Իրավապաշտպանը վտարվել է Ադրբեջանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 7:26

Ադրբեջանում գործունեություն ծավալող ամերիկյան և բրիտանական արմատներ ունեցող իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում զետեղել է հայտարարություն, որում նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրեն վտարել է երկրից, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

«Սիրելի ընկերներ, ձեզանից շատերը գիտեն, որ ես այլևս Բաքվում չեմ բնակվում: Պատճառն այն է, որ ինձ այլևս չեն ցանկանում տեսնել Ադրբեջանում: Ինձ փաստացի վտարել են երկրից՝ իրավապաշտպան գործունեությանս, մասնավորապես, «Արվեստ՝  հանուն ժողովրդավարության» քարոզարշավում (մեկնարկել է 2012թ.  դեկտեմբերին) իմ դերի համար»,- գրել է իրավապաշտպանը:

Վինսենթն այնուհետև տեղեկացնում է, որ Ադրբեջանի իշխանությունների`իրեն վտարելու ձևն ու ժամանակը հանկարծակիի են բերել. «Ես Մեծ Բրիտանիա էի մեկնել՝ Ծննդյան տոները նշելու: Օրեր անց տեղեկացա, որ առանց որևէ բացատրության սառեցվել են իմ ելումուտի փաստաթղթերը»:

Ադրբեջանի իշխանությունների և ԱՄՆ դեսպանատան միջև բանակցությունների արդյունքում Ռեբեկային, ի վերջո, թույլ էին տվել վերադառնալ Բաքու, սակայն պայման էին դրել՝ իրավապաշտպանը պետք է դադարեցներ իր գործունեությունը:

Ռեբեկան համաձայնել էր, քանի որ ամուսինը Բաքվում էր. սակայն վերադառնալուց շաբաթներ անց, նրան ասել  էին, որ «պետք է հեռանա»:

«Ավտորիտար երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատելն, իհարեկե, ռիսկային է: Սակայն բախտս բերել է, որ բանտում չեմ հայտնվել կամ բռնության չեմ ենթարկվել, ինչը որ իրենց մաշկի վրա զգացել են իմ տեղացի ընկերներից ու գործընկերներից շատերը: Այժմ ես միանում եմ նրանց, որպեսզի հասնենք նրան, որ միջազգային հանրությունն սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքերի ոլորտում առկա  ծանր վիճակի վրա….»,-գրել է իրավապաշտպանը`հավելելով, որ արտասահմաից էլ շարունակելու է աջակցել ազատության համար պայքարին:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply