Ադրբեջանցի հասարակությունն անբուժելի հիվանդ է

Հարցազրույց | | March 12, 2013 10:06

Վերջերս ադրբեջանցի հասարակությունը ևս մեկ միջոց գտավ, որպեսզի աշխարհին ցույց տա, թե ինչքան հեռու է քաղաքակրթությունից: Խոսքն ադրբեջանցի  ժամանակակից գրող Էքրեմ Էյլիսլիի վերջին ստեղծագործության՝ «Քարե երազներ»  վիպակի շուրջ ծավալված համազգային բողոքի ու դրա դրսևորման վայրենի  ձևերի մասին է:

Միջազգային հանրությունն ականատես դարձավ, թե ինչպես ադրբեջանցիներն անարգանքի սյունին գամեցին այժմ արդեն նախկին ժողովրդական գրողին: Նախագահ Ալիևը նրան զրկեց Հեյդար Ալիևի շնորհած «Հանրապետության ժողովրդական գրող» կոչումից և սահմանված ամսական պարգևավճարից: Ժողովուրդն էլ, տեսնելով իր իշխանության վերաբերմունքը, կրկնակի ոգևորությամբ շարունակեց պարսավել գրողին: Եվ քանի որ ադրբեջանցիները բացառիկ «հայրենասեր» են, հավաքվեցին գրողի տան առաջ, նրան պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան, երկրով մեկ այրեցին նրա բոլոր գրքերը, ինչպես նաև դիմեցին նախնադարյան մեթոդների՝ պարգևավճար սահմանեցին գրողի ականջի, ապա նաև գլխի համար:

Այս համատեքստում հետաքրքրական է, թե ադրբեջանցի երիտասարդությունն ինչ վերաբերմունք է դրսևորում նման երևույթների նկատմամբ և ինչ մասնակցություն ունի հասարակական գործընթացներում: Այդ նպատակով զրուցեցինք ադրբեջանցի երիտասարդ հասարակական գործիչ Վուգար Ուսի Ադըգյոզալի հետ: Ներկայացնում ենք մի հատված նրա հետ հարցազրույցից:

Կարդացե՞լ եք Էքրեմ Էյլիսլիի «Քարե երազներ» վիպակը և ի՞նչ կարծիք եք կազմել գրքի մասին:

– Իհարկե կարդացել եմ գիրքը և՛ բնագիր, և՛ թարգմանված տարբերակով: Նախ կուզենայի նշել, որ Էքրեմ Էյլիսլին մի շարք հայտնի վեպերի հեղինակ է, որոնք ես անձամբ մանկուց կարդացել եմ և հիացել: Խոսելով  այս վիպակի մասին՝ պետք է նշեմ, որ ավելին էի սպասում, քանի որ Էյլիսլին իր ուրույն ոճն ու գրական ձեռագիրն ունի: Սակայն, անկեղծ ասած, գիրքն ինձ դուր չի եկել ո՛չ սյուժետային, ո՛չ էլ բառապաշարի առումով: Ես դեմ եմ, որ այս կամ այն մասնագիտության տեր մարդիկ խառնվում են մյուսների գործերին, ինչպես, օրինակ` այս պարագայում գրողն անդրադառնում է պատմական հարցերին: Նա ոչ միայն կեղծում է պատմական փաստերը, այլև առաջ է բերում երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող էթնիկ խնդիրներ, ինչը, իմ կարծիքով, անտեղի միջամտություն է քաղաքական հարցերին:

Ճի՞շտ եք համարում, որ Ադրբեջանում այրում են գրողի գրքերը և պարգևավճար խոստանում նրա գլխի համար:

– Չի կարելի այրել գրքերը` առանց հաշվի առնելու, թե այնտեղ ինչ է գրված: Բացի վերջին վիպակից, Էքրեմ Էյլիսլին շատ արժեքավոր գործեր ունի, որոնք բավական հայտնի և պրոֆեսիոնալ են: Ինչ վերաբերում է պարգևավճարին, ապա դա իսկական վանդալիզմ է, քանի որ Ադրբեջանում ֆիզիկական բռնությունն արգելված է ցանկացած պարագայում: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն իր մոտ է կանչել և զգուշացրել Էյլիսլիի ականջի համար 10 հազար դոլար խոստացած Հաֆիզ Գաջիևին: Ցավոք, «Ժամանակակից մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը շատ ագրեսիվ արտահայտեց իր կարծիքը: Այնուհանդերձ, երկու կողմին էլ կարելի է հասկանալ, քանի որ մարդիկ պատերազմում կորցրել են իրենց զավակներին և հարազատներին, զրկվել են իրենց տներից:

Ինչո՞ւ են Ադրբեջանում Էքրեմ Էյլիսլիին դավաճան անվանում, չէ՞ որ նրա գիրքը խաղաղասիրական նպատակներ ունի:

– Ցավոք, Էյլիսլիի գործողություններում ես ոչ մի խաղաղասիրական բան չեմ տեսնում և որպես համեմատություն կարող եմ օրինակ բերել ադրբեջանցի մեկ այլ գրողի՝ Ալի Աքբարի «Արտուշ և Զաուր» ստեղծագործությունը, որն իսկապես ծառայում է խաղաղությանը:

Էքրեմ Էյլիսլին ստիպված կլինի լքել հայրենիքը, եթե չդադարեցվեն նրա նկատմամբ կիրառվող ճնշումները: Ի՞նչ եք կարծում, որքանով է դա ճիշտ:

– Ես ինքս փախստականների ընտանիքում եմ մեծացել և գիտեմ, թե ինչ է նշանակում հարազատ տնից՝ Շուշիից հեռու գտնվել: Ես հույս ունեմ, որ Էյլիսլին երբեք ստիպված չի լինի զգալ այն, ինչ զգում են փախստականները: Սակայն մյուս կողմից էլ միգուցե փախստական դառնալու պարագայում նա վերջապես կհասկանա, թե ինչ է նշանակում տնից-տեղից զրկված լինել: Այնուամենայնիվ, կհասկանա Էյլիսլին այդ ամենը, թե ոչ, արդեն իր գործն է: Սակայն ներկա պահին ես կարծում եմ, որ նա երկիրը լքելու ոչ մի պատճառ չունի, իսկ եթե նա իրեն վտանգի մեջ է զգում, կարող է դիմել իրավապահ մարմիններին:

Ի վերջո, ո՞րն է Էքրեմ Էյլիսլիի մեղքը: Յուրաքանչյուր ոք, ով հային թշնամի չի համարում, ազգի դավաճա՞ն է: Դպրոցում ձեզ դա՞  են սովորեցնում:

– Ադրբեջանցի ժողովուրդը նրան մեղադրում է պատմական փաստերի աղավաղման և տեղական բնակչությանն ու փախստականներին վիրավորելու մեջ: Ուզում եմ ընդգծել, որ խնդիրը ոչ թե հային թշնամի չհամարելն է, այլ այն, որ Էյլիսլին վիրավորում և մեղադրում է ժողովրդին: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատերազմական դրության պարագայում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվում, Էյլիսլիի գիրքն ավելի շատ վնաս է հասցնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Գրքում ակնհայտ երևում է, որ գրողը փորձում է ազգամիջյան լարվածություն հրահրել` պաշտպանելով կողմերից մեկին ընդդեմ մյուսի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կրթական համակարգին, ապա կարող եմ նշել, որ մենք դպրոցում կյանքի հմտություններ առարկա ունենք, որի շրջանակներում սովորում ենք մարդկայնություն, խաղաղասիրություն ու բարեպաշտություն:

Ի՞նչ եք կարծում, այն, ինչ տեղի է ունենում ձեր երկրումժողովրդավարությո՞ւն է:

– Նայելով  երկրի տնտեսական զարգացմանը գլոբալացման գործընթացներում՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը մեծ քայլեր է կատարում ժողովրդավարության տեսանկյունից: Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում նշեց, որ երկրում կան խնդիրներ, սակայն կարևորն այն է, որ իշխանություններն ամեն ինչ անում են դրանց լուծման համար:

Եթե Դուք երկրի ղեկավար լինեք, Ալիևի նմա՞ն կվարվեք:

– Երկիրը կառավարելը բավական պատասխանատու և դժվար գործ է, և կարծում եմ, որ Ալիևին հաջողվում է կատարել իր պարտականությունները: Սակայն ինձ թվում է, որ Ալիևը շատ հաճախ մարդկային և մեղմ վարմունք է դրսևորում, նա մի մարդ է, որ ներել գիտի: Ես չէի կարող նրա պես վարվել:

Ի՞նչ է պետք ադրբեջանցի երիտասարդներին, և ինչպիսի՞ երկիր են նրանք ուզում տեսնել վաղը:

– Ներկա պահին Ադրբեջանը պետք է պահի զարգացման դինամիկ տեմպը: Կարծում եմ՝ մեր երիտասարդությունը վաղն ուզում է տեսնել հզոր Ադրբեջան, որը կլինի տարածաշրջանի առաջատարը, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները, այդ թվում նաև հայերը, կապրեն խաղաղ և համերաշխ:

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է 2486 անգամ:
Print Friendly

Leave a Reply