ՄՄԿ. Կանանց և աղջիկների անվտանգ միգրացիան ապահովելու համար պահանջվում են նորարար մոտեցումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 13:33

Այսօրվա փոխկապակցված աշխարհում՝ միգրացիոն հոսքերի աճի պարագայում միգրացիան դարձել է ավելի քան 100 միլիոն կանանց կյանքի անբաժանելի մասը: Իրենց կյանքի տարբեր փուլերում այս կանանց մեծ մասը լքում են իրենց ծանոթ միջավայրը սովորելու, աշխատելու, ամուսնանալու, իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու կամ էլ վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:

«Շատ կանանց և աղջիկների համար միգրացիան հնարավորություն է ընձեռում իրենց ներուժը ցուցադրելու, իրենց իրավունքները հատատելու և կիրառելու համար: Սակայն կին միգրանտները ենթակա են բռնության ենթարկվելու վտանգի», ասում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)  գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը:

Կին միգրանտները հիմնականում աշխատում են ոչ ֆորմալ ոլորտում՝  հաճախ չկարգավորվող (չլիցենզավորվող) մասնագիտություններով, ինչպիսին են տնային աշխատանքը, գյուղատնտեսությունը կամ ծառայությունները, որն էլ նրանց դարձնում է խոցելի շահագործման և չարաշահման համար: Թրաֆիքինգի զոհերի մեծ մասը նույնպես կանայք և աղջիկներ են:

Բացի այդ, գնալով աճում է կանանց թիվը ամբողջ աշխարհում 27.5 միլիոն ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) քանակում:  Հետազոտությունը ցույց է տալիս, որ ճգնաժամի և հարկադրված տեղահանման իրավիճակներում ընտանիքի և սոցիալական միավորների քայքայման արդյունքում կանայք հայտնվում են ֆիզիկական և սեռական բռնության վտանգի առջև:

«Տղամարդիկ՝ որպես ընտանիքի անդամներ, կոլեգաներ, գործատուներ, հանրային հեղինակություններ կամ նույնիսկ օտարներ, կանանց դեմ բռնության համար հիմնական մեղավորներն են: Ուստի հատկապես կարևոր է կանանց նկատմամբ բռնության արդյունավետ կանխարգելման գործում ներգրավել տղամարդկանց՝ սկսած համայնքային մակարդակից», նշում է Սվինգը:

Մոլդովայում ՄՄԿ-ն ակտիվորեն աջակցել է ընտանեկան ագրեսորների խորհրդատվության և աջակցության Մոլդովայի առաջին կենտրոնի ստեղծման և գործարկման գործում, որը բացվել է անցած տարվա դեկտեմբերին:  Այն իր տեսակի մեջ առաջին հաստատությունն է, որը կանանց միգրացիայի բարձր մակարդակ ունեցող այդ երկրում տրամադրում է վերականգնողական ծառայություններ ընտանեկան բռնության ենթարկվածներին:  Ակնկալվում է, որ այն կնպաստի ընտանեկան և գենդերային հավասարության քաղաքականությանը:

Այլ երկրներում, օրինակ Վիետնամում, ՄՄԿ-ն աջակցում է տղամարդ միգրանտների ինքնաօգնության խմբերի ձևավորմանը՝ նպատակ ունենալով ավելացնել իրենց իրազեկվածության աստիճանը գենդերային անհավասարության և կանանց նկատմամբ բռնության հիմնահարցերի շուրջ: Այդ խմբերը խրախուսում են նրանց ընդունել և պաշտպանել տղամարդկայնության այլընտրանքային ոչ բռնի մոդելներ. մասնակիցների մեծ մասը շատ դրական է արձագանքում:

ՄՄԿ-ի ընթացիկ ծրագրերը ուղղված են օգնելու բռնության և թրաֆիքինգի ենթարկված զոհերին: Օրինակ, Տանզանիայում ՄՄԿ-ն իրականացնում է երիտասարդ աղջիկների և դեռահասների վերաինտեգրման ծրագիր, որի նպատակն է նվազեցնել նորից թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը՝ մասնագիատական վերապատրաստման և կյանքի հմտությունների ծրագրերի միջոցով, ինչի շնորհիվ նրանք դառնում են  ինքնաբավ և կարող են վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ:

«Զոհերին՝ իրենց իսկ վերականգնողական գործընթացը ղեկավարելուն աջակցելը նպաստում է հետագա շահագործումից խուսափելուն և օգնում է միգրանտ կանանց վերակառուցել իրենց կյանքը», ասում է Սվինգը՝ անդրադառնալով Էկվադորում ՄՄԿ-ի իրականացրած ծրագիրին, որի շրջանակներում հոգեբանական աջակցություն և ընտանեկան թերապիա է տրամադրվել բռնության, այդ թվում նաև՝ ընտանեկան բռնության, ենթարկված ավելի քան 1500 կին միգրանտների:

Չնայած միգրանտ կանանց նկատմամբ բռնության դեպքերը հաճախ չեն էլ  գրանցվում, ՄՄԿ-ն վստահ է, որ համայնքահեն կանխարգելման մեխանիզմների կարիքը կա՝ հավաստիանալու համար, որ միգրացիոն գործընթացը դառնում է ավելի անվտանգ թե՛  տղամարդկանց, թե՛ կանանց համար:

Դրանք կարող են իրականացվել տարբեր ձևերով: Օրինակ, Սոմալիում ՄՄԿ-ը նորարական գործընկերություն է հաստատել Panasonic ընկերության հետ, որի արդյունքում հազարավոր արևային լապտերներ են բաժանվել ՆՏԱ ճամբարներում՝ ապահովելու կանանց և աղջիկների անվտանգությունը մթության ժամանակ:  Այս համակարգերը և նմանատիպ ծրագրերը նշանակալիորեն նվազեցրել են գիշերները Պակիստանի ՆՏԱ ճամբարներումգենդերային բռնության դեպքերը:

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ՄՄԿ-ն աջակցում  է կառավարական օղակների կարողությունների զարգացմանը՝ ուղղված միգրանտ աշխատավորների՝ հատկապես կին տնային աշխատողների իրավունքների պաշտպանությանը:  Նման աջակցությունը նաև նպատակ ունի հզորացնելու կանանց՝ օգնելով նրանց ավելի լավ հասկանալ իրենց իրավունքները և իրենց կարգավիճակի բարելավմանն ուղղված գործնական քայլերը:

«Այսօրե, երբ նշում ենք Կանանց միջազգային օրը, ես հպարտ եմ միգրացիոն գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելուն ուղղված ՄՄԿ կոլեգաների ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ և բազմազան նախաձեռնությունների համար: Շնորհիվ այս նորարար, գերդերային կողմը հաշվի առնող մոտեցումների, միգրացիոն քաղաքականությունները և ծրագրերը կարող են դառնալ հզոր գործիքներ՝ զարգացնելու կանանց իրավունքներն ու պարտականությունները ի շահ բոլորի», եզրափակում է Սվինգը:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply