«Թող մեզ ների նախագահը, բայց էդպես է ստացվել…»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 6, 2013 18:58

«Եթե մենք սեփականատիրոջը վաճառելուց հետո չկորցնեինք Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, հիմա էլ` Փակ շուկան, այդքան չէինք անհանգստանա: Վստահության ռեսուրս այլևս չի մնացել,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Անհանգստության առարկան կրկին Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքն էր: «Նախորդ մեր բողոքն ավարտվեց նրանով, որ ուղղակի վաճառքը փոխարինեցին աճուրդով, որը սակայն, զուտ ձևական բնույթ է կրում»,-նկատում է Մկրտիչ Մինասյանը:

Հայտնի ճարտարապետ Սաշուր Քալաշյանին էլ պետական ատյաններին չվստահելու առիթ է տալիս այն, որ դեռևս երկու տարի առաջ շենքի վաճառքի վերաբերյալ խոսակցությունների ժամանակ, երբ իրենք դիմել են համապատասխան պետական մարմիններին պարզաբանում ստանալու, իրենց ասել են, որ օրակարգում նման հարց չկա:

«Այդպիսի գործարքները կատարվում են անգիտակցաբար,-նշում է ճարտարապետը,- իսկ օրենքի խախտումներն այս օբյեկտով չեն սկսվել, սա տարիներ շարունակ տևող գործընթաց է»:

Այնուամենայնիվ, ճարտարապետներին անհանգստացնում է ոչ թե շենքի վաճառքը, այլ նշանակությունն ու գործառույթները փոփոխելու հետևանքով շենքի պատմամշակութային արժեքը խաթարելը:

Քալաշյանը հիշեցնում է «Հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքը, որտեղ հստակ շարադրված է հուշարձանների հետ վարվելոււ իրավունքները, պարտականությունները, դասակարգումը և այլն. «Օրենքում ամրագրված է նաև մի կետ, որը մինչ օրս գրեթե չի կիրառվել. դա պահպանողական պարտավորագիրն է»:

Ըստ օրենքի` ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանողական պարտավորագիր, որը պետք է հաստատվի պետական լիազոր մարմնի կողմից: Տվյալ դեպքում դա Մշակույթի նախարարության հուշարձանների պահմանության գործակալությունն է: Այդ պայմանագիրը կնքված չէ նաև ԱԳՆ շենքի դեպքում:

Ինչո՞ւ է գործարքն իրականանում օրենքի կոպիտ խախտուներով: «Այս շենքի տերը Կառավարության գույքի գործակալությունն է, որը պարտավոր էր իր սեփականության տակ գտնվող բոլոր հուշարձանների վերաբերյալ կազմել պետական պարտավորագիր Հուշարձանների պահպանության վարչության հետ: Բայց եթե լիներ նման պարտավորագիր, պարզ կլիներ, որ շենքը հնարավոր չէ դարձնել հյուրանոց»,-բացատրում է նա:

Բացի այդ, ցանկացած օտարման դեպքում նախապես պետք է առկա լինի լիազոր մարմնի եզրակացություն` ում է օտարվում և ինչ պայմաններով: «Տվյալ պարագայում ֆունկցիայի փոփոխումն` առանց լիազոր մարմնի եզրակացության, չէր կարելի հայտարարել: Մինչդեռ այն առ այսօր քննարկման չի ներկայացվել լիազոր մարմին»:

Քալաշյանը համոզված է, որ եթե հարցն այնտեղ քննարկվեր, բացասական պատասխան էր լինելու: «Ցանկացած հուշարձան ունի օգտագործման սահմանափակումներ: Եթե դա նախատեսված է վարչական նշանակության շենքի օգտագործման համար, ապա այն հյուրանոց դարձնել պարզապե հնարավոր չէ»,-ասում է նա:

«Ինչի՞ համար են այդ բոլոր օրենքները ստեղծվում, հաստատվում Ազգային ժողովում, եթե հետո պետք չեն գալու: Է չունենանք էդ օրենքները, ունենանք մեկ-երկու մարդու ցանկություն և վերջացնենք էս հարցերը»,-զարմանում է Մկրտիչ Մինասյանը` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Հանրապետության հրապարակը մեր պետության դիմագիծն է, իսկ Արտգործնախարարության շենքը հանրապետության հրապարակի կառուցապատման համալիրի մի մասը, որի փոփոխման դեպքում նսեմանում է համալիրի պատմական արժեքը:

Կառավարության փաստարկները, թե դա շահավետ գործարք է կամ էլ շենքն այս պահին իր նպատակին չի ծառայում, համոզիչ չեն ճարտարապետների համար. «Պետությունը միայն ֆինանսական գործարքների համար չի ստեղծված, որ էդ դարդը քաշի, բա մշակութային հարցերն ո՞վ պետք է լուծի»:

Այս ամենն, ըստ բանախոսների, պետական բարձիթողի վիճակի հետևանք է:

«Այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր քաղաքից հանվեն իր պատմության էջերը»-ասում է Մկրտիչ Մինասյանն ու բացատրում, թե ինչու օրեր առաջ որոշեց բաց նամակ հղել Հանրապետության նախագահին` կոչ անելով չեղյալ համարել այս գործարքը. «Ուրիշ ճար չկա, ստիպված: Թող մեզ ների նախագահը, որ ամեն ինչ իրեն ենք ուղղում, բայց ինչ անենք, որ էդպես է ստացվել…»:

Դիտվել է 1699 անգամ:
Print Friendly

Leave a Reply