Հայ կնոջն արժանի մեծարանք .Շուտով կմեկնարկի կանանց միամսյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 7, 2013 20:14

Հայաստանում կանանց  տոնը նշվում է տարին երկու անգամ: Մարտի 8-ից` Կանանց  միջազգային տոնից բացի, Հայաստանում նշվում է նաև Ապրիլի 7-ը՝ Մայրության ու գեղեցկության տոնը: Հատկապես մեր օրերում  հայ կինը շատ դժվարություններ է հաղթահարում` իր ուսերին կրելով առօրյա կյանքի բոլոր խնդիրները: Նա իր համբերատարությամբ և՛ օջախի պահապանն  է, և՛ իդեալական  ու հավատարիմ կին, և՛ հիանալի մայր: Ուստի սա լավագույն ժամանակաշրջան է  հայ մայրերին ու կանանց առանձնակի սիրով վերաբերվելու և տարվա ընթացքում ունեցած բացթողումները լրացնելու համար:

 Շոու բիզնեսի տարբեր ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսն  անկեղծացան, թե ինչ է առհասարակ այս տոնն իրենց համար և ինչ միջավայրում են սիրում այդ օրն անցկացնել:

Երգչուհի Սոնյա

«Մարտի 8-ը կնոջը նվիրված ամենամեծ տոնն է , որն ուղեկցվում է նաև կնոջ հանդեպ ունեցած հարգանքով: Ինձ համար ևս այն հաճելի տոն է, և ես նախընտրում եմ իմ ընտանիքի և ընկերներիս հետ անցկացնել, կարճ ասած՝ իմ սիրած միջավայրում: Ինձ շրջապատող կանանց ու մայրերին` քույրերիս, հորաքույրներիս միշտ փոքրիկ խորհրդանշող նվերներ եմ մատուցում, քանի որ նվերի արժեքը ոչ թե առարկայական է, այլ ուշադրության և վերաբերմունքի իմաստ ունի»,- ասում  Սոնյան: Այս օրերին, ինչպես  նա խոստովանեց, բազմիցս է իր երկրպագուներից ծաղկեփնջեր, փափուկ խաղալիքներ  և տարբեր բացիկներ ստանում, սակայն իր համար ցանկալի նվեր կարող   է լինել նույնիսկ մեկ փունջ մանուշակը: Առանձնացնելով հայ կնոջ կերպարը` Սոնյան ընդգծեց, որ կինն ինքնին այդ կոչմանն արժանացել է ընտանիքում ստանձնած իր դժվար առաքելությամբ: «Ինչպես գիտենք, կինը տան սյունն է, և եթե նա իր ուսերին  չկրի այդ ծանրությունը, կարծում եմ`  անհնար կլինի ընտանիքի ամրությունը պահպանել: Այդ ամեն ինչը ձևավորվում է կնոջ տրամաբանության, հավասարակշռվածության, համբերատարության, խոհեմության և խելացիության շնորհիվ: Կինն իր մեջ ունի այդ խորհուրդը, որն ասոցացվում է միաժամանակ և նրա գեղեցկության ու խորհդավորության, խելքի և ուժի հետ»:

Ի՞նչ է երջանկությունն առհասարակ նրա համար, կամ ի՞նչն է պակասում այսօր հայ կնոջը: Սոնյան ունի իր տեսակետը. «Իմ կարծիքով` յուրաքանչյուր մարդու, մասնավորապես կնոջ մեջ ինչ-որ բան միշտ պակասում է լիակատար երջանիկ զգալու համար, և մարդն իր ժամանակը միշտ նվիրում է երջանկության որոնմանը: Ես ինձ համարում եմ երջանիկ կին, քանի որ շրջապատված եմ ինձ շատ սիրելի ու հարազատ մարդկանցով  և այդ սերն ինձ լիովին բավարարում է երջանիկ զգալու համար: Ես երջանկությունը կարող եմ նույնիսկ մի փոքրիկ ծաղկի կամ տերևի մեջ էլ տեսնել, կարևորն այդ երջանկությունը տեսնելու կարողությունն է և կյանքի ամեն վայրկյանի նկատմամբ լավատեսորեն տրամադրվելը: Հայ մայրերին կմաղթեմ, որ միշտ առողջ և երջանիկ տեսնեն իրենց զավակներին, կանանց կցանկանամ միշտ սիրված ու գնահատված լինեն, իսկ աղջիկներին՝ որ կյանքում գտնեն իրենց կեսին և միշտ պարուրված լինեն սիրով ու ջերմությամբ:

էստրադային երգիչ Հայկ Կասպարովի համար կանանց տոնը սկսվում է գարնան գալստից, որն իր հետ արդեն զարթոնք ու գեղեցկություն է բերում: Նա ասում է, որ կնոջ համար պետք է ամբողջ տարին տոն լինի:

– Եթե կնոջ կողքին իսկապես կա սիրելի տղամարդ, ապա նրա համար միշտ տոն է: Ցավոք սրտի, այս տարի կնոջս հետ այդ օրը միասին տոնելու հնարավորություն չենք ունենա, քանի որ նա Գերմանիայում է այժմ, կփորձեմ վիրտուալ նրան ջերմորեն մաղթանքներ հղել: Կնոջս դեռ չեմ հասցրել Մարտի 8-ին  նվեր մատուցել, բայց մայրիկիս միշտ ծաղիկներ ու շոկոլադ եմ նվիրում, որով միշտ փորձում եմ բարձրացնել նրա տրամադրությունը: Օրինակ` նախորդ տարի այս տոնի կապակցությամբ նրան մոր մասին  մի գեղեցիկ երգ նվիրեցի, շատ ուրախացավ:

Կցանկանայի, որ տղամարդիկ ավելի մեծացնեին իրենց ուշադրությունը իրենց կանանց նկատմամբ, լինեին ավելի ջերմ, քանի որ կանայք փխրուն են, քնքշություն  և առանձնակի վերաբերմունք են պահանջում: Եվ նրանք կարող են իրենց էլ ավելի երջանիկ զգալ, երբ վստահ լինեն, որ սիրված են: Երբ ընտանիքում իշխում է սերը և ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ, արդեն բոլոր կենցաղային խնդիրները և ֆինանսական հարցերը մոռացվում են կամ մանրուք դառնում:

Հայ կանանց կմաղթեմ, որ միշտ լինեն ժպտերես, խնամված և պատրաստ լինեն իրենց հոգսերը ամուսինների հետ կիսելու, քանի որ միայն հայ կանայք են այդքան հոգսաշատ ու մտահոգ:

Ֆոտոմոդել Անի Քոչարի կարծիքով`  կանանց պետք է ուշադրությամբ և հոգատարությամբ  շրջապատեն տարին 12 ամիս, քանի որ դրա կարիքը կինը շատ ունի: «Այսպես թե այնպես, կինն է ընտանիքում բոլոր հոգսերը կրողը, նա է սերունդ մեծացնում, կենցաղային խնդիրներ հարթում: Բացի այդ բարդ առաքելությունից,  շատ կանայք նաև աշխատում են, ինչը ևս հոգսաշատ է  դարձնում  նրանց: Իսկ այդ բոլոր դժվարությունները կինը կարող է  հաղթահարել  միայն սիրված և գնահատված լինելու պարագայում, ինչը այսօր, ցավոք, շատ ընտանիքներում պակասում է»:

Ինչ վերաբերում է նվերներին, ապա Անին նշեց,  որ ինքն էլ այդ օրը սովորաբար  ծաղիկներ է ստանում, նաև օծանելիք ու զարդեր: «Ժամանակ առ ժամանակ, ամուսինս կամ երկրպագուներս նաև անակնկալներ են մատուցում, ինչը ևս շատ սիրում ու գնահատում եմ: Հայ կանանց կմաղթեմ, որ միշտ ուրախ և երջանիկ լինեն, սիրեն ու լինեն սիրված»:

«Դոկանդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ,  կինոդերասան Գոռ Վարդանյանի համար  սա սիրված տոներից մեկն է, քանի որ բացի իր կնոջից, այդ օրը նաև իր մայրիկի, դստեր և քույրերի տոնն է, ինչը կրկնապատկում է իր ուրախությունը: Նա նույնպես սովորաբար հաճելի անակնկալներ է մատուցում իր սիրելիներին և դիմավորում կանանց տոնն ընտանեկան ջերմ միջավայրում: «Հայ կանանց մաղթում եմ, որ առողջ ու երջանիկ լինեն: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին»:

Երգչուհի Օլգա Այվազյանը նույնպես այդ օրը շատ ծաղիկներ է ստանում իր սիրելիներից, սիրում  է նաև նվերներ մատուցել: «Հարազատներիս միշտ նվիրում եմ այն, ինչ իրենք են ցանկանում: Հայ կանանց շրջանում այսօր պակասում է ինքնուրույնությունը և ինքնավստահությունը, իսկ տղամարդկանց շրջանում` կնամեծար լինելը: Կնամեծար տղամարդիկ մեր օրերում կան, սակայն ցավոք քիչ են: Թեպետ ինձ ուրախացնում է այն, որ տղամարդիկ հատկապես կանանց միամսյակին  փորձում են առավել ջերմ լինել: Շատ եմ փողոցում տղաների հանդիպում՝ ծաղկեփնջերը ձեռքներին և ուրախանում եմ, որ նրանց շրջանում դեռ չի մարել այդ ասպետությունը, կնոջը ծաղիկ նվիրելու սովորությունը: Իսկ հայ կանանց կմաղթեմ կանացի մեծ երջանկություն»:

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ բոլոր ժամանակներում,  ինչպիսի ուշադրություն էլ հասարակության արական մասը ցուցաբերի կանանց նկատմամբ, միշտ քիչ է լինելու: «Երբեք չի լինելու մի իրավիճակ, երբ տղամարդը չգիտակցի, որ այն, ինչ տալիս է կնոջը, քիչ է: Դա ի վերուստ եկած կարգավիճակ է և հարաբերությունների բնույթ: Ուստի բոլոր ժամանակներում էլ տղամարդիկ պետք է փորձեն իրենց հնարավորության սահմաններում դիմացի կնոջ նկատմամբ լավ վերաբերմունք ցուցաբերել՝ ելնելով տվյալ իրավիճակից: Հայ կանանց կմաղթեմ ամենակարևորը՝ երջանկություն:

Միհրդատ Մադաթյան, հոգեբան

«Կնոջ մեծարումը մեր ազգի համար բնորոշ հատկանիշ  է և Մարտի 8-ը` որպես տոն, կարծես թե անընկալելի է մեզ համար, այն օրվանից, երբ 1975 թ. ՄԱԿ-ը հռչակեց այդ օրը որպես Կանանց իրավունքների պայքարի օր: Եթե այդ տոնը դիտարկենք ուղղակի որպես Կանանց միջազգային օր, ապա միայն խոնարհվում եմ այդ գաղափարի առջև և կոչ անում բոլոր տղամարդկանց,  որ ավելի ուշադիր և նուրբ վերաբերվեն իրենց շրջապատող կանանց  և տարվա յուրաքանչյուր օր տոն դարձնեն նրանց համար:

Հայ կանայք տղամարդկային ուշադրության մեծ կարիք ունեն: Ուղղակի սոցիալական պայմանների բարելավման հետ կապված, այսօրվա վազքի տեմպերից ելնելով, շատերս օրվա երկրորդ կեսին հոգնած վիճակում հաճախ մոռանում ենք, թե ում համար ենք ամբողջ օրը վազքի և դինամիկայի մեջ եղել, և հետզհետե խառնում ենք մեր կյանքում ունեցած արժեքները: Կարևոր է գիտակցել, որ հենց մեր ընտանիքների բարեկեցության համար ենք այդքան աշխատում, մեր կանանց ու մայրերի:

Շնորհավորում եմ իմ ազգի բոլոր կանանց, մաղթում, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն, սիրված լինեն, քանի որ կինը ծաղկում է`  սնվելով իր նկատմամբ սիրուց: Ցանկանում եմ նաև, որ հայ կինը երբեք չտարվի արևմտյան սին գաղափարներով, գնահատի ու արժևորի իր ընտանիքը, այնպես, ինչպես մեր տատերը:

 

Լ.Ն

Դիտվել է 3411 անգամ:
Print Friendly

Leave a Reply