Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2013 19:01

Երևանում մարտի 9 –ին տեղի ունեցավ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու – ընտրական  համաժողովը : ՀԱՕԿ  – ի 126  անդամներից  ներկա էին  111 –ը: Միջոցառումը նախագահող , ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վահրամ Առաքելյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ , հոտընկայս հարգեցին  կյանքին հրաժեշտ տված օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի , աշխարհահռչակ հրաձգուհի Զինայիդա Սիմոնյանի  և  ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Հայսպորտպետկոմի նախկին փոխնախագահ Բակուր Հասրաթյանի հիշատակը:

Օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Անցած քառամյա փուլում / 2009 – 2012 թթ. /  կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ  ՀԱՕԿ – ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը: Նա  խոսուն փաստերով  և օրինակներով ներկայացրեց  կարևոր մրցաշարերում հայ  օլիմպիականնների / ամառային , ձմեռային , պատանեկան խաղեր և երիտասարդական փառատոներ /  մրցելույթները , խոսեց նվաճումների ու նաև անհաջողությունների մասին:

Շիրակի և Լոռվա մարզերում  ստեղծվել են ՀԱՕԿ – ի մասնաճյուղեր :

Տարբեր մարզաձևերի տասնյակ մասնագետներ են հրավիրվել Հայաստան  ու ղեկավարել   մարզչական – մասնագիտական դասընթացներ: Դրանց ունկնդրել են  երկրի բոլոր մարզերում աշխատող համապատասախան մասնագետները:

Հաջողությունների գործում անուրանալի է ՀԱՕԿ-ի նախագահ  Գագիկ Ծառուկյանի դերը: Նրա  նախաձեռնությամբ և աջակցությամբ են Երևանում  կազմակերպվել ու անցկացվել  բռնցքամարտի  աշխարհի պատանեկան , երիտասարդական առաջնություններ, կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, աշխարհի հոկեյի առաջնության երրորդ խմբի մրցաշար, օլիմպիական խաղերի դափնեկիր ըմբիշներ  Լևոն Ջուլֆալակյանի, Ստեփան Սարգսյանի  անվան և   միջազգային  այլ   մրցաշարեր:

ՀԱՕԿ-ը ընդլայնել է կապերը միջազգային և եվրոպական օլիմպիական կոմիտեների և միջազգային տարբեր ֆեդերացիաների  ու բազում  ազգային երկրների  ԱՕԿ- ների հետ:

ՄՕԿ-ի  ,, Օլիմպիական համերաշխություն ,, ծրագրի   շրջանակներում իրականացվել են  բազմաթիվ  ծրագրեր:

ՀԱՕԿ-ի գործունեությունը բարելավելու նպատակով  Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներից մարզաշխարհի մարդկանց է հատկացրել  բնակարաններ , ավտոմեքենաներ  և  ֆինանսական պարգև `  մեկ միլիարդ  234 միլիոն  260  հազար  դրամ :

Կատարված աշխատանքը  ավելի ընդգրկուն ներկայացվեց տեսաֆիլմով :

Հաշվետու ելույթով հանդես եկավ ՀԱՕԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հարություն Մելքոնյանը:

Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած  կառույցի  աշխատանքը  իրենց խոսքում բարձր գնահատեցին օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Օգսեն Միրզոյանը, օլիմպիական ակադեմիայի դեկան Հարություն Բաբայանը և  շախմատի  մասնագետ  Հովիկ Խալիկյանը: Նշվեց , որ  Գ. Ծառուկյանի ղեկավարության օրոք / 2008  և  2012 թթ.  կայացած օլիմպիական    խաղեր / Հայաստանի մարզիկները նվաճել են  9 մեդալ:

Ներկաները նույնպես բավարար գնահատեցին ՀԱՕԿ- ի կատարած աշխատանքը և  Գագիկ Ծառուկյանին  միաձայն վերընտրեցին  ՀԱՕԿ –ի նախագահի պաշտոնում:

Փոխնախագահներ ընտրվեցին Վահրամ Առաքելյանը, Դերենիկ Գաբրիելյանը և Օգսեն Միրզոյանը: ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար ընտրվեց Հրաչյա Ռոստոմյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ  Գ. Ծառուկյանը: Նա ասաց ,որ  հաջողությունները և ընդհանուր  առաջընթացը  պայմանավորված է բնագավառի մարդկանց նվիրական աշխատանքով: Տևական ձախողումներից հետո մեր օլիմպիականների  հաշվին գրանցված պարգևները  մարզիչների , մարզական բոլոր կազմակերպությունների աշխատակիցների տքնաջան  գործի արդյունք է  և առաջին հերթին պետք է  շնորհակալություն հայտնել նրանց : Նա  մասնավորապես ընդգծեց , որ կշարունակի անկողմանակալ աշխատանքը և , ինչպես միշտ, նույնը կպահանջի մարզիչներից և մյուս բոլոր պատասխանատուներից :

ՀԱՕԿ – ի  լրատվության բաժին

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply