«Մենք կորցրեցինք փակ շուկան». Ճարտարապետների միության նախագահ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 6, 2013 19:17

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն անդրադարձան Երևանի Փակ շուկայի խնդրին. «Մեկ տարի առաջ սկսվեցին Փակ շուկայի նկատմամբ ոտնձգությունները, որոնք մինչև հիմա շարունակվում են,-ասաց Մինասյանը,-մենք ոչ միայն բաց նամակ, այլև ուղղորդված նամակ ենք գրել երկրի նախագահին, համապատասխան կազմակերպություններին, բայց արդյունքում մենք կորցրեցինք շուկան»:

Նրա խոսքով` երբ արտասահմանյան իրենց գործընկեր ճարտարապետներն իմացել են շուկայի խնդիրների մասին, ուղղակի զարմացել են. «Ասացին` ո՞նց կարելի է այդպես բարբարոսաբար մոտենալ այդ շուկային, իսկ իշխանություններն այդքան անտարբեր լինեն»:

«Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն, ինչպես առանց նախագծի շինարարությունն իրականացնում էր, որն ի դեպ քրեորեն հետապնդելի է, այդպես էլ շարունակում է»,-նշեց Սաշուր Քալաշյանը:

Փոխարենը նա թվարկում է, թե ինչ ընթացակարգերով պետք է այդ ամենն իրականացվեր. «Պետք է լիներ նախագիծ, պետք է լիներ պայմանագիր` համապատասխան գումարային արտահայտությամբ, այդ գումարից ինչ որ մաս փոխանցվեր պետական բյուջե` հարկերի տեսքով: Այնուհետև, պետք է շինարարական կազակերպություն ներգրավվեր, որի գործունեությունը նույնպես  հարկվեր և այլն: Դե տեսեք, թե ինչպես փողերը չեն գնում պետական բյուջե և բոլորի աչքի առաջ, իսկ այդքան ահազանգից հետո ոչ ոք այդ ամենին չի արձագանքում»:

Դիտվել է 2294 անգամ:
Print Friendly

Leave a Reply