Ինչպես է ազդել ճգնաժամը մարդկանց կենսամակարդակի վրա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 7, 2010 15:32

Մինչ տնտեսագետներն ու քաղաքական գործիչները հանրային ամբիոններում խոսում են ճգնաժամի ու տնտեսության վրա նրա ունեցած հետևանքներիր մասին, մարդիկ նույն ինտենսիվությամբ շարունակում են գնումներ կատարել խանութներից, իսկ մեծ սուպերմարկետներում հերթեր են գոյանում:

Գագիկ Մաթևոսյանն ասում է, որ Զատիկը նշել է ինչպես ամեն տարի. ձուկն էլ պարտադիր գնել է , չնայած որ թանկ է. « Զատիկը տարին մի անգամ է, մի հազար դրամ էս կողմ կամ էն կողմ`  եղանակ չի փոխում»:

Իսկ Գայանե Կիրակոսյանն էլ տան առօրյա հոգսերը շարունակում է կատարել մեծածավալ  գնումներով, ինչպես և եղել է նախկինում: «Ես մտնում եմ խանութ ու միանգամից ինչ պետք ա` առնում եմ. ձեթ, կարագ, պեսոկ, մի խոսքով ամեն ինչ ու մի ամսվա համար,- ասում էնա,- հա, թանկացել ա, բայց դե հո՞ սոված չենք մնալու»:

Ինչ է սա. պարադո՞քս, թե՞ իրականության թյուրըմբռնում:

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը համաձայն չէ իրականության այն ընկալման հետ, որ ճգնաժամն ու գնաճը չի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա: «Օրեր կան, օրինակ Նոր տարի, Զատիկ կամ մարտի 8, երբ մարդիկ գնում են ինչ- որ պարտադիր բաներ, դա ոչինչ չի նշանակում, -ասում է նա,- դուք կարող եք մտնել խանութ և տեսնել, որ հացի համար հերթ է գոյացել: Մենք տեսնում ենք այն, որ հերթ կա, բայց պետք է տեսնել, թե նույն հացի արտադրությունը ինչպես է արտահայտված ՀՆԱ-ում»:

2009թ. համար նախատեսված 9.2 տոկոս ՀՆԱ աճի պարագայում արձանագրվեց 14.4 տոկոս տնտեսական անկում: Իսկ այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով ՀՆԱ-ն աճել է 3.1 տոկոսով նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, ընդ որում փետրվարը հունվարի նկատմամբ աճել է 15.2 տոկոսով:

Անդրանիկ Թևանյան. «ՀՆԱ-ի 3.1 տոկոս աճը անվանական աճ է, որը խժռել է ինֆլացիան»

Թևանյանն ասում է, որ 3.1 տոկոս ՀՆԱ  աճը ֆիկտիվ է, որովհետև դրամը արժեզրկվել է մոտ 9 տոկոսով, որն էլ փոխհատուցում է ՀՆԱ-ում արտացոլված արտադրության ցուցանիշների աճը:

«Այդ 3.1 տոկոսը անվանական աճ է, որը խժռել է ինֆլացիան,- ասում է Թևանյանը,- Նորմալ պայմաններում ինֆլացիան պետք է տատանվի 4 պլյուս-մինուս  1.5 տոկոսի շրջակայքում, իսկ գործազրկությունը` մոտ 6 տոկոս: Կամ եթե մարտի 8-ին մարդը նախկինում գնում էր 20 000 դրամանոց ծաղկեփունջ, այսօր գնում է ասենք 5000 դրամանոց: Գնահատականներ տալիս, մենք պետք է նայենք ոչ թե բուն պրոցեսը, որ մարդիկ կատարում են նախկին ծախսերը, այլ այն, թե ինչպես է դա արտահայտված մակրոտնտեսական ցուցանիշներով»:

2009թ. մոտ  30 տոկոսով կրճատվել է նաև հանրապետություն մուտք գործող տրանսֆերտների ծավալը:

«Այդ տրանսֆերտները ուղղվում էին սպառման շուկա,-  ասում է  Թևանյանը,- պարզ է, որ մարդկանց ծախսերը կրճատվել են նույն համամասնությամբ»:

Սննդամթերք վաճառող խանութի սեփականատեր Աշոտ Գևորգյանն ասում է, որ շրջանառությունը նվազել է մոտ 20 տոկոսով: «Ամսվա կտրվածքով եթե վերցնելու լինենք` հիմա շրջանառությունս լինում է մոտ 700 հազարի դրամի կարգի, իսկ սովորաբար կազմում էր  800 հազարից 1 մլն-ի սահմաններում»:

ԱԺ ՀՅԴ խմբակցությքան անդամ Արծվիկ Մինասյանն ասում է, որ Ճգնաժամի առկայությունն ու դրանից դուրս գալը որոշվում է 4 ֆակտորներով.  ՀՆԱ-ի ցուցանիշ,  վստահություն ֆինանսական համակարգի նկատմամբ,  գործազրկության  ու բնակչության կենսամակարդակի վերաբերող ցուցանիշներ:

«Եթե առաջին երկու ամսիների կտրվածքով ՀՆԱ-ն աճել է.  դա դեռ ոչինչ չի նշանակում,- ասում է Մինասյանը,-  դա ֆիկիցիա է, եթե դրա առջընթացը չի ազդում կենսամակարդակի ու գործազրկության վրա»:

Իսկ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասում է, որ ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն արձանագրված չէ, հակառակը. նախորդ տարվա կտրվածքով ավանդներն աճել են 30 տոկոսով, իսկ  վարկավորումը` 15 տոկոսով:

«Ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն արձանագրվում է այն ժամանակ, երբ մարդիկ դուրս են քաշում իրենց փողերը բանկերից,- ասում է  նա,- սակայն մեր մոտ նման բան տեղի չունեցավ»:

Միաժամանակ Արամյանը մանկամտություն է որակում բնակչության կենսամակարդակի անկումը չտեսնելը: «Սակայն այս տարվա բյուջեում 14-16 տոկոսով աճել են սոցիալական ծախսերը, և եթե անգամ հանենք գրանցված 3.4 տոկոսանոց գնաճը, անապահով խավի եկամուտները աճել են 11 տոկոսով»,- ասում է նա:

Մարտի 25-ի կառավարության նիստի որոշմամբ  մայիսի 1-ից սոցիալական նպաստները բարձրանում են մոտ15 տոկոսով, իսկ նոյեմբերի 1-ից 11 տոկոսով թոշակները:

Ըստ հաշվարկների` այդ փոփոխությունների արդյունքում նպաստները միջինում կբարձրանան 3500 դրամով, իսկ թոշակները` 2650 դրամով: Կառավարության հաշվարկներով` այս բարձրացումները կփոխհատուցեն արձանագրված գնաճն ու գազի սակագնի բարձրացումը:

Այս ծախսերն իրականացնելու համար պահանջվում է մոտ 1.6 մլրդ դրամ, որը օրենսդիրը նախատեսել է ծախսել հարկահավաքության  պլանավորված ցուցանիշները գերազանցած մուտքերից, ինչպես նաև պահուստային ֆոնդից:

Մինասյանը օրենսդիրին խորհուրդ է տալիս տեսական թվերից անցնել գործնական կոնկրետ քայլերի  և այդ ամենի համատեքստում  իրականությանը չնայել գունավոր ակնոցներով:

Ձախից աջ` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ ՄԻնասյան

«Թվերի մասին խոսելիս բնակչության կենսամակարդակը չի բարձրանում,- ասում է նա,-  միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանում աղքատությունը կազմում է 30 տոկոս»:

Կառավարության նույն որոշմամբ որոշվել է վերադարձնել հանրապետության 3700 վետերանների ավանդները: Իսկ Մինասյանը սա համարում է գաղափարի խեղաթյուրում, քանի որ այս տարվա բյուջեում ավանդների վերադարձման համար հատկացված 1.6 մլրդ դրամը նախատեսված էր 2005-2006թթ. սոցիալական «Փարոս» ծրագրով խոցելի խավ համարվող քաղաքացիների համար:

«Հիմա ի՞նչ. այդ գումարները պետք է խլվեն չքավոր համարվող մարդկանցից ու տրվեն վետերաններին,- հարցնում է Մինասյանն ու պատասխանում,- մեր փառապանծ վետերաններն արժանի են այն ամենին, ինչ որ իրենց համար արվում է, սակայն դա չպետք է արվի սոցիալապես խոցելի խավի հաշվին: Կառավարության ձեռնարկած քայլերը շատ վախվորած են և հիմնված չեն խորքային վերլուծության վրա»:

Թևանյանը կանխատեսում է, որ դրամը էլի կշարունակի արժեզրկվել մինչև 430 նիշի սահմանները, եթե ԿԲ-ն չմիջամտի և թույլ տա դրամի սահուն անկումը:

«Հայաստանում կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է,- ասում է Թևանյանը,- ամեն ինչ կախված է ԿԲ-ի վարած քաղաքականությունից: ԿԲ-ն ասում է, որ դրամի փոխարժեքը լողացող է, սակայն միջամտում է` դոլար վաճառելով, այսինքն շուկա դոլար ներարկելով պահում է դրամի կուրսի անկումը: Իսկ մինչև  2009թ. մարտի 3-ը ԿԲ-ն մոտ պահուստային ֆոնդերից 200մլն դոլար ներարկեց մասնավոր բանկերը, որից հետո հայտարարեց, որ անցնում է լողացող կուրսի: Եվ դրամը միանգամից արժեզրկվեց մոտ 30 տոկոսով»:

Արամյանն ասում է, որ  կառավարության գնահատականներով` մինչև 2011թ. ավարտը հետճգնաժամային վերականգնման փուլ է. «Իսկ մեր նպատակն այն է, որ 2011թ. ավարտին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 2008թ. մակարդակին, երբ այն կազմում էր 3000 դոլար»:

2009թ. այդ ցուցանիշը կազմել է 2660 դոլար:

Դիտվել է 1939 անգամ:
Print Friendly

Leave a Reply