Թուրքական «Սաբահը» ստահոդ լուրեր է տարածում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2010 20:55

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ երեկ թուրքական «Sabah» թերթում հրապարակված է եղել մի լուր, համաձայն որի, եթե Հայաստանն ուզում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է իրեն զատի Սփյուռքից:

«Բացի այդ, գրված է, որ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք այցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կներկայացնի ուղերձ,- ասաց Ալավերդյանը,- որպեսզի Օբաման ճնշում գործադրի Հայաստանի վրա` ստորագրելու մադրիդյան փաստաթուղթը»:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնչած հարցին պատասխանեց, որ ուղերձները այլ երկրներից չէ, որ պետք է ստանալ և «Sabah» կարդալով չպետք է հավատալ, թե ինչ է սպասվում:

Նա ասաց, որ Հայաստանում է Էրդողանի բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն և ՀՀ նախագահին է փոխանցել Էրդողանի գրավոր և նախագահի ու ԱԳ նախարարի բանավոր ուղերձները:

«Այդ ուղերձները չեն պարունակում այն լուրերը, որը հրապարկել է «Սաբահը»,- ասաց Նալբանդյանը,- Թուրքական կողմը հավաստիացրել է մեզ, որ ցանկանում է շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Իսկհայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը , որը համահունչ է միջազգային հանրության ակնկալիքներին և Թուրքիայից գործնական քայլերի է սպասում»:

Ալավերդյանը փորձեց կապ գտնել «Սաբահում» հրապարակված լուրերի և վերջերս պտտտվող այն խոսակցությունների միջև, որը վերաբերում է ԼՂՀ-ի շուրջ գտնվող ինչ-ինչ տարածքներ վերադարձնելուն:

«Խոսակցություններն ու տպագիր նյութերը միմյանցից անկախ չեն լինում,- ասաց Ալավերդյանը,- դրանք լինում են իրար հետ կապակցված»:

Ի պատասխան հարցին` ԱԳ նախարարն ասաց, որ կարելի է տեղեկանալ տարբեր աղբյուրներում հրապարակված ինֆորմացիային. «բայց հավատալ կամ չհավատալ դրանց. ուրիշ բան է»:

«Մենք բազմիցս ասել ենք, և երեկ ևս ես ասացի, որ ԼՂՀ-ի գլխավոր հիմնախնդիրը նրա կարգավիճակի հարցն է, ազգաբնակչության ինքնորոշումն ու անվտանգությունը,- ասաց Նալբանդյանը,- եթե այդ հարցերը լուծվեն, այլ հարցվերի շուրջ հնարավոր կլինի քննարկում կազմակերպել և պատասխաններ գտնել»:

Դիտվել է 1887 անգամ:
Print Friendly

Leave a Reply