատաբար բաց մտածողության, ինչպես նաև մամուլի ու սոցիալական ցանցերի հասանելիության պատճառով մենք` հայաստանցիներս ավելի տեղեկացված ու զգայուն ենք մեր իրավունքների վերաբերյալ։ Վերջին մի քանի տարիներին, չնայած բազմաթիվ անընդունելի նախագծերի առկայության, հայ երիտասարդությանը հաջողվեց փրկել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճն ու Մաշտոցի այգին Երևանի սրտում, ինչպես նաև մի շարք այլ արժեքավոր շենքեր ու հանրային տարածքներ։

Հարգարժան պարոն Էռնեկյան,

Այս նամակը գրելու պատճառ հանդիսացով Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ շինությունը, որը կառուցվել է 1950-ականների բազմավաստակ ճարտարապետներ Սամվել Սաֆարյանի, Վարազդատ Արևշատյանի ու Ռաֆո Իսրայելյանի կողմից, հանդիսանում է ԵրևանիՀանրապետության հրապարակի անկյունաքարերից մեկը։ Հրապարակը, որպես 20-րդ դարի մեծագույն և տաղանդավոր ճարտարապետներից մեկի՝ Ալեքսանդր Թամանյանի և մի շարք այն անձանց խմբային գլուխգործոց, դիտարկվելով որպես մեկ ամբողջական համալիր, 1970 թվականին արժանացել է Խորհրդային միության Պետական մրցանակի։

Հրապարակը իր հինգ շենքերով, արդեն քանդված Լենինի արձանով ու շատրվաններով հանդիսացել է և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մաս (ՀՀ կառավարության 07.10.2004թ.-ի թիվ 1616-Ն որոշում, հուշարձան թիվ 96), որպես ամենաբարձր հանրապետական (ազգային) նշանակությամբ հուշարձան։ Հայաստանում գործող «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականին ընդունված օրենքը, նման հուշարձանների պահպանության համար սահմանում է շատ խիստ ռեժիմ։ Օրինակ՝ Դուք պարտավորվում եք ցանկացած փոփոխություն համաձայնեցնել ՀՀ կառավարույթան հետ։ Ես կասկած չունեմ, որ այն կառավարությունը որը ուղիղ վաճառքով օտարել է շենքը «Տանգո» ՍՊԸ-ին, ապա հայտարարել չհաջողված բաց մրցույթ, հեշտությամբ կդակի նաև Ձեր ցանկացած հավելում ու փոփոխություն այդ շենքի վրա։

Ուղղակի ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր բոլոր կառավարություններն էլ միայն ներդրումների ներգրավման համար պատրաստ են անտեսել մեր Ազգային օրենսդրությունն, Ազգային հարստությունը և քաղաքացիներիս մեր անմիջական միջավայրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրազեկման իրավունքը։ Կոնկրետ այս շենքի դեպքում ևս որևէ հանրային լսում կամ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել, ավելին՝ այն չի քննարկվել պետական լիազոր մարմին հանդիսացող մշակույթի նախարարությունում, ինչը օրենքի պահանջ է։

Հարգարժան պարոն Էռնեկյան,

Որպես ճարտարապետ 2000-ականերին անձամբ չափագրել եմ ողջ շենքը և հավատացնում եմ Ձեզ, որպեսզի այդ շենքում ստանաք հինգաստղանի բարձրակարգ հյուրանոց, պարտավորված եք լինելու քանդել շենքի ողջ ներքին տարածությունը։ Դա նշանակում է՝ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար վճարելուց հետո Ձեր ճարտարապետներն ու այլ նախագծողները չեն կարողանալու պահպանել այս շինության հիասքանչ ներքին տարածությունները, որոնք ևս հանդիսանում են հուշարձանի անքակտելի մասը։ Այդ ներքին տարածքներում են ձևավորվել ու «գրվել» մեր նորանկախ պատմության մի մասը, երբ միջազգային հյուրերը բանակցել ու բացահայտել են մեր նորանկախ երազ-երկիր Հայաստանի Հանրապետությունը։ Վերջում Դուք հայտնվելու եք շատ ծանր իրավիճակում, քանի որ պահպանվելու է շինության միայն կեղևը (արտաքին պատերը) և ավերվելու է Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ երկիր ինքնուրույն արտաքին քաղաքականություն ունենալու իրավունքի մարմնավորումը հանդիսացող կառավարական երկրորդ շենքը՝ Արտաքին գործոց նախարարությունը։

Հարգելի պարոն Էռնեկյան,

Դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ինչպես արդեն նշեցի, հպարտ է Ձեր նախաձեռնություններով, այդ թվում և Արցախում յուրաքանչյուր դպրոցական համակարգիչ նվիրելու ծրագրով, մի՛ ստվերեք Ձեր ազգանվեր անցյալն ու վարկը՝ մասնակիցը լինելով այս ծրագրին։ Հայերը հպարտ են Ձեր օդանավակայանով, գինով ու Արցախի «Նուռ» ծրագրով։ Խնդրում եմ առիթ մի տվեք համեմատել Ձեզ Հայաստանում առկա օլիգարխների հետ։ Նրանցից ոմանք պատրաստ են ոչնչացնել Երևանի 19-րդ դարի ողջ ժառանգությունը Հյուսիսային պողոտա կամ քանդել Երևանի ֆանստաստիկ Ծածկած (փակ) շուկան սուպերմարկետ կառուցելու համար։ Սփյուռքահայերը նոր մտածողություն ու չափողականություն են Հայաստան բերել վերջին քսան տարիների ընթացքում, որն իր հերթին նպաստել ու պետք է նպաստի բիզնես միջավայրի բարելավմանը։

Մեկ անգամ ևս կոչ եմ անում Ձեզ՝ հետ քայլ կատարել, վերաժևորել այս գործարքը Հայաստանի վերջին երկու տասնամյակի և Ձեր դերակատարության համատեքստում։

ԱԳՆ-ի շենքի գործարքի դադարեցման վերաբերալ տեղեկության ակնկալիքով,

Հարգանով,

Սարհատ Պետրոսյան

Ճարտարապետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևանի» հիմնադիր և հետազոտակա

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply