Ֆիլմի դիտում կանանց գաղութում. կորցրած դեմքով մարդն արտացոլում է դատապարտյալների կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 7, 2010 10:34

Աբովյան քրեակատարողական հիմնարկ

-Տպավորություն էր, որ մարդը կորցրել է իր դեմքը և փորձում է գտնել այն: Նա ուզում է հասկանալ, թե ինչու է հայտնվել այդ վիճակում:

Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Քրիստինե Առաքելյանը «Անկախի» թղթակցին պատմում է դիտած ֆիլմի մասին իր տպավորությունները:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կանացի տոնի միամսյակի կապակցությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպել էր կինոդիտում: Այս քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժն են կրում կանայք և անչափահասները:

35 -ամյա Քրիստինե Առաքելյանը Թեհրանից թմրանյութ տեղափոխելու համար 2006թ. դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման:
Նա ասում է, որ ցանկանում է իրենց կտրված չպահեն հասարակությունից: «Դա կապ չունի, որ մենք էստեղ ենք,- ասում է նա,- մենք էլ էդ հասարակության մի մասնիկն ենք»:

Դատապարտյալն ասում է, որ իրենց դուր չի գալիս քրեակատարողական հիմնարկ այցելած մարդկանց վերաբերմունքն իրենց նկատմամբ: «Մարդիկ կան, որ գալիս մտնում են ու զարմանում, որ ստեղ կինը կարող ա շպարված կամ գեղեցիկ լինի,- ասում է Քրիստինեն,- բայց դա ստեղ լինել-չլինելու հետ կապ չունի, դա քո զգացողության հարցն է, որը օրեցօր մաշվում ա, ու դու կյանքի գնով էլ պահում ես»:

Ցուցադրվում էր կինոռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը` նկարհանված Պերճ Զեյթունցյանի համանուն սետղծագործության վրա: Այն դեռևս լայն հանրությունը չի դիտել, և անդրանիկ ցուցադրությունը, կարելի էր ասել, որ սա է: Ֆիլմն ընդգրկված է հունիսի 2-10-ը Չեխիայի Կարլովի Վարիի միջազգային փառատոնի մրցույթային ծրագրում:

Ինչո՞ւ հատկապես սա: Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասում է, որ դատապարտյալների համար սա առիթ է մտորելու և նայելու իրենց ներքին հայելուն:

Ֆիլմի գլխավոր դերակատար Ժան Պիեռ Նշանյանը մեր հետ չէր, սակայն դատապարտյալներին այցելության էր եկել մյուս գլխավոր դերակատար Ռաֆայել Քոթանջյանը:

Քրիստինե Առաքելյան. «Դա կապ չունի, որ մենք էստեղ ենք. մենք էլ էս հասարակության մի մասնիկն ենք

«Ֆիլմն այն մասին է, որ մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ զգում ես, որ շեղվել ես այն ուղուց, որի համար որ ստեղծված ես,- ասաց Ռաֆայել Քոթանջյանը,- և երբեմն պետք է հենց նայել հայելուն, որպեսզի տեսնես քո արտացոլումը, այն արտացոլումը, որն իրականում քոնը չէր, բայց դարձել էր քոնը»:

Քրիստինեն պատմում է, որ գնացել էր Թեհրան առևտուր անելու և տան հոգսերը հոգալու համար: Վերջին պահին նրան տալիս են Հայաստան բերելու 155 գրամ օփիում, որը նա կուլ է տալիս: «Ես գիտեի, թե ինչ եմ անում, բայց վերջին պահին եմ իմացել,- պատմում է նա,- ես, իհարկե, զղջում եմ կատարվածի համար, իսկ ամենաշատը ինձ եմ քարկոծում, որ մարդկանց հավատալով իմ կյանքի վրա նենց սև գիշ քաշեցի, որ կյանքս քանդվեց»:

Քրիստինեն աշխույժ և գեղեցկադեմ երիտասարդ կին է: Նա շպարված է և խնամված արտաքին ունի: Ունի երկու երեխա. «Մարդս գնացել ա Ռուսաստան ու մոռացել ա հետ գա»: Նա ասում է, որ իր կանացիությունն ու մայրությունը պատերի ներքո մարվում է:

«Ես առաջին անգամն եմ նստում, հենց պատժաժամկետի կրճատման մասին ես խոսում` ասում են բան չմնաց. 4 տարի,- ասում է Քրիստինեն,- բերանո՞վ ես ասում 4 տարի: Բայց էս պատերի մեջ էլ, մոմի լույսի պես ես դողում եմ իմ կանացիության ու գեղեցկության վրա»:

Քրիստինեի պատմությունը լիքն է բազմաթիվ երկար ու ձիգ մանրամասներով, նա միայն պատմեց, որ իրեն բռնելուց հետո 12 ժամ զոնդով վիրահատություն է տարել` ստամոքսից այն հանելու համար:

Իսկ Աննա Ղազարյանը դատապարտվել է անշարժ գույքի խարդախության համար: Նա նույնպես գեղեցիկ կին է. կանաչ աչքերով, խարտյաշ մազերով ու սպիտակ մաշկով: «Ես իմացել եմ ինչ եմ անում,- արցունքն աչքերին պատմում է նա,- ուղղակի եղբորս վիրահատության համար գումար էր պետք: Ես երկու երեխա ունեմ, իսկ 77 տարեկան ծեր մայրս գալիս է ինձ տեսնելու ու իր թոշակը իմ վրա է ծախսում, մինչդեռ ես պիտի նրան խնամեի»:

Դատապարտյալները կանանց տոնի առթիվ սպասելիք միակ նվեր համարում էին պատժաժամկետների կրճատումը. «Բոլոր պատժաժամկետների համար էլ կա նախատեսված կրճատում մեկ երրորդով կամ երկու երրորդով: Բայց հանձնաժողով կա, որ պիտի հաստատի էդ կրճատումներն ու չի հաստատում»:

Աննան ասում է, որ իրեն լիարժեք մարդ չի զգում այստեղ, իսկ երեխաների կարոտը խեղդում է իրեն. «եթե իր երեխաներս հետս չեն, իմ համար ոչ մի տոն էլ չկա»:

Լրագրողների այցելությունը շատ դատապարտյալների համար առիթ էր, որպեսզի պատմեն իրենց կյանքի պատմություններն ու այն խութերը, որոնց հանդիպում է ցանկացած մարդ իր կյանքում:

25 ամյա Անի Ստեփանյանն այստեղ է սպանության հոդվածով: Նա զայրույթի պահին բենզին է լցրել նշանած տղայի վրա, իսկ վերջինս էլ վառել է կրակվառիչը և այրվել, որից 9 օր հետո մահացել է:

«Ինքը էդ ապրելու 9 օրերի ընթացքում էլ ցուցմունք ա տվել, որ ժաժիգալկեն ինքն ա վառել,- պատմում է Անին,- բայց օգուտ չունի. ինձ տվեցին 104 հոդվածով. առանձնապես դաժանությամբ սպանություն»:

Ռաֆայել Քոթանջյան

Նա պատմում է, որ նշանածի ու նրա քրոջ հետ` կենցաղային հողի վրա վիճելուց հետո, նշանածի խորհրդով որոշել է ինչ-որ ժամանակով գնալ Թիֆլիս` մոր մոտ, որպեսզի կրքերը հանդարտվի, ու վերջին պահին որոշում է գնալ նրա հետ ինչ-ինչ հարցեր պարզելու: «Ինքը մի տեղ դիզայներ-ռեմոնտչիկ էր աշխատում ու սենյակում լիքը տղա կար, իրանք իմ ոտի ձեները չլսեցին,- պատմում է Անին,- ես էլ լսեցի, որ տղերքին ասում ա. ի՞նչ սեր, ինչ բան. հույս, հավատ կայֆաֆատ, սերը սուտ ա, մերը ….տիրու մերը»:

Անին ասում է, որ դրան հաջորդած վիճաբանության ժամանակ նշանածի երեսին շփել է այն, ինչ ձեռքն է ընկել. «եթե ջուր լիներ` ջուր կշփեի, բենզին էր դրած անկյունում` էդ ձեռս ընկավ»:

Անին համաձայն չէ իր համար սահմանված պատժի և հոդվածի հետ: Նա ասում է, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն ասում է, որ եթե լսելու լինեն դատապարտյալներին, ապա կստացվի, որ նրանցից 90 տոկոսը իր պատիժը կրում է անմեղ. «իսկ գործերն ուսումնասիրելիս բոլորովին այլ պատկեր է ստացվում»:

Դատապարտյալները գոհ են քրեակատարողական հիմնարկի կարգ ու կանոնից: «Ստեղ դեմբելի, հին ու նորի դրվածք գոյություն չունի»,- ասում է Քրիստինեն:

Իսկ Անին պատմում է, որ հիմնարկում ընդունված է դատապարտյալին ենթարկել այնպիսի փորձությունների, որպեսզի պարզվի ունակ է արդյո՞ք նա կատարելու այն, ինչը հիմք է հանդիսացել իր հոդվածի համար: «Էդ ոչ բոլորն են անում ու անում են բոլորից թաքուն ու այնպես, որ վկաներ չլինեն,- ասում է Անին,- ուղղակի այստեղ հսկիչներն ու աշխատողները շատ աչալուրջ են, եթե մի փոքր հսկողությունը թուլանա. ինձ ստեղ կուտեն»:

Դահլիճը դիտման համար ցուրտ էր, իսկ ֆիլմը շատ դատապարտյալների դուր չեկավ: Նրանցից շատերը կեսից դուրս եկան: «Էս ի՞նչ են բերել ցույց տալու, էլ ուրիշ բան չկա՞ր բերեին»,- լսվում էր այս ու այն կողմից` բաց ու էրոտիկ տեսարանների ցուցադրության ժամանակ:

Սակայն նրանցից մի մասին էլ այն դուր եկավ, և նրանք շարունակեցին դիտել ֆիլմը: Ուկրաինացու և հայի խառնուրդ Լինային այն դուր եկավ գոնե նրանով, որ իրենց միապաղաղ կյանքում այս իրադարձությունը որոշակի աշխուժություն էր մտցրել:

Ազգային կինոկենտրոնը վարդեր էր բերել կանանց համար, և ֆիլմի ավարտից հետո նրանցից յուրաքանչյուրին բաժանվեց մեկական վարդ:

Դիտվել է 3723 անգամ:
Print Friendly

Leave a Reply