Ազատության եվ արդարության ջահակիրը…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 11, 2013 7:08

Մարտի 9-ին Արցախյան ազատամարտի նվիրյալ զավակ Վարդան Ստեփանյանը (ԴՈՒՇՄԱՆ) 47 տարեկան կդառնար, եթե 1992 թ. հուլիսի 3-ին  Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում նրա կյանքն ականի պայթյունից չընդհատվեր: Նրա հետ զոհվեցին նաև Արմեն Երիցյանն ու Արայիկ Ավագյանը: Դեպքի վայրում արդեն 6 տարի է, ինչ մարտական ընկերները հուշակոթող են կառուցել:

 «Քչախոս էր, բայց դեմքին նայելիս զգացվում էր հոգու խռովքը: Ղազանչեցոց վանքի, Գանձասարի, Ամարասի գեղեցիկ ու լուռ վեհության պես, որ նույն խռովքն է: Դարերով մեր հոգիները սնած, բարոյական հաղթանակներից հոգնած, կշտացած, նա եկավ ժխտելու հաղթանակի այս տեսակը և հաստատելու, որ Սուրբ Մաշտոցի երկնած տառերի խորհուրդը երկաթագիրն է: Եվ ինչպես քուրայից ելնող շիկացած տառերը, այնպես էլ իր գործը հոգու հնոցից էր և ոչ թե լեզվի բոց:  Վարդանը  (Դուշմանը)  իր ընդհատված թռիչքով եկավ հաստատելու, որ պատմության հոլովույթում չենք ուշացել, հերթը մերն է, որովհետև ուժն ու գոյությունն են հարգում, հաշվի նստում հետը…»:

Վարդանին բնորոշ այս տիպիկ բնութագրումը  ՀՀ ՆԳ և ԱԱ նախկին նախարար, իսկ այսօր արդեն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանինն է,  որ այս խոստովանությունն արել է հերոսի մասին պատմող իմ հեղինակած`«Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք» գրքի համար ( 25. 02. 1997 թ.):

Ուրեմն ո՞վ էր XX դարի այդ լուսապայծառ հերոսը:  Նա մայրաքաղաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտած, նուրբ բրդյա գործվածքների գործարանում փականագործ աշխատած, Աֆղանստանում ծառայած Վարդան Ստեփանյանն է, որին մարտական ընկերները նաև Դուշման էին ասում` դուշմանների դեմ կռվելու համար:

Աֆղանստանից հետո` 1985 թ., ընդունվեց  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Ուզում էր արդարության պաշտպան լինել, բայց Արցախի համար փորձության օրեր եկան: Ուսումը կիսատ թողեց և 1988-ից լիովին տրվեց ազգային ազատագրական մեր պայքարին: Եղավ ինքնապաշտպանության կազմակերպիչ  թե՛ Հայաստանի սահմաններում,  թե՛ Արցախում: Մասնակցեց Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի  շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Զառիսլուի, Բերդաձորի և Բերձորի (Լաչին) ազատագրմանը:

Շատ դեպքեր ու իրադարձություններ կարելի է հիշել նրա մարտական ուղուց, որոնց ժամանակ էլ դրսևորվեցին Վարդան մարդու և հմուտ, փորձված զինվորականի հատկանիշները: Լռակյաց էր, խիստ, երբ խոսքը գործին էր վերաբերում, բայց մարդկանց նկատմամբ ընդգծված հարգանք ուներ: Մեծին հարգող ու գնահատող էր: Սիրալիր էր առօրյայում:

Այնուամենայնիվ, փորձեմ Խոջալուի օպերացիայից մի երկու դրվագ ներկայացնել: Երբ օպերացիայի քննարկման ժամանակ սենյակ է մտնում բարձրաստիճան մի պաշտոնյա ու մարտին պատրաստվող տղաներին «քաջալերում»` հիշեցնելով, որ բնակավայրերի ազատագրման ժամանակ հարձակվող կողմը միշտ 20-27 տոկոս մարդկային կորուստ է ունենում, Վարդանը ներքուստ զայրանում է, իսկ տղաները հուսահատ միմյանց են նայում: Սակայն Դուշմանը պաշտոնյային տեղը-տեղին ապացուցում է, որ մենք` հայերս, նման ձևով կռվելու իրավունք չունենք, որ բնակավայրեր ազատագրելու իր սեփական փորձը հակառակն են ապացուցում:  Ու ինչպես կյանքը ցույց տվեց, Վարդանը չսխալվեց: Խոջալուն ազատագրվեց նվազագույն կորուստներով:

Վարդանի հմտության շնորհիվ վնասազերծվեց նաև հակառակորդի ԴԶՕՏԸ, որը մեր մարտիկների առաջխաղացմանը շատ էր խանգարում: Այս օրինակն էլ, թերևս, Խոջալուի հնարովի «ցեղասպանությունը» շահարկողների բերանը փակելու համար է:

Երբ երեկոյան Խոջալուն լիովին ազատագրված էր, թուրք գրոհայինները վաղուց լքել էին դիրքերը, գյուղում մնացել էին մի քանի կանայք, երեխաներ, որոնք չէին հասցրել հեռանալ կրակի գոտուց ու ծնկաչոք ալլահի ողորմածությունն էին աղերսում: Վարդանը Ստեփանակերտի կանանց ուղարկած հացով, մարտընկերներից հավաքած օրապահիկ կաթի փոշիով կերակրում է թուրք կանանց ու մանուկներին` ասելով. «Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն, եթե այս մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, այդ ժամանակ էլ որդիս զենք կվերցնի»:

Ցավոք, 26-ամյա երիտասարդն ամուսնանալ և զավակ ունենալ չհասցրեց, որովհետև դեռ շատ անելիքներ ուներ: Պիտի Շուշին  ազատագրեր: Իսկ երբ  Շուշին արդեն հայաշունչ դարձավ , ամենուր մարդիկ միմյանց շնորհավորում էին, եղած-չեղածով սեղան բացում, Վարդանն իրեն գերեզմանոց է գցում, ձեռքին էլ շամպայնի շիշ, կաթիլ-կաթիլ կաթեցնում է պապերի շիրիմներին ու բարձրաձայն բացականչում. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»: Հետո ականապատում Շուշի-Զառիսլու ճանապարհը` համոզված, որ թուրքերը հանգիստ չեն մնա, որ հեռացած ճանապարհով նորից Շուշի կվերադառնան:

Թշնամու հարձակումը չի ուշանում: Մայիսի 10-ի առավոտյան Արկադի Կարապետյանը հայտարարում է, որ թշնամին հարձակման է անցել, նրանց տանկը պայթել է ականի վրա, փակել ճանապարհը` կանխելով Շուշիին սպառնացող նոր վտանգը` իր բոլոր դրսևորումներով: Եվ դա Վարդանի ձեռագիրն էր: Իսկ առջևում Բերձորի (Լաչին) ազատագրումն էր: Կռվեց անմնացորդ: Իսկ իր մասին մտածողներին սիրում էր հակադարձել. «Աֆղանստանում կռվել սովորեցինք: Եվ հետո այնտեղ օտարի համար էինք կռվում, իսկ մեզ համար ո՞վ պիտի կռվի, եթե ոչ մենք»: Սիրով իր մարտական փորձն ու գիտելիքները փոխանցում էր դրա կարիքն ունեցողներին:

Հազարավոր տղաների հետ Վարդանն էլ արժանապատվորեն իր երազանքը իրականություն դարձրեց, թեև ի՞նչ եմ ասում. երբ գլխավոր երազանքն անկատար մնաց.«Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»: Նրա նվիրումը հայրենիքին անմնացորդ էր, իսկ ի՞նչ տվեց հայրենիքը նրան:  Հետմահու պարգևատրվեց  «Շուշիի ազատագրման» մեդալով: Տարիներ անց էլ` 2001 թ. դեկտեմբերի 18-ին Շուշի քաղաքի նախկին Առաքելյան և Հունանյան փողոցները քաղաքապետարանի որոշմամբ  Վարդան Ստեփանյանի (Դուշման) անունով կոչվեցին: Այն միացնում է Շուշի քաղաքի Աշոտ Բեկոր և Վարանդա փողոցները:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1993 թ. օգոստոսի 10-ի հրամանագրով  հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով  (շքանշան թիվ 0006):

Տարօրինակ է, որ այդ ամենից հետո հայաստանյան իշխանություններն արդեն նրա  նվիրումը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով արժևորեցին, թեև կատարվածը ժամանակին  Վազգեն Սարգսյանը, իմ ներկայությամբ, սխալմունք համարեց:

Սխալը հանցանք չէ, հանցանքը սխալին համառությամբ հետևելն է:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2311 անգամ:
Print Friendly

Leave a Reply