Հայ լուսանկարիչ Արա Գյուլերը ստացել է պատվավոր դոկտորի կոչում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2013 17:50
Թուրքիայի Միմար Սինան գեղարվեստի համալասարանը ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը, Միմար Սինան գեղարվեստի համալսարանի սենատի անդամները Ստամբուլի Թոփհանեի մշակույթի և արվեստի կենտրոնում Արա Գյուլերի մեծարման միջոցառում էին կազմակերպել, որի ժամանակ նրան հանձնվել է պատվավոր դոկտորի կոչում։
Միջոցառման ժամանակ Արա Գյուլերը նշել է, թե երջանիկ է, որ իր հանդեպ նման հետաքրքրություն կա՝ շեշտելով, որ 60 տարի զբաղվել է լրագրությամբ։ « Հիմա կմտածեն`ինչու են իմ նկատմամբ նման հետաքրքրություն ցուցաբերել: Նշանակում է, որ ինչ-որ մի բան արել եմ: Հիմա մտածում եմ, որ ֆոտոթղթակիցները, վավերագրական ֆիլմեր ստեղծողները մարդկության պատմության տեսողական մի մասն են կերտում։ Այդ ամենն անելը դառնում է պատմագրություն, այսինքն՝ աշխարհում տեղի ունեցածը նույնությամբ թողնում ես պատմությանը»,-ասել է Արա Գյուլերը։
“Դարի լավագույն լուսանկարիչ” ճանաչված Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928 թ.-ին Ստամբուլում։ 1950 թ.-ին սկսել է լրագրողական գործունեությունը “Yeni İstanbul” պարբերականում։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ:






Facebook
Tweet This
Email This Post
