Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 7, 2010 12:18

Ձախից՝ Աբդու Դիուֆի, Էդվարդ Նալբանդյան
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին (Abdou Diouf):
Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել Ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, որն այս տարի համընկնում է ՖՄԿ 40-ամյա հոբելյանի հետ:
Կողմերը հանգամանալից զրուցել են Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի առավել սերտացմանն ուղղված քայլերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Երեւանի քաղաքապետարանի եւ համալսարանների արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների հետ:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:
Դիտվել է 2196 անգամ: