Ինչո՞ւ են Հայաստանում կանայք քիչ զբաղվում սպորտով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 8, 2013 8:23

Աստիճանաբար վերածվում ենք ասիական հետամնաց երկրի

Հայաստանում կանայք սկսել են ավելի քիչ զբաղվել սպորտով: Արդյունքներն էլ կտրուկ նվազել են: Մեր երկրի տարբեր մարզաձևերի առաջնություններում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իսպառ բացակայում են կամ էլ նրանց թիվը շատ  փոքր է: Թե ինչու է այդպիսի վիճակ, հարցրինք  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Կանայք և սպորտը» հանձնաժողովի նախագահ, լողի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ առաջնության փոխչեմպիուն, Հայաստանի լողի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Ջիլավյանին:

– Իրոք, կանաց ակտիվությունը մի փոքր նվազել է: Ընդհանրապես մեր ժողովուրդը սպորտից հեռացել է: Ակնառու է, որ անկում կա: Պատճառները տարբեր են: Մասնավորապես, եթե լողի մարզադպրոց չլինի, մարզաձևով զբաղվողների թվի  կտրուկ ավելացման մասին խոսք լինել չի կարող: Փոխվել է նաև մարդկանց մտածողությունը: Օրինակ` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողուհիների մի մասը դիմում է, որ լողավազան չմտնի: Եվ պատճառն այն է, որ չեն ցանկանում լողազգեստով ներկայանալ: Ասում են, որ իրենց ծնողը, ընկերն է արգելել այդ անել: Նույնն էլ նաև մյուս մարզաձևերում է: Մարզահագուստ կրելու հանգամանքը խանգարում է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սպորտով զբաղվեն: Երբ վեց տասնյակ ուսանող ունեցող լսարանում մի անգամ հարցրի, թե ով է իր ընկերուհուն արգելել լողավազան այցելել, երիտասարդների մոտ 80 տոկոսը ձեռք բարձրացրեց: Ստացվում է, որ 3-4 տասնամյակ առաջ ավելի առաջադեմ հասարակություն ենք ունեցել, քան այժմ: Եթե նախկինում եվրոպական արժեքներին էինք մոտենում, ապա այժմ աստիճանաբար վերածվում ենք ասիական հետամնաց երկրի: Դա շատ ցավալի է:

 Թերևս, տարիներ առաջ փրկո՞ւմ էր այն հանգամանքը, որ խորհրդային միասնական երկրում սպորտին մեծ ուշադրություն էր դարձվում:

– Պարզապես, հասարակությունն ավելի քաղաքակիրթ էր: Մարդկանց կրթվածության մակարդակը բարձր էր: Ի դեպ, հին հռոմեացի կանայք երկու մասից բաղկացած լողազգեստներ են կրել: Մինչդեռ այժմ Հայաստանում ոմանք ամոթալի են համարում հագուստի նմանվող ամբողջական լողազգեստ հագնելը:

 Հնարավո՞ր է, կանանց սպորտից հեռու մնալու պատճառն այն է, որ մեր մարզուհիներից շատերի համար ակնառու նվաճումների հասնելն այդպես էլ երազանք է մնացել:

– Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ ենք ունեցել: Այդուհանդերձ, դժվար է պայքարել սպորտային  խոշոր գերտերությունների հետ: Բանն այն է, որ բնակչության թվով Հայաստանն այնքան էլ մեծ չէ: Բարձրակարգ մարզուհիների ի հայտ բերելու համար ընտրության հնարավորությունն այնքան էլ մեծ չէ: Փաստորեն, զարմանահրաշ տվյալներով, տաղանդավոր մեկ մարզիկ գտնելու համար պետք է  փորձարկել շուրջ 10 հազար մարդու:

Այդուհանդերձ, մարզաձևեր ունենք, որոնց ներկայացուցիչները նախկինում հաջողությունների են հասել, մինչդեռ այժմ դրանցում  էլ ընդհանրապես կանայք չկան:

– Պատճառը նյութական, սոցիալական վիճակն է: Եթե մարզադպրոցներում խմբեր շատ լինեին, ապա հնարավոր էր ընտրություն կատարել:

 Եթե ձյուդո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ և մի քանի այլ մարզաձևերով պարապող կանաց թիվը քիչ է, ապա հասկանալ կարելի  է: Բայց ի՞նչ բացատրություն տալ, որ Ֆիզիկական կուլտուրայի հայական պետական ինստիտուտում անգամ մի շարք խաղային թիմային մարզաձևերի թիմեր չկան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ անիմաստ է համարում, որ Հայաստանում կանանց ֆուտբոլ կարող է լինել:

– Նախասիրություն չկա, որովհետև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների զգալի մասը գնդակը հանձնում է երեխաներին և հանձնարարում, որ նրանք խաղան: Սերը ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ վերացել է: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ երբեմն պատահական մարդիկ են ընդունվում, և դա նորություն չէ: Ստացվում է, որ ուսանողներից ոմանք անգամ ֆիզիկական պարզ վարժությունները չեն կարողանում կատարել: Դպրոցից է գալիս: 

Որոշ մարզաձևերով կանայք պե՞տք է զբաղվեն, թե՞ ոչ. տարբեր տեսակետներ կան: Խոսքը ազատ ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի մասին է:

– Մեր ազգի ներկայացուցիչներին բնորոշ է, որ մենապայքարային մարզաձևերը սիրեն, առաջատար լինեն: Բայց կան մարզաձևեր, որ գեղեցիկ են և կանաց համար շատ օգտակար, օրինակ` լողը, թենիսը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: Ինչ վերաբերում է սոսկ ուժային մարզաձևերին, ապա ինքս դեմ եմ, որ կանայք դրանցով զբաղվեն: Ի դեպ,  անցյալում կանանց չի թույլատրվել սպորտով զբաղվել, անգամ նրանց արգելել են մարզադաշտ այցելել, նույնիսկ` որպես հանդիսական: Բայց ժամանակները փոխվել են: Պարզապես, երբ կանայք մարզաձևեր են ընտրում, պետք է նախապատվությունը տան այնպիսիներին, որոնք մեծ ազդեցություն չեն թողնում օրգանիզմի վրա, չեն փոփոխում այն: Օրինակ` բռնցքամարտում ամեն նոկաուտից հետո մարդու նյարդային համակարգը զգալի ազդեցություն է կրում, հետևանքները մեծ են լինում: Նույնը նկատելի է նաև ծանրամարտով զբաղվողների շրջանում, և անկախ այն  հանգամանքից` կի՞ն են, թե՞ տղամարդ:

 Գուցե կանանց սպորտով զբաղվելու քիչ ակտիվությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Հայաստանի մարզաբազաների մեծ մասում պայմաններ, հարմարություններ չկան, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց անկաշկանդ զգան: Երբեմն տղամարդիկ հենց մարզասրահներում են հանդերձափոխվում, իսկ կանայք նույն բանն անել չեն կարող:

– Ընդհանրապես Հայաստանում խիստ սահմանափակ է մարզաբազաների թիվը: Խաղային մարզաձևերի հավաքական թիմերն անգամ մարզվելու տեղ չունեն: Մեր երկրում գործում է ընդամենը 7-8 լողավազան: Խորհրդային տարիներին անխոս այս առումով վիճակն ավելի լավ էր: Ընդ որում, սպորտով զբաղվելը պատանիների և աղջիկների, երիտասարդների համար պետք է անվճար լինի: Դա կնպաստի, որ ծնողներն իրենց երեխաներին ուղղորդեն սպորտով զբաղվելու, երեխաներն ընտրություն կատարելու հնարավորություն ունենան, մարզիչներն էլ ավելի պահանջկոտ լինեն:

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահությունը քննարկո՞ւմ է կանանց սպորտի հիմնախնդիրների հետ կապված հարցեր:

– Իհարկե: Բացի այդ, սեմինարներ են կազմակերպվում Հայաստանի մարզերում, կանանց փորձում ենք ներգրավել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներում: Ամենուր գործ արվում է: 2012-ին Հայաստանի ներկայացուցիչները միջազգային սեմինարի են մասնակցել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ընդ որում, հիմնական շեշտադրումն այն էր, որ կանայք սպորտի բնագավառում ձգտեն բարձր դիրքեր զբաղեցնել:

 Այդ առումով մեր երկրում վիճակն ինչպիսի՞ն է:

– Ղեկավար կանայք կան, բայց նրանց թիվը քիչ է: Հիմնականում դա ձևականորեն է արվում, որպեսզի վիճակագրական ցուցանիշներ արձանագրվեն: Կանայք Հայաստանում հիմնականում այնպիսի պաշտոններ են զբաղեցնում, որոնց դեպքում նրանց խոսքը որոշիչ դեր չի կատարում:

Դիտվել է 1967 անգամ:
Print Friendly

Leave a Reply