Հայաստանում իրավիճակ է փոխվել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 7, 2013 15:07

Հետզհետե ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում Հայաստանում հետընտրական զարգացումները: Սկսած 1996 թվականից` Հայաստանում բոլոր համապետական ընտրություններից հետո որոշակի հետընտրական զարգացումներ եղել են: Բայց այս անգամ, այդ զարգացումները չեն  ընթանում են արդեն ավանդական դարձած ուղիով:

 Տարածված տեսակետ կա, որ 1996 թվականից սկսած` ընդդիմության թեկնածուները միշտ էլ հաղթել են նախագահական ընտրություններում: Հետևաբար, յուրաքանչյուր ընտրությունից հետո  Հայաստանի ընտրազանգվածը հերթական անգամ հուսախաբ է լինում, համարում, որ իր իրավունքները ոտնահարվել են, և իշխանություններին որակում է ոչ օրինական: Բայց միշտ չէ, որ հնարավորություն է ունենում արտահայտելու իր բողոքը:

Ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնաքարը դրվեց 1995 թ. խորհրդարանական ընտրությունների և ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ: 1996 թ. նախագահական ընտրություններում կատարվեցին ամենավայրենի ընտրակեղծիքները` պարզապես փոխատեղվեցին ընդդիմության և իշխանության թեկնածուների ստացած ձայների տվյալները: Ընդդիմությունը պահանջեց բացել երեք տեղամասերի  արկղերը և համեմատել հրապարակված արդյունքների հետ: Ի պատասխան իշխանությունները զորք ու տանկեր հանեցին ժողովրդի դեմ և հայտարարեցին, որ եթե ընդդիմությունն անգամ 100 տոկոս  ձայներ ստացած լիներ, միևնույն է, թույլ չեն տա: Իշխանության ղեկը բռնազավթած նախագահը դարձավ այն ուժային կառույցների պատանդը, որոնց շնորհիվ զավթեց իշխանությունը, և 1998 թ. նրանց իսկ պարտադրմամբ հրաժարական տվեց:

Այժմ ընթացող  գործընթացներից ելնելով` կարելի է պնդել, որ Հայաստանում վիճակը փոխվել է: Նախ` ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները մինչև ընտրությունները չէին կասկածում, որ իշխանությունները կարողանալու են վերարտադրվել, ընդ որում, առանց կոպիտ կեղծիքների: Չկային նաև լուրջ սպասելիքներ, որ ժողովուրդը ինչ-որ կերպ կհամախմբվի մեկ անձի` ընդդիմադիր մեկ թեկնածուի շուրջ, ինչպես եղավ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում: Համենայն դեպս, կարծիքները, վերլուծությունները որևէ ինտրիգ կամ մրցակցության նշաններ վեր չէին հանում:

Ինչևիցե, ընտրություններին հաջորդած հենց առաջին պահերից արդեն պարզ էր` ժողովուրդն ավելի մեծ թափով ընդվզեց, քան սպասվում էր: Սկզբում, անկեղծ ասած, հավանական էր թվում հետընտրական զարգացումների` Հայաստանին բնորոշ սցենարը. իշխանությունը ուժով վերցնելու, իշխանություններին կազմաքանդելու ագրեսիվ քաղաքական կոչեր և այլն: Բայց պարզվեց, որ այս ամենը չի լինի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա քաղաքական թիմը, նրան աջակցող ուժերն ու գործիչները ընտրեցին բոլորովին այլ ճանապարհ:

Ընդդիմությունը մի «նորամուծություն» վերականգնեց` մարզային այցերը, հանդիպումները, հանրահավաքները: Սա առավել արդյունավետ միջոց է, քանի որ ուժերի համակենտրոնացումը, նախ, հղի է հավաքված հասարակության` ամբոխ դառնալու վտանգով, սոցիալական հոգեբանությունից հայտնի է, որ առաջնորդների մի փոքրիկ վրիպումը կարող է հավաքված հանրությանը վերածել տարերային, անկառավարելի ամբոխի:

Կարելի է համարել, որ տակտիկան ճիշտ է ընտրված:

Ինչ վերաբերում է պայքարի ուղուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցներն ու աջակիցները բազմիցս հայտարարեցին, որ ոչ մի բռնություն, ոչ մի «ջարդուփշուր» կամ «կազմաքանդում» իրենք չեն պատրաստվում իրականացնել, այսինքն` ի սկզբանե հրաժարվեցին պայքարի ծայրահեղական ձևերից: Նրանք ընտրեցին պայքարի երկու զուգահեռ ուղղություններ` իրավական և քաղաքական:

Նախ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները պահանջեցին 120 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների վերահաշվարկ: Դա ՏԸՀ-ները մերժեցին: Այնուհետև Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ու իրավաբան Կարեն Մեջլումյանը դիմեցին ԿԸՀ` պահանջելով թեկնածուների նախընտրական բյուջեներով նախատեսված ծախսերի մեջ ներառել թեկնածուների նախընտրական շտաբների, դրանցում փակցված պլակատների և այլնի համար ծախսվող գումարները, ինչի միջոցով հույս ունեին, որ Սերժ Սարգսյանի նախընտրական բյուջեն այդ դեպքում ավելի քան 10 տոկոսով կգերազանցեր օրենքով նախատեսված 100 միլիոն դրամի եզրագիծը, իսկ այդ դեպքում օրենքով միանգամից ԿԸՀ-ն պետք է որոշում կայացներ Սերժ Սարգսյանին թեկնածուների ցուցակից բացառելու մասին: Այս դիմումը ևս մերժվեց, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ՍԴ` բողոքարկելով ԿԸՀ որոշումները ընտրությունների արդյունքների ամփոփման և նախագահի ընտրության վերաբերյալ:

Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանի հայցադիմումը հանձնելուց հետո նրա շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պնդեց, որ ՍԴ դիմելը ամենևին էլ չի նշանակում, թե իրենք հրաժարվում են քաղաքական պայքարից, և նշեց, որ իրավական ու քաղաքական պայքարները կընթանան զուգահեռ: Սա ևս մոտեցում է:

Եվ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ընտրություններից հետո ձեռնամուխ է եղել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, անհատ գործիչների հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նախաձեռնությամբ: Սա թերևս քաղաքական պայքարի դրսևորում է` օրինականության և սահմանադրական պահանջի շրջանակներում: Եվ իշխանությունների համար այժմ շատ դժվար է որևէ քայլ ձեռնարկել համատարած, բայց օրենքին չհակասող այս քայլերի դեմ:

Պայքարի մի ձև էլ որդեգրվեց հետընտրական այս զարգացումներում` հասարակական ակտիվության բարձրացման և տարբեր սոցիալական շարժումների ակտիվացման տեսքով: Խոսքը, մասնավորապես, ուսանողների կողմից դասադուլ հայտարարելու երևույթի մասին է: Այս դասադուլները, իհարկե, հեռու են 1988-ին Հայաստանում տեղի ունեցած դասադուլներից, ուսանողության ամբողջ հանրույթը չեն ընդգրկում: Բայց այս շարժումը ևս գոյություն ունի և չի հակասում սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին: Ուսանողներն իրավունքն ունեն իրենց բողոքը դասադուլի ձևով արտահայտելու, և նրանք իրենց այդ իրավունքն իրացնում են` անկախ գնահատականներից` դա ճիշտ է, թե սխալ:

Այս ամենով հանդերձ, կարելի է պնդել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան միացած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ի որոշակի շրջանակներ, տարբեր ուժեր ու գործիչներ, ստանալով ժողովրդի մի հատվածի վստահությունը, ձեռնարկեցին ոչ թե բիրտ ու էքստրեմալ քաղաքական պայքար, այլ քաղաքական պրոցես, որն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական մշակույթի սահմաններում: Սա շանս է Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման առումով,  քանի որ իշխանություններին պետք է որ մտածելու տեղիք տա:  Այս հնարավորությունից հենց իշխանությունները պետք է օգտվեն, քանի որ սա, առաջին հերթին, հենց իրենց է ձեռնտու:

 

Դիտվել է 2375 անգամ:
Print Friendly

Leave a Reply