Մեր կանայք միջինը գրեթե յոթ տարի ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ՝ 77.5 և 70.7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 0:18

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեծագույն սիրով շնորհավորում է կանանց և աղջիկներին մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ և մաղթում այնպիսի աշխարհ, որտեղ նրանց հսկայական ներուժն իր լիարժեք արտահայտությունը կստանա, որտեղ նրանք սիրված և փայփայված կլինեն տարվա բոլոր օրերին և որտեղ մայրությունն ապահով և անվտանգ կլինի:
Այս տարի՝ 2013 թ.-ին, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 8-ը ողջ աշխարհում նշվելու է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նշանաբանի ներքո:
Հայացք Հայաստանի կանանց.
Ավելի երկար են ապրում. Մեր կանայք միջինը գրեթե յոթ տարի ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ՝ 77.5 և 70.7:
Ավելի քիչ են ծնվում. Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ:
Գնալով ավելի ուշ են ամուսնանում. Հայաստանում կանայք ամուսնանում ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին նրանց ամուսնական միջին տարիքը 22.8 էր, ապա 2011-ին՝ 25: Ընդ որում, որքան կրթվում են, այնքան ուշ են ամուսնանում:
Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. եթե 1970-ականներին մեկ հայաստանցի կնոջը բաժին էր ընկնում միջինը երեք երեխա, ապա այժմ՝ ուղիղ կեսը կամ, այլ կերպ ասած, երկու կին են ունենում միջինը երեք երեխա: Բայց իդեալական համարում են մեկ կնոջ 2-3 երեխա ունենալը:
Անպտղություն. անպտղության ցուցանիշը Հայաստանի կանանց համար բարձր է՝ 16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց կնոջից մեկը չի կարողանում երեխա ունենալ:
Տունը՝ կանանց ուսերին. Մեր կանայք տնային տնտեսությանը և երեխաների խնամքին տրամադրում են մոտ 5 անգամ ավել ժամանակ, քան տղամարդիկ:
Կարդում են. գրադարանների ընթերցողների մոտ երկու երրորդը կանայք և աղջիկներն են:
Աղքատություն. մեր երկրի ամեն երրորդ կին (34.5 տոկոսը), աղքատ է:
Բռնություն. Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:

Կից Ձեզ ենք ներկայացնում նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԲՀ գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը 2013 թ. մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ (հայերեն և անգլերեն):

Եվ վերջապես, մարտի 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 19:00-ին, հրավիրում ենք Ձեզ դիտելու երկու հրաշալի ներկայացում (մուտքն ազատ է, տե՛ս կից պաստառները).

1. «Ծիածանի գործով աննախադեպ ինտերակտիվ դատավարություն»՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում (Վարդանանց 18)

2. «Ես կին եմ»՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում

Հարգանքով,

Մհեր Մանուկյան
Հաղորդակցության գծով օգնական
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply