Մինեսոտայում թուրքերն ու սոմալցիները համախմբվել են՝ ընդդեմ ցեղասպանության մասին օրինագծի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 14:36

«World Without Genocide» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլ ամսին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի կոնգրեսին կներկայացվի SF 359 համարի «Ցեղասպանության հարցում տեղեկացվածության բարձրացման և ցեղասպանությունների կանխարգելման» վերաբերյալ օրինագիծ: Կազմակերպության կայքէջում կոչ է արվում աջակցել օրինագծին, որի մեջ Սրեբրենիցայի, Ռուանդայի և Կամբոջայի ցեղասպանությունների հետ միասին հիշատակված է նաև Հայոց ցեղասպանությունը:

«Turkish NY» կայքը գրում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները զայրացած են, որ օրինագծի մեջ չի ընդգրկվել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»: Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի անդամ կազմակերպություններից Մինեսոտայի Թուրք-ամերիկյան միությունը բողոքի մեկական նամակ է ուղարկել Մինեսոտայի նահանգային ներկայացուցիչների խորհրդին և նահանգային սենատին: Նամակում ասված է, որ օրինագծում չպետք է ներառվի ցեղասպանության մասին հիշատակումը, քանի որ պատմաբանները վիճարկում են դրա եղելությունը, իսկ ցեղասպանություն տերմինը կիրառելու և որևէ իրադարձություն որպես ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ է օրինագծին կցել դատարանի համապատասխան որոշումը:

Հետաքրքրական է, որ ինչպես գրում է կայքը,  թուրքերին որոշել են աջակցել ամերիկաբնակ սոմալցիները, որոնք բավականին մեծ թիվ են կազմում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում:

 

 

 

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply