Արցախի միջազգային ճանաչումը մի օրում չի լինի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 7, 2013 15:12

Դալիա Կուոդիտե

Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմի պատգամավորների մի խումբ փետրվարի 26-ին հռչակագիր ընդունեց, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Սկզբում նախատեսվում էր, որ հռչակագիրը պետք է ստորագրի 6 պատգամավոր, սական ստորագրման պահին ստորագրողների թիվը հասել էր 9-ի:

 Շատ կարևոր քայլ` ԼՂՀ ճանաչման ուղղությամբ

 Այդ հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախյան շարժման 25-ամյակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, իսկ Լիտվան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը և հանդես եկավ խնդրի խաղաղ լուծման օգտին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախության համար մղվող պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական արժեքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հավատարիմ մնալ մինչ օրս, ընդունելով համաեվրոպական  տարածքի  դիրքորոշումը, ըստ որի` դրա յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի առանց խոչընդոտի օգտվելու  հիմնական իրավունքներից ու հիմնարար ազատություններից, հաշվի առնելով, որ միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը ֆիզիկական անվտանգության ապահովման ու ժողովուրդների ժողովրդավարական զարգացման միակ երաշխիքն է, նշելով Արցախի զգալի ջանքերը ազատ ու ժողովրդավար հասարակության ստեղծման ուղղությամբ` լեգիտիմ ընտրությունների անցկացման և պատասխանատու ու արդյունավետ կառավարություն ստեղծելու ճանապարհով, կարևոր համարելով Արցախի ներգրավումը միջազգային հանրության մեջ առկա խնդիրների լուծման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար` մենք` Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորներս, հայտարարում ենք Լիտվայի Հանրապետության Սեյմում Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին»:

Սեյմում Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին հռչակագրի բնօրինակը հանձնվեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Դաբգուտե Միկուտիենե

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարևոր զարգացում համարեց տեղի ունեցածը, քանի որ, լինելով եվրոպական, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Լիտվան Արցախի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ հայտ է ներկայացնում:

Այս հռչակագիրը ստորագրվել է Լիտվայի Սեյմում հայ-լիտվական հարաբերությունների, Հայաստանի և Լիտվայի անկախացման 25-ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ, Լիտվայում ՀՀ դեսպանատան, Լիտվայի հայ համայնքի և ՀՅԴ-ի միասնական ջանքերով:

Մեզ հետ զրույցում Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը նշեց, որ այս հռչակագիրը նոր նախադեպ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում տարվող աշխատանքներում: «Եվ կարծում եմ, որ Լիտվայի Սեյմում այսօրվա տեղի ունեցած իրադարձությունը կարելի  է համարել պատմական: Առաջին անգամ արտասահմանյան որևէ խորհրդարանում ստեղծվում է, մեջբերում եմ հռչակագրից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խումբ»,- նշեց դեսպանը:

Զուտ դիվանագիտական տեսանկյունից այս հռչակագրի ընդունումն ընդհանուր աշխատանքների մի շատ կարևոր հանգրվան է, սա վերջնական հաղթանակ չէ, բայց  որոշակի հաջողություն է: Արցախի միջազգային ճանաչման առումով սա նախադեպ է:

Հռչակագրի ստորագրման ժամանակ կոնֆերանսին Հայաստանից մասնակցել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա yerkir.am կայքին տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի համատեքստում սա նշանակում է, որ նախ` ճանաչված, Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում ստեղծվում է բարեկամության խումբ ԼՂՀ-ի հետ, մի երկրի, որը փաստորեն ճանաչված չէ: «Այսինքն` ԼՂՀ ճանաչումը չի կարող տեղի ունենալ հանկարծակի և ամենաբարձր մակարդակով: Դրա համար քրտնաջան աշխատանք է պահանջվում` քայլ առ քայլ»,- նշել է Հովհաննիսյանը:

 Կարևորը` հռչակագրին հաջորդեն գործնական քայլեր

 Հռչակագիրը` հռչակագիր, բայց ավելի կարևոր է, որ այն չմնա, որպես զուտ փաստաթուղթ, այլ կյանքի կոչվի, գործնական քայլերի վերածվի:

Ալգիս Կաշետա

Զրուցեցինք Լիտվայի Սեյմի պատգամավորներից երեքի` Դաբգուտե Միկուտիենեի, Դալիա Կուոդիտեի և Ալգիս Կաշետայի հետ, որոնք ստորագրել են հռչակագիրը: Հռչակագիրը ստորագրելու նրանց  շարժառիթն այն է, որ 90-ականներին Լիտվան հասկանում էր և հռչակեց, որ աջակցում  է ԼՂՀ-ի ազգաբնակչությանը: Այդ ժամանակ Լիտվայի տարբեր մարմինների կողմից ընդունվեցին Արցախի բնակչությանն աջակցող բանաձևեր, ԽՍՀՄ ԿԿ-ին ուղղվեցին հեռագրեր, որոնցով դարձյալ իրենց աջակցությունն էին հայտնում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Այս ամենը, լիտվացի խորհրդարանականների կարծիքով, մոռացել են Լիտվայում:

«Եվ կարևոր էր ընդգծել, որ Լիտվայում կան մարդիկ, որոնք չեն մոռացել այն բանաձևերն ու հեռագրերը, որոնք մենք ընդունել ենք 25 տարի առաջ»,- ասաց լիտվացի խորհրդարանական Ալգիս Կաշետան:

Ինչ վերաբերում է հռչակագրից հետո ձեռնարկելիք գործնական քայլերին, ապա լիտվացի պատգամավորները նշեցին, որ այդ ուղղությամբ  աշխատանքները կաշխուժանան մարտի 10-ից հետո, երբ Լիտվայի Սեյմում մեկնարկեն խորհրդարանական նստաշրջանի աշխատանքները: Բարեկամության խումբը կհավաքվի, կփորձի պաշտոնապես գրանցվել, ինչպես նաև կփորձի այլ պատգամավորների ևս ներգրավել ստորագրելու հռչակագրի տակ:

Հարկ է նշել, որ թե՛ Լիտվայում ՀՀ դեսպանը, թե՛ լիտվացի խորհրդարանականներն արդեն իսկ նշում են, որ բավականին մեծացել ու լարվել են Լիտվայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքները: Ամենուր ճնշում է զգացվում, որը, սակայն, չի կարող ազդել իրենց որոշման վրա: Մեր այն հարցին, որ եթե Ադրբեջանը մեծացնի ճնշումը, կարո՞ղ է դա հանգեցնել նրան, որ խումբը հրաժարվի հռչակագրի դրույթների իրագործումից, Դանգուտե Միկուտիենեն պատասխանեց. «Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ոչ: Եվ թող նույնիսկ չփորձեն: Մենք ժողովրդավարական երկիր ենք, և Լիտվայի Հանրապետության խորհրդարանի անդամի մանդատը հնարավորություն է տալիս լիակատար ազատ լինելու: Եվ ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել` ում հետ բարեկամություն անեմ, ում հետ` ոչ»:

Այս վճռականությունը բնորոշ է մեր զրուցակից երեք պատգամավորներին էլ: Դալիա Կուոդիտեն այս կապակցությամբ հայտնեց, որ իրեն ծանոթ չէ որևէ մեթոդ, որի օգնությամբ կարող են իրեն ստիպել հրաժարվել այս դիրքորոշումից: Իսկ Ալգիս Կաշետան էլ նշեց.  «Լիտվայի խորհդարանականը ապրում է ազատ երկրում, ազատ քաղաքացի է, ունի ազատ մանդատ` խորհրդարանականի մանդատ, և եթե գործում ենք սեփական խղճի մտոք և Սահմանադրության համաձայն, ապա ոչ ոք չի կարող մեզ պարտադրել հրաժարվել սեփական ստորագրությունից»:

Այնպես որ, ամեն ինչից արդեն պարզ է, որ Լիտվացի խորհրդարանականները լուրջ են տրամադրված իրենց ստորագրած հռչակագիրը գործնական հիմքերի վրա դնելու հարցում: Նրանք չեն վախենում անգամ Ադրբեջանի այնպիսի «ավանդական» ճնշումներից, ինչպիսին իրենց շահերին հակասող որոշումներով կամ նախաձեռնություններով աչքի ընկնող օտարերկրացի գործիչներին persona non grata հայտարարելն է: Ուստի Լիտվայի խորհրդարանի կողմից Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին հռչակագիրը հետաքրքիր է դառնում նաև այն առումով, որ Լիտվան Եվրամիության անդամ է: Հետաքրքիր է, թե ինչ արձագանք  կունենա այս նախադեպը Եվրամիության այլ երկրների խորհրդարաններում: Ալգիս Կաշետան մեզ հայտնեց, որ դեռևս հնարավորություն չի եղել այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ Եվրամիության գործընկերների հետ, բայց հավաստիացրեց, որ իրենք` հռչակագիրը ստորագրած պատգամավորները, նրանց կներկայացնեն իրենց մտքերն ու պատկերացումները, և հույս հայտնեց, որ ԵՄ մյուս երկրների խորհրդարանականների կողմից ևս արձագանքներ կլինեն:

Թե ինչպես այս հռչակագիրը կանդրադառնա Եվրամիության հետագա քաղաքականության վրա, այժմ դժվար է կանխատեսել, բայց արժե նշել, որ Լիտվան ԵՄ-ում միշտ եղել է որոշակի քայլերի նախաձեռնող, և այդ քայլերը միշտ արդյունքներ ունեցել են: Լիտվացի պատգամավորներն էլ հույս են հայտնում, որ այս քայլը ևս ԵՄ-ում ինչ-որ արդյունք կունենա:

 Հիշեցնենք խորհրդանշական մի իրողություն. Հայաստանի Հանրապետության անկախությունը պաշտոնապես առաջինը ճանաչել է Լիտվան:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply