ՀՀՇ-ն «Էս բիձեքով, սենց քյաչալված» պետք է ազգ պահի՞

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 8, 2013 14:10

Գագաթից  մինչև անդունդ մի քանի քայլ է        

Երբ  փորձում ես  վերհիշել նորանկախ  Հայաստանի ծնունդը, ապա պատմության այդ   բարդագույն ժամանակաշրջանի համայնապատկերում երևում է միայն  անկախության ծածանվող դրոշն ու արցախյան շարժման  ջատագով  Հայոց համազգային  շարժումը` ՀՀՇ-ն, որն  այնուհետև ստանձեց երկրի  կառավարման  պատասխանատվությունը: Սակայն  1990-ականներից  սկսած` ՀՀՇ-ում սկիզբ առան պաշտոնամոլության «վիրուսով» տառապող քաղաքական  տարատեսակ «վտակներ», որոնք  հետզհետե թուլացրին ՀՀՇ-ի հիմքերը: 1998-ի իշխանափոխությունից հետո  պետական  կառավարման սխալ քաղաքականության   հետևանքով իրեն ուղղված մեղադրանքներից խուսափելու  համար ՀՀՇ-ն հարկադրված լքեց քաղաքական թատերաբեմն ու մինչև 2007 թ. համեստորեն սպասեց իր «վերածնունդին»:

2007-ին ՀՀՇ-ն, իր  վրայից  թափ տալով մոռացության  փոշին, փորձեց  ակտիվացնել իր քաղաքական  դինամիկան ու դարձավ «բազմակուսակցական» Հայ ազգային  կոնգրեսի անկյունաքարը: Սակայն  «հոգեդարձը» երկար  չտևեց, և ՀՀ առաջին  նախագահ, ժամանակին ՀՀՇ-ի արևով երդվող Լևոն  Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 18-րդ  համագումարում, կուսակցությանն անվանելով «գեղի կլուբ» ու «աղանդ», ասաց. «Մի  հատ  նայեք դահլիճին, էս չի՞ ՀՀՇ-ն… Ամենակրտսերը 50 տարեկան է, 95 տոկոսը 50-ն անց է: Էս  բիձեքով, սենց  քյաչալված պետք է ազգ  պահե՞նք»:

«Ղարաբաղ»  կոմիտեի  գաղտնի անդամ ,ՀՀՇի  հիմնադիր անդամ, 1992 թ. ՀՀՇ վարչության  փոխնախագահ Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով` Լևոն ՏերՊետրոսյանը  լուծարեց  և  փոշիացրեց ՀՀՇն:

– Մինչև 1993 թ. ՀՀՇ վարչության  փոխնախագահն էի, որից  հետո եղել եմ հակահհշական, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը  լուծարեց ու փոշիացրեց ՀՀՇ-ն: Իմ կանխատեսմամբ` ՀՀՇ-ն  պետք է  փոշիանար դեռ 1995-96 թթ.: ՀՀՇ-ի  գաղափարը  լավն էր, սակայն ՀՀ առաջին  նախագահի վարած քաղաքականության հետևանքով Հայոց համազգային  շարժումը  պարզապես քանդվեց: Ես ելույթներին  առանձնապես  չեմ  հետևում, քանի որ  դրանք  բոլորն էլ  դատարկ են, ես  հետևում եմ  գործողություններին: Ասում եք` ՀՀՇ 18-րդ  համագումարում Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն  անվանել է «գեղի կլուբ», «աղանդ»: Կասեմ  միայն, որ ՀՀՇ-ն նա է այդպիսին  դարձրել, ուստի  բնութագրել է  իրեն: ՀՀՇ-ն որոշել են  անվանափոխել, բայց եթե  շարունակելու են  գործել 1992 թվականից ՀՀՇ-ում  սկսված ավանդույթներով, ըստ որի` «шеф всегда прав, еслиб шеф президент», եթե  դառնալու է  միահեծան ու  միակենտրոն, եթե իրականում որոշումները  պետք է  ընդունվեն  մեկի կողմից, բայց աշխարհին  ներկայանան որպես բազմակարծություն ապահովող  կուսակցություն,  ինչը ՀՀՇ-ի ավանդական ոճն է, ապա ոչ  մի արդյունք  չի  տա:

«Ղարաբաղ»  կոմիտեի  գաղտնի անդամ Ավետիք Իշխանյան

– Դեռ 2008-ին,  երբ  հռչակվեց ՀԱԿ միավորումը, Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերը բացարձակապես  պատրաստ չէին նոր կուսակցություն հիմնելու, ուստի այն  ժամանակ միավորումը հռչակվեց ՀԱԿ,  ինչը  գուցե  հետագայում  նպատակ ուներ դառնալ  կուսակցություն  նույն անվամբ: Մյուս  կողմից էլ կազատվեին  ՀՀՇ-ի անունից, որը  հանրության  մեջ վարկաբեկված էր: Սակայն  դա  միանգամից  չկատարվեց: Լ.Տեր-Պետրոսյանը, փաստորեն,  օգտագործեց  բազմաթիվ փոքր ու  մեծ  կուսակցությունների, որոնք այսօր  դուրս են  շպրտվել ու  նոր ձևավորվող  կուսակցության մեջ  ընդգրկված  չեն: Մի  կողմից` ՀՀՇ-ն վարկաբեկվեց, մյուս  կողմից էլ Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթով վրեժ  լուծեց  այն  մարդկանցից, որոնք 2000-2007 թթ.  պահեցին  ՀՀՇ-ն, նրանք էին Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, մարդիկ, որոնք ՀՀՇ-ի  համար ամենածանր  ժամանակաշրջանում եղել են  կուսակցության  նախագահները: Եվ քանի որ այժմ  դուրս են  եկել  Լ. Տեր-Պետրոսյանի ենթակայությունից,  նա իր ելույթով վրեժ լուծեց  նրանցից: Ես 1991-ից եմ դուրս եկել ՀՀՇ-ից, սակայն  ինձ  համար  ցավալի է, որ ամբողջ Ղարաբաղ  կոմիտեն  դարձավ  կուսակցություն  և  դարձավ  մեկ ուրիշի սեփականությունը: Ամեն  դեպքում, ՀՀՇ-ն նա  չէր ստեղծել, ուստի  այն կազմալուծելու իրավունք  չուներ: Բայց նրա  խոսքն ընդունվում էր անվերապահորեն: Եթե  վաղը  Լ.Տեր-Պետրոսյանը որոշի ՀԱԿ-ը  վերանվանել Հայաստանի  կոմունիստական  կուսակցություն, որովհետև քաղաքական  կոնյունկտուրան  դա  է պահանջում, այդ  նույն  մարդիկ  նույնությամբ  կքվեարկեն`  մտածելով, թե  ինչքան  իմաստուն է  իրենց  առաջնորդը:  ՀՀՇ-ի  անդամները սեփական  կուսակցության կործանումը  կանխելու  համար ոչինչ  չարեցին:

ՀՀՇ վարչության  նախկին նախագահ Ալեքսանդր  Արզումանյան

– ՀՀՇ-ն  վաղուց արդեն ինքնուրույն  կառույց չէ, այն  վերածվել է ՀԱԿ-ի օժանդակ կառույցի և  օժանդակում է ՀԱԿ-ի  միջոցառումներին: ՀՀՇ-ն ինքնուրույն որևէ  նախաձեռնություն չի ցուցաբերել,  միակ  բացառությունը Եվրոպական  լիբերալ դեմոկրատներին անդամակցելն էր: Ցավում եմ, որ ՀՀՇ-ն  կառավարվում է  ՀԱԿ-ի  կողմից, իսկ  անվանափոխվելուց  հետո  ինչպիսին  կլինի` չեմ  կարող  ենթադրել:

ՀՀՇ հիմնադիր անդամ, «Ղարաբաղ»  կոմիտեի գաղտնի անդամ Դավիթ Շահնազարյան

– Անհանդուրժողականության  երևույթները ՀՀՇ-ում սկսվել են դեռ  20 տարի առաջ: Ինչ  վերաբերում է ՀՀՇ-ի այդ գնահատականին, որը տրվեց  համագումարի  ժամանակ, դեռ ավելին ասվեց, քան  «գեղի  կլուբն» ու «թանգարանային  նմուշը»: Ես  կարծում եմ, որ այդ  կարգավիճակում ՀՀՇ-ն  1998 թվականից է, երբ տեղի ունեցավ կուսակցության պատմության ամենամեծ  խայտառակությունը, երբ   արտահերթ ընտրություններում իր  կառույցներով աջակցեց ու  պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին: ՀՀՇ-ն դադարեցրել էր  իր  գործունեությունը: ՀՀՇ-ն  վերացման  մի տարբերակ ուներ`  ինքնասպանությունը,  ինչին  էլ  գնաց:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյան

– ՀՀՇ-ի համար ամենադժվար  շրջանը եղել է 1999-2007 թթ.: Այդ  ընթացքում  մեզ  մեղադրում էին, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին դարձրինք նախագահ, սակայն  դա ճիշտ չէր,  մենք  նրան  դրել էինք  վարչապետ: Մենք  գտնվում էինք մի այնպիսի վիճակում, որ  ո՛չ  իշխանությանը և ո՛չ էլ  հանրությանն ասելու  բան  չունեինք, սակայն յոթը  տարի կարողացել ենք  պահպանել  մեր  դեմքը: 2007-ին խնդրեցինք Լ.Տեր-Պետրոսյանին, որ նախագահական  ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը (այն  ժամանակ  ՀԱԿ-ը  չկար), և  միայն ՀՀՇ-ի  ռեսուրսով  կարողացանք ընտրություններում  հաղթել: Իսկ  երբ  մտանք ՀԱԿ, այնտեղ ես`  որպես ՀՀՇ-ի ղեկավար  մարմնի անդամ, որոշումների  վրա ազդելու որևէ  հնարավորություն  չունեի, քանի որ  այնտեղ  որոշումները  միանձնյա էին  ընդունվում: Ինչևէ, ես այսօր էլ  չեմ  կարծում, որ  ՀՀՇ-ն ճգնաժամ է ապրում, այն` որպես  գաղափարական թիմ, դեռ անելիք  ունի:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան

– Ինձ  հաճախ են ասում, որ եղել եմ ՀՀՇ-ի անդամ, սակայն ես եղել եմ Հայոց համազգային  շարժման անդամ, ոչ թե  ՀՀՇ կուսակցության: Դրանք  տարբեր  բաներ են: Իսկ  երբ ՀՀՇ-ն դառնում էր  կուսակցություն, դա արդեն  անեծք էր,  հետո այն  որպես անեծք  շարունակվեց, դարձավ  իշխող  կուսակցություն ու  սկսեց  հանցագործություններ  կատարել: Իսկ  հասարակությունն այդ հանցագործությունները  վերագրեց  շարժմանը: Ինձ  համար  ՀՀՇ-ի կազմալուծումն  անակնկալ չէր:

2002-2010 թթ. ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան

– Ինձ  համար որքան  ցավալի,  նույնքան կանխատեսելի էր, որ ՀՀՇ վարչության  ներկայիս ղեկավարն արագորեն  արձագանքելու էր Լ.Տեր-Պետրոսյանի  ցանկացած առաջարկի: Իսկ ՀՀ առաջին  նախագահի հայտարարությունը ՀՀՇ համագումարում  պարզապես քաղաքական  դավադրություն էր: Ներկայիս  ՀՀՇ-ի հրաժարումն իր գաղափարախոսությունից պարզապես  ոտնձգություն է 1988-ի գաղափարների  դեմ: Դրան  հաջորդեցին բազմաթիվ անփառունակ  քայլեր, և վերջն այսպիսին էր  լինելու: Այսքանը կասեմ:

ՀՀՇ  վարչության  նախագահ Արամ Մանուկյան

– Քսանհինգ  տարի  առաջ ամենալավ  քաղաքական  թիմը  մենք էինք, դա  բոլորին է  հայտնի: Սակայն Ռոբերտ Քոչարյանը խնդիր էր  դրել  ոչնչացնել  մեզ, մեր անդամներից  շատերը  դատվեցին, շատերն էլ զբաղեցրած  պաշտոններից  հեռացվեցին:  Մինչև 2007  թ. մեզ  համար ամենածանր  ժամանակահատվածն էր, դրանից  հետո, երբ ձևավորվեց  ՀԱԿ-ը,  դարձանք   ՀԱԿ-ի առանցքային ուժը: ՀՀՇ-ն քաղաքական  համակիրներ  չկորցրեց, քանի որ համարձակ  քայլ կատարեց: Ի դեպ, ՀՀՇ-ն ամենաբաց աշխատող  քաղաքական  թիմն է, իսկ  ինչ  վերաբերում է  ՀՀՇ  համագումարում  հնչած  քաղաքական  գնահատականին, դա  վերաբերում էր  միմիայն  ղեկավար մարմնին, ոչ թե կուսակցության  անդամներին: Կուսակցության անվան  փոփոխության առումով կասեմ, որ նույն  անունը  կրելուց  հետո,  բնականաբար,  դժվար է  համակերպվել նորին: Այս   ամենի  մասին մտածել ենք: Նոր անվամբ ու  նոր  կազմով  մենք  կդառնանք  ավելի  լիբերալ,ավելի  կհզորանանք:

ՀՀՇ հիմնադիր անդամ Արշակ Սադոյան

– Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքական որոշ ուժերի  հետ  հարաբերությունների կարգավորման համար ձեռնտու չէր որոշակի  արժեքային  համակարգ ունեցող  կուսակցության գոյությունը: Կարծում եմ` նա անձնական  խնդիր ուներ, ուստի իր հեռահար նպատակի համար գնաց  նման  քայլի: Ինձ  համար անակնկալ էր նաև իր սկզբունքներից շեղվող ՀՀՇ-ի  քայլը, թեև  դեռ 1991  թվականից  սրտի ցավով էի նկատում այդ շեղումը, իսկ այսօր կուսակցությունը  վարկաբեկվում է  իր առաջնորդների  կողմից: Վերջին տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները, արարքներն ու  ողջ  գործունեությունը դատապարտելի են, ի վնաս հայ  ժողովրդի:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է 2248 անգամ:
Print Friendly

Leave a Reply