ԿԸՀ-ն ընտրեց Երևանի ավագանու ընտրությունների դրոշմակնիքի ձևը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2013 15:59

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ի նիստում միաձայն ընտրեց Երևանի ավագանու 2013թ.-ի մայիսի 5-ի ընտրություններին օգտագործվող դրոշմակնիքի ձևը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրվեց 2011թ.-ի օգոստոսի 11-ի թիվ 58 Ն որոշմամբ հաստատված թիվ 5 դրոշմակնիքի ձևը:

Երևանի ավագանու ընտրությունների համար Ազգային ժողովի խմբակցություններից հինգն աուդիտորներ են նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում: «Բարգավաճ Հայաստան»-ի աուդիտորը ծառայությունում կլնի Քրիստինե Առուստամյանը, «Ժառանգություն» խմբակցությանը` Լեւոն Ղոնյանը, ՀՅԴ-ից` Արտակ Նահապետյանը, «Օրինաց երկիր»-ից` Կարեն Խաչատրյանը, ՀՀԿ-ից` Արամ Շաքարյանը: Աուդիտորի տվյալներ չի ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը:

Մարտի 2-ին սահմանավել են նաև նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցական դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստա և ռադիոընկերությունների վճարովի եթերաժամ տրամադրելու մեկ րոպեի գինը: Տասնհինգ հեռուստա և ռադիոընկերություններից միայն չորս են ռադիոընկերություն: Ամենաբարձր սակագինն է սահմանել «Շանթ»-ը` 120 հազար դրամ մեկ րոպե եթերի համար, այնուհետեւ «Արմենիա» հեռուստաընկերությունը` 110 հազար դրամ: Հանրային հեռուստաընկերությունը սահմանել է 80 հազար դրամ, Հայկական երկրորդ հեռուստաալիքը՝ 60 հազար դրամ, «Արմնյուզը» մեկ րոպե վճարովի եթերի համար սահմանել է 18 հազար դրամ:

Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-21-ը: Ավագանու ընտրությունների ընտրագրավը կկազմի երեք միլիոն դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին, որոնց ցուցակը կգլխավորի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մասնակցության որոշում է կայացրել նաև ՀՀԿ-ն և հայտարարել, որ իրենց ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդարանական կուսակցություններից ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը մասնակցելու հարցը դեռ չեն քննարկել: ԲՀԿ-ն մոտ օրերս քաղխորհրդի նիստ կգումարի մասնակցության ձևաչափը որոշելու համար:

 

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply