Դարձյալ չարվածի մասին
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | March 10, 2013 8:05
Մարդը պետք է մահանա, նոր միայն նրան նվիրված նամականիշ տպագրվի
Մարզական թեմաներով նամականիշների ժամանակին տպագրության հարցում միշտ էլ Հայաստանում խնդիրներ են առաջացել: 2012-ին վերջապես թողարկվեց Հայաստանի օլիմպիական խաղերի 13 չեմպիոններին նվիրված շարքի վերջին գեղաթերթիկը: Այդուհանդերձ, դեռևս չարված բաներ կան: Բանն այն է, որ սպասում ենք, թե ի վերջո երբ են թողարկվելու 2011-ին աշխարհի չեմպիոն և 2012-ին Շախմատի համշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող դարձած շախմատի տղամարդկանց մեր ընտրանուն նվիրված նամականիշները:
Թողարկվելու է այս երկու իրադարձություններից ամեն մեկին նվիրված երկուական նամականիշ: Փառահեղ այդ հաղթանակներից հետո տևական ժամանակամիջոց է անցել, սակայն դեռևս պարզ չէ, թե երբ են այդ նամականիշները պատրաստվելու:
Պատճառաբանվում է, որ ամեն ինչ փորձում են անել` հավուր պատշաճի հրատարակելու առանձին գրքույկ-հավաքածու: Մինչդեռ արդեն 2013-ի երրորդ ամիսն ենք թևակոխել, բայց դեռևս չկան նախանցյալ և անցյալ տարվա այդ հաջողություններին նվիրված նամականիշները:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր, ճանաչված ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը հայտնեց, որ դժվարությամբ են նամականիշների թողարկման պլանում մտցվել շախմատին նվիրված այդ երկու նամականիշները: Բացի այդ, հետևյալ իրավիճակն է առաջացել: «Մեծ բանավեճեր են եղել: Ինքս առաջարկել էի, որ նամականիշների վրա լինեն մեր շախմատիստների դիմանկարները, սակայն համաձայնություն չտրվեց: Պատճառաբանվեց, որ նախկինում տպագրվել է նամականիշ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների դիմանկարներով, բավական է: Այդուանդերձ, պայմանավորվել ենք, որ գրքույկ-հավաքածուի եզրերին լինեն չեմպիոնների դիմանկարները: Նախատեսվում է, որ կպատկերվեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, հավաքականի խաղացողների դիմանկարները, տեղեկություն կլինի մերոնց մրցումների մասնակցության արդյունքների, հաջողությունների մասին, կլինեն նամականիշները և այլն»,- ասաց Կուպալյանը:
Ինչ վերաբերում է 2013-ի պլաններին, ապա մարզական թեմաներով այնքան էլ շատ նամականիշների տպագրություն չի նախատեսվում:
Պետք է նամականիշ թողարկվի «Շախմատը Հայաստանի դպրոցներում» թեմայով: Ուշագրավ է, քանի որ աշխարհում առաջին անգամ դպրոցական ուսումնական ծրագրով 2-4-րդ դասարաններում շախմատ է դասավանդվում: Ի դեպ, սկզբում նախատեսված է եղել նամականիշ թողարկել շախմատ խաղացող պատանու պատկերով: Բայց հետո որոշվել է երեխաներին հանձնարարել նկարներ պատրաստել` կապված շախմատի հետ և ընտրել լավագույնը: Այնպես որ, թե ինչ պատկեր կընտրվի նամականիշի համար, առայժմ հայտնի չէ:
Երկրորդ նամականիշը նվիրվելու է 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: «Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում միշտ էլ ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշներն ուշացումով են տպագրվում: Այդ է պատճառը, որ որոշվել է մինչև հունվար` 2013-ի 4-րդ եռամսյակում տպագրել օլիմպիական խաղերին նվիրված գեղաթերթիկ` բաղկացած երեք նամականիշից: Դա հնարավորություն կտա նամականիշները շրջանառության մեջ դնել մինչև օլիմպիական խաղերը: Թե ինչ կլինի, ժամանակին ամեն բան կարվի՞, թե՞ ոչ, բարդ հարց է, դժվար է ասել»,- պարզաբանեց Կուպալյանը:
Հետաքրքրում էր, թե նամականիշ չի՞ նախատեսվում 1973-ին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դարձած Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի 40-ամյակի կապակցությամբ:
«Այդպիսի մտադրություն կար, սակայն «Հայփոստը» ցանկություն է հայտնել նամականիշի վրա տպագրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայիս պատկերը: Առարկեցի հայտնելով, որ նման բան չի կարելի անել: Առիթ չկար հավաքականին ներկայացնել, կապը բացակայում է: Ի վերջո, որոշվեց ոչ մի նամականիշ չթողարկել: Բանն այն է, որ նախարարությունը կարգ է սահմանել, ըստ որի` հոբելյանական են համարվում 25, 50, 75, 100 տարիները: 40 տարին հոբելյանական չի դիտվում: Բացառություններ չեն արվում, որպեսզի դրանք օրինաչափություն չդառնան, նոր հերթեր չգոյանան: Իսկ Հայաստանի ազգային հավաքականին նվիրված նամականիշը հենց այնպես էր տպագրվելու, առանց «Արարատի» մասին հիշատակության»,- հայտնեց Կուպալյանը:
Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչու նամականիշ չի տպագրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանի պատկերով: Պարզվում է, որ դա էլ կարգի խախտում կարող է համարվել: Բանն այն է, որ կենդանի մարդկանցից միայն օլիմպիական խաղերի չեմպիոնների դիմանկարով կարելի է նամականիշ տպագրել: Ընդ որում, մարդու մահանալուց հետո էլ պետք է առնվազն 10 տարի անցած լինի, որպեսզի ամեն բան օրինաչափ համարվի: Ստացվում է, որ մարդն անպայման պետք է մահանա, զգալի ժամանակ անցնի, նոր միայն նրան նվիրված նամականիշ տպագրվի:
«1911-ին ծնված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պավել Լիսիցյանի մահվանից հետո 7 տարի էր անցել, և անցյալ տարի չթույլատրվեց երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ թողարկել, թեև դա նախատեսված էր: Ընդ որում, նույնը Ռուսաստանում արվեց, իսկ մենք մնացինք ձեռնպահ»,- սրտնեղեց Կուպալյանը:






Facebook
Tweet This
Email This Post
