Երիտասարդ ծանրորդներին վստահում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 7, 2013 14:19
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում սկսել է նախապատրաստվել ապրիլի 8-14-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել 8 ծանրորդի: Ծաղկաձորում մարզումներին կմասնակցեն 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանը, Անդրանիկ Կարապետյանը, Առաքել Միրզոյանը, 85 կգ քաշային Տիգրան Կարապետյանը, Մհեր Պողոսյանը (94 կգ), Համլետ Պողոսյանը (105 կգ), գերծանրքաշայիններ Գոռ Մինասյանը, Հայկ Հակոբյանը:
Այս հավաքի ավարտից 15 օր անց մեր ընտրանին 2-րդ հավաքը կսկսի Աբովյանում: Իսկ վերջին հավաքը նախատեսվում է անցկացնել Ալբանիայում:
Դժվար չէ նկատել, որ մեր թիմի կազմում հիմնականում երիտասարդ ծանրորդներ են:
Տիտղոսակիրներից Ռուբեն Ալեքսանյանն օրերս է վերադարձել Գերմանիայից, որտեղ բուժման կուրս էր անցնում: Վնասվածքից հետո ապաքինվել է նաևԳևորգ Դավթյանը, բայց նա չմասնակցեց Հայաստանի առաջնությանը: Արա Խաչատրյանը վնասվածքից հետո կրկին շարք է վերադարձել: Հայաստանի առաջնությունում թեև նա բարձր կիլոգրամններ չհաղթահարեց, սակայն պետք է հուսալ, որ կկարողանա վերագտնել իր լավ մարզավիճակը:
Դեռևս պարզ չէ, թե Հայաստանից քանի մարզիկ է մրցահարթակ դուրս գալու Եվրոպայի առաջնությունում:






Facebook
Tweet This
Email This Post
