Մարդու իրավունքների վիճակը Դատախազության և Հատուկ քննչական ծառայության ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 7, 2013 12:04

Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. 

Դատախազություն

Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:

Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:

Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:

Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:

Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:

Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր­բա­կալ­ված­ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:

 Հատուկ  քննչական ծառայություն

Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:

Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:

Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:

Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:

 

    Արձանագրված դրական զարգացումները

Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը` ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:

Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:

Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում  ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply