Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում փոխվարչապետը ծանոթացավ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 5, 2013 17:13

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում փոխվարչապետը ծանոթացավ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ծանոթացավ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին, որոնք իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

Փոխվարչապետը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ու “Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Արզնի- Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացավ աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ` “Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի” լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրանցքի 8 կմ-անոց հատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ապրիլին: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման հիմնական շրջանում ջրանցքը լիարժեք հնարավոր լինի օգտագործել:

Այնուհետեւ “Եղվարդ” ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ) ոլորտի պատասխանատուների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի, տարածշրջանի մյուս ՋՕԸ-ի տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված խնդիրներ չառաջանան, եւ ՋՕԸ-երը պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել:

Կոտայքից փոխվարչապետը մեկնեց Գեղարքունիք, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ
Մարտունի քաղաքում այցելեց կեղտաջրերի մաքրման նորակառույց կայան, ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ կայանի հզորություններին: Մարտունու կայանը շահագործման է հանձնվել տարեսկզբից: “Սեւանա լճի բնապահպանական ծրագրի” շրջանակում նման կայաններ են կառուցվել նաեւ Գավառ եւ Վարդենիս քաղաքներում`լճի ավազանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով: Կայաններն ամբողջ հզորությամբ կգործարկվեն այս տարվա ապրիլին: Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչեւ 19000 խմ, իսկ Մարտունի եւ Վարդենիս քաղաքների համար`մինչեւ 9500 խմ: Կայանների կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքներում կառուցվել են նաեւ կոյուղագծեր` ընդհանուր առմամբ 52 կմ երկարությամբ:

Գավառում եւս փոխվարչապետը ծանոթացավ կառուցված կայանի հնարավորություններին, որից հետո մարզպետի, «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարի, ինչպես նաեւ Գավառի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեց ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրերի ընթացքը: Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց իրականացվող աշխատանքների եւ 2013թ. ակնկալվող արդյունքների մասին: Փոխվարչապետը կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը` ծրագրերի հաջող իրականացման եւ ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման առումով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply